Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում վերջապես լսվեց Բրյուսովի անվան օտար լե

Ապրիլ 27,2001 00:00

Կաշառքի համար Երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում վերջապես լսվեց Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի գերմաներենի դասախոս Սարգիս Շահմուրադյանի քրգործի վերաբերյալ մեղադրական եւ պաշտպանական ճառերը։ Հիշեցնենք, որ Ս. Շահմուրադյանը մեղադրվում էր 2000թ. ընդունելության քննության ժամանակ 10 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ։ Մեղադրող Իրինա Կազարեւայի մեղադրանքը Ս. Շահմուրադյանին եղավ միայն այն, որ նրան գումար վերցնելու եւ իր սեւ պայուսակի մեջ դնելու պահին տեսել են «որոշ մարդիկ»։ Սակայն ակնհայտ է մի փաստ, որ ականատես վկաների ցուցմունքները, նշված ժամերի վերաբերյալ, չեն համընկնում։ «Ժամերի տարբերությունը ցույց տվեց, որ նրանք Ս. Շահմուրադյանի հետ պայմանավորված չեն եղել եւ այդ կարեւոր հանգամանքի վրա մեղադրողն ուշադրություն չի դարձրել»,- ասաց ամբաստանյալ դասախոսի պաշտպան Ռուզաննա Տեր-Վարդանյանը։ Վերջինիս կարծիքով, տարօրինակ է հատկապես այն, որ Ս. Շահմուրադյանի քննիչ Հ. Ղարախանյանի կողմից ձերբակալության արձանագրություն կայացնելու իսկ պահին՝ ժամը 14։00-ին, խուզարկություն է կատարվել Ս. Շահմուրադյանի տանը։ «Մի՞թե կարելի է նման բան թույլ տալ։ Բավական չէ ժամանակագրական փաստերի խախտումը, դեռ մի բան էլ կատարում են խուզարկություն, դա անվանելով փաստաթղթերի զննում»։ Մեղադրողը ամբաստանյալին վերագրված հանցանքը համարեց ճիշտ եւ մեղավոր ճանաչեց նրան քրօրի 185 հոդվածի 3-րդ կետով։ Նա միջնորդեց ազատազրկել Ս. Շահմուրադյանին 9 տարի։ Ընդմիջման ժամանակ Ս. Շահմուրադյանի գործընկերներից՝ դասախոսներից մեկը, որն այդ ընդունելության քննության հանձնաժողովի անդամներից մեկն էր՝ չցանկանալով ներկայանալ՝ ասաց. «Բոլորս էլ համոզված ենք նրա անմեղության մեջ։ Դատարանը, թվում է, որ կողմնապահ վերաբերմունք ունի մեղադրող կողմի հանդեպ եւ չի ուզում տեսնել այն փաստը, որոնք հակասում են այդ մեղադրանքին։ Մեզ թվում է, որ միտում կա դրա հետեւում։ Փաստաբանի այսօրվա ելույթը մեզ գոհացրեց։ Փաստորեն ոչ մի հիմք չկա մեղադրելու Ս. Շահմուրադյանին։ Նրան ճանաչելով կարող ենք ասել, որ Սարգիսը նման հանցավոր արարք անելու ընդունակ չէ։ Մեր ցանկությունն է՝ դատարանի դահլիճից ազատ արձակել նրան»։ Ամբաստանյալին տրվեց վերջին խոսքի իրավունք։ Նա ասաց. «Ես միանում եմ իմ պաշտպանին եւ պնդում, որ անմեղ եմ։ Խնդրում եմ ինձ արդարացնել։ Այստեղ ուզում եմ հիշատակել Սենեկայի խոսքերը՝ «անմեղին դատապարտելը դատավորի դատապարտությունն է»։ Վերջինս հիշատակեց նաեւ մեկ այլ իմաստունի խոսքեր. «Չարիքը բխում է ոչ թե վատ արդարադատությունից, այլ նրա սխալ կիրառումից, վատ մեկնաբանությունից եւ վատ դատավորից»։ Ըստ փաստաբան Ռ. Տեր-Վարդանյանի, երկու օր շարունակ խոսել է Հրաչ Սուքիասյանի հետ եւ նրա յուրաքանչյուր բառը հակասել է նախաքննական մարմնին տված ցուցմունքներին, գործով ձեռք բերված ապացույցներին։ Փաստաբանի կարծիքով, այս ամենը գերմաներենի ամբիոնի նախկին վարիչ Կարինե Աթոյանի ձեռքի գործն է, որն իրեն մեղավոր ճանաչելով՝ փախել է Հայաստանից։ «Հայաստանը պետք է հպարտ լինի, որ ունի այսպիսի դասախոս, որը չի ցանկանում կաշառք վերցնելով անգրագետ երեխա ընդունել։ Իմ պաշտպանյալը դատվում է կաշառք չվերցնելու համար»,- ասաց Ռ. Տեր-Վարդանյանը։ Սարգիս Շահմուրադյանի գործը երեկ ուղարկվեց լրացուցիչ նախաքննության: Ամենայն հավանականությամբ, այն կքննի մեկ այլ դատավոր: ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել