ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «Իշխանությունների կամայականության հերթական դրսեւորումը դարձավ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, առողջապահության փոխնախարար Արտակ Զեյնալյանի պաշտոնանկությունը։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրում է. 1. Չունենալով հաջողություններ արտաքին եւ ներքին քաղաքականության ասպարեզում, կորցնելով հասարակության վստահությունը՝ իշխանությունները օգտագործում են պետական կառույցները եւ վարչական լծակները քաղաքական հետապնդումներ իրականացնելու եւ իրավիճակի վերահսկելիության պատրանք ստեղծելու նպատակով։ Նման վարքագիծը արժեզրկում է պետականության գաղափարը, 2. Իրեն «Միասնություն» դաշինքի ծրագրերի իրագործող համարող գործադիր իշխանությունը որդեգրել է պետական կառավարման մարմիններից Վ. Սարգսյանի զինակիցներին ու գաղափարական հետեւորդներին հեռացնելու նպատակային քաղաքականություն։ Սա, ըստ էության, նշանակում է 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների փաստացի վերանայում եւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության հետեւանքների խորացում, 3. Իրականացվող քաղաքական հետապնդումներով իշխանությունները վտանգում են երկրի ներքին կայունությունը։ Հետեւաբար առաջնահերթ խնդիր ենք համարում Հայաստանի կայուն ու ներդաշնակ զարգացումը երաշխավորող ուժեղ եւ վստահելի իշխանության ձեւավորումը։ Փաստելով մեր հավատարմությունը ժողովրդավարության արժեքներին՝ հայտարարում ենք, որ դատապարտում եւ մերժում ենք իշխանությունների՝ քաղաքական հետապնդումներ սանձազերծելու եւ հասարակությանը ահաբեկելու քաղաքականությունը»։