Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Ապրիլ 27,2001 00:00

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴՈՒՌՆ ԵՆ ԳՆՈՒՄ Երեկ Ազատության հրապարակից հաշմանդամ ազատամարտիկները նախատեսել էին սայլակներով գնալ Էջմիածնի Մայր տաճար, Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնելու 7000 ստորագրություններով նամակը, որում խոսվում է իրենց սոցիալ-քաղաքացիական իրավունքների մասին։ Սակայն սայլակներով նրանք չներկայացան, հաշվի առնելով հասարակական տրամադրությունների առանց այն էլ սրված վիճակը։ Փոխարենը «ընտրվել» էր 10 ազատամարտիկ, որոնք էլ մինչեւ ակցիան սկսելը ահա ինչպես պատճառաբանեցին իրենց այդ քայլը։ Սամվել Ավագյան (Հադրութի շրջանի մարտական գործողությունների մասնակից)- Մեր այս ակցիայի նպատակն է պաշտպանել արդարությունը՝ կապված ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի արդարացման հետ։ – Դուք հետեւե՞լ եք Ս. Բաբայանի դատավարությանը։ – Թույլ տվեք այդ հարցին հիմա չպատասխանել։ Գագիկ Գինոսյան (մահապարտ, «Արիության համար մեդալի «Արծիվ-մահապարտ» ասպետ)- Կարիք չկար, որ մարդկանց, որոնց անունը կապվում էր Արցախի հաղթանակի հետ, տվյալ պահին վարկաբեկեին, առավել եւս, երբ բանակցություններն այնպիսի փուլում են գտնվում, որ հարցականի տակ է, թե ինչ կկատարվի ԼՂՀ-ի հետ կապված։ Չի կարելի Ազգային հերոսին վարկաբեկել։ Նման ակցիաները նրա համար են, որ ժողովրդի մեջ ընկճվածություն չլինի, որպեսզի ճիշտ գնահատվեն մարդկանց կատարած գործողությունները, ճշտվի՝ ովքեր են հաղթանակում մեծ լումա ունեցողները եւ ովքեր, որ բանակցություններում փորձում են կասկածելի հաղթանակներ գրանցել՝ գաղտնի պահելով բանակցային ընթացքը… – Հետեւե՞լ եք Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրգործի դատաքննությանը։ – Ամեն դեպքում ես չեմ կարող ասել ճշմարտությունը ո՞րն է, որովհետեւ դատախազ չեմ, բայց միտումն ակնհայտ է, որ ամեն ինչ նրա նկատմամբ մտածված է արվել։ Ջուլիետա Գյունաշյան (ազատամարտի վետերան)- Ակցիայի նպատակն է պաշտպանել ազատամարտի վետերաններին, սերունդը տեսնի, որ մեզ հաշվի են առել եւ ոչ թե կասկածի, թե ոչինչ չենք արել։ Եթե Ազգային հերոսի՝ Բաբայան Սամվելի իրավունքները ոտնահարվեցին, մեր իրավունքներն այսօր կոտնահարեն, ինչպես որ անում են։ Մեր գործը խունտայի հետ է, որը մեթոդաբար, սկսած թոշակավորումից մինչեւ աշխատանքի հարց, անտեսվում է, հաշվի չի առնվում եւ ոչ մի բարոյական նորմ։ Կաթողիկոսին հիշեցնեմ. ինքն այդ գահին իմ պաշտպանության շնորհիվ է նստել։ Եվ հերթն իրենն է. թող մեզ պաշտպանի։ Նամակի բովանդակությունն այս էր. «Մեր նվիրյալների կողքին իր արժանի տեղն ունի հայ ժողովրդի հերոս Սամվել Բաբայանը։ Ցավոք, այլ կերպ դասավորվեց արցախյան պատերազմի առավել աչքի ընկած այս հայ քաջորդու ճակատագիրը։ Գեներալի ուսադիրներով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը, բանակի գլխավոր հրամանատարը պսակազերծված, նվաստացած է այսօր»։ Դիմելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նամակի հեղինակները գրում են. «Դիմելով Ձերդ վսեմությանը, հատկապես այս օրերին, երբ լրացել է քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, հայցում ենք Ձեր միջամտությունը՝ վերանայելու անարդար դատավճիռը եւ բանտից շուտափույթ ազատ արձակելու Ազգային հերոս Սամվել Բաբայանին։ Հերոս, որի անունը կարճ ժամանակաշրջանում դարձավ լեգենդ ու մարտնչող Արցախի խորհրդանիշ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել