– ԱԼՈ, «ԱՐՄԵՆՏԵ՞Լ»։ – ՏՈՒ-ՏՈՒ-ՏՈՒ… Մեր հեռախոսներին կարծես թե համաճարակ է սպառնում։ Երբ «ԱրմենՏելն» իր «ձեռքն առավ» ՀՀ բոլոր հեռախոսները, խոստացավ համարյա հեքիաթային կապ ապահովել իր բաժանորդների համար։ Թվային համակարգին անցնելը պատճառաբանվեց է՛լ ավելի հեքիաթային կապ ապահովելու մտադրությամբ։ «ԱրմենՏելն» իր նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման մեջ թերացողներին անխնա պատժում է, փոխարենը չի մտահոգվում սեփական խոստումների կատարմամբ։ Գրեթե մեկ ամիս է, որ իրենց հեռախոսային կապից դժգոհում են թվայնացված որոշ հեռախոսակայաններից օգտվող բաժանորդներ։ Հերիք չէ, որ արդեն քանի ամիս է՝ հեռախոսի ընկալուչը վերցնելով կարելի է պասիվ կամ ակտիվ մասնակիցը դառնալ ուրիշների խոսակցության կամ ունկնդրել ռադիոհաղորդումներ, այժմ օրվա որոշակի ժամերի հեռախոսը պարզապես լռում է։ 44 համարով սկսվող հեռախոսների «լռության րոպեն» ամեն օր սահմանված է երեկոյան 20։30-11։30 (կես ժամ՝ այս կողմ այն կողմ)։ Այդ ընթացքում բաժանորդը կարող է ինքը զանգել, եթե ապարատը երկար ցնցել-թափահարելուց հետո ընկալուչի մեջ լսի վերջինիս սարքին լինելը հավաստող ազդանշանը։ Խոսակցությունից հետո նույն ջանքերն են պահանջվում՝ ապարատն անջատելու համար։ Իսկ այդ մի քանի ժամվա մեջ դրսից զանգողները կարծում են, որ իրենց ծանոթները կամ անուղղելի շատախոսներ են, կամ ժլատներ եւ վարձ չվճարելու պատճառով զրկվել են կապի այդ տեսակից։ Քաղաքացիների բազմաթիվ բողոքներին հեռախոսակայաններից պատասխանում են, որ պետք է զբաղվեն այդ հարցով եւ անպայման պարզեն պատճառը։ Ընդ որում, հավաստիացնում են, որ գրեթե անհնար է հարեւանների կողմից այդ բաժանորդներից հեռախոսագիծ «վենա մտնելը»։ Մեր բոլոր փորձերը՝ պարզելու, թե ում կարող է ձեռնտու լինել դա եւ ինչպես, հաջողությամբ չավարտվեցին։ Ուրիշ հարց, եթե արդեն գործեր րոպեավճարը։ Կամ միգուցե այս կերպ դրա՞ համար է հող նախապատրաստվում։ Վերը նկարագրված «օյինները» միանգամայն «արդարացված» են բջջային հեռախոսների դեպքում, չէ որ այստեղ րոպեավճար է գործում։ Բաժանորդը որեւէ մեկին զանգել եւ, ասենք, մեկ րոպեի չափ խոսելուց հետո երկար ժամանակ չի հաջողացնում ընդհատել կապը։ Մի քանի րոպեից կապն ինքնիրեն անջատվում է եւ ապարատի լուսատախտակին հայտնվում է «խոսակցության տեւողությունը՝ 3 րոպե» հիշեցումը։ Բջջայինների բաժանորդները հաճախ զանգեր են ստանում անհայտ համարներից եւ մինչեւ պարզում են թյուրիմացությունը, հասկանալի է, «հաշվիչը գցում է»։ Ժողովրդական բանահյուսությունն ասում է, որ համապատասխան տեղերում համակարգչային ծրագրեր են ներդրված, որոնք էլ ապահովում են այդ անմեղ միացումները։ Իսկ արդյունքում կարող են ստացվել ամենեւին «ոչ անմեղ» գումարներ։ «ԱրմենՏելից» այս ամենի կապակցությամբ պարզաբանում ստանալու համար դիմեցինք վերջինիս հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Չութիլյանին։ Նա պահանջեց հարցերի գրավոր ձեւակերպում։ «Միայն այդ դեպքում կներկայացնենք մեր պաշտոնական պատասխանը»,- ասաց Հ. Չունթիլյանը։ Այն փաստարկը, որ հասարակ տեղեկություններ լրագրողին կարելի է տրամադրել առանց ավելորդ քաշքշուկների, տիկին Չութիլյանի համար համոզիչ չէր. «Մեր ներքին օրենքներով ենք աշխատում»։ Պետք էլ չէր զարմանալ, որ այս հարցում եւս «ԱրմենՏելը» թքած ունի Հայաստանի ներքին օրենքների վրա։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ