Չհաջողվեց «ոգեկոչվել» ԲԷՑ-երի վաճառքի դեմ պայքար սկսած մի շարք հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ երեկ դարձյալ հանրահավաք էին նախաձեռնել Ազատության հրապարակում։ Նախորդ օրը տարածած հայտարարության մեջ նշված էր, թե հանրահավաքը ցանցերի վաճառքի մրցույթը տապալած ժողովրդին «ոգեկոչելու եւ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու» նպատակ ունի։ Այդ, միանգամայն, ազնիվ նպատակի ի կատար ածումը, երեկ, ցավոք, տապալվեց։ Սնահավատների համար դա, թերեւս, վատ նշան է։ Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, թե դեռ երկուշաբթի իրենք պատշաճ կարգով դիմել են քաղաքապետարան՝ հանրահավաքն արտոնելու համար, բայց երեկ քաղաքապետարանը տեղյակ է պահել, թե չի հասցրել հանրահավաքն արտոնել։ «Մենք համապատասխան տեխնիկական միջոցներ, բարձրախոսներ ենք վարձել, բայց այստեղ ներկա բարձրաստիճան ոստիկանները հանրահավաքը տապալելու համար Օպերայի տնօրինությանն արգելել են էլեկտրասնուցել այդ տեխնիկան»,- պարզաբանեց ԱՎՄ-ի ներկայացուցիչը՝ հանրահավաքը մոտ 40 րոպե ուշացումով սկսելուց հետո։ Բարձրախոսներն, իհարկե, միացված չէին եւ նախաձեռնողները ելույթ էին ունենում մեգաֆոնով։ Հանրահավաքի կազմակերպիչները քաղաքական իսկական հալածյալի իրենց կերպարն ամբողջացնելու համար տեղեկացրին նաեւ, թե քաղաքի խաչմերուկներում ոստիկաններ են կանգնած եւ չեն թույլատրում տրանսպորտային միջոցները մայթերին մոտենան եւ այլն։ «Հայաստանը ժողովրդավարական չէ։ Հայաստանը միայն քրեածինություն է, քանզի իշխանություններն առաջնորդվում են քրեական մեթոդներով, եւ նրանց գործունեությունը քրեականացված է»։ Այս որակումներն արժանացան բազմության միահամուռ հավանությանը։ ԱՎՄ-ից Սամվել Հարությունյանն ասաց նաեւ, թե «Ժողովրդի ու կազմակերպությունների պայքարի արդյունքում ԲԷՑ-երի վաճառքի մրցույթը չկայացավ։ Բայց իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ժողովրդական պայքարը ոչ մի նշանակություն չունեցավ։ Այլ կերպ ասած, նրանք փորձում են հասկացնել, որ ժողովուրդը այս իշխանությունների համար բացարձակ դերակատարություն չունի»։ «Այո, ճիշտ ա»,- անմիջապես արձագանքեց անտեղի անկեղծացած բազմությունը։ Տեղեկացվեց նաեւ, որ հասարակությունն ու հիշյալ կազմակերպությունները միասին պետք է առաջիկայում պահանջեն նաեւ ԲԷՑ-երն ընդհանրապես հանել սեփականաշնորհման ցանկից։ Հանրահավաքը կարճ տեւեց, իսկ ավարտից առաջ հայտարարվեց, որ հավանաբար մայիս ամսի կեսերին կրկին հանրահավաք կհրավիրվի։ Բազմությունն, իհարկե, վրդովվեց, որ իշխանությունների մեղքով հրավիրված հանրահավաքը տապալվել է. «Մի վրդովվեք, վրդովվելու տեղեր շատ կան։ Դուք ուժ հավաքեք, ամենակարեւորը՝ գաղափարապես զինվեք, որ Հայաստանը չկորցնենք»,- հավաքվածներին հարթակից հանգստացրեց մեկը։ Իսկ թե ինչու ապրիլի 21-ին ԲԷՑ-երի վաճառքի մրցույթը չի կայացել՝ տարբեր մեկնաբանություններ կան ու դրանք հաճախ տարբերվում են պաշտոնականից՝ Հայաստանի ցանցերը գնելու ցանկություն հայտնած ամերիկյան ընկերությունը մասնակցում էր նաեւ Ուկրաինայի ԲԷՑ-երի վաճառքի մրցույթին։ Մինչդեռ այլ եւ ոչ պակաս վստահելի աղբյուրներ տեղեկացնում են, որ այդ ընկերությունը չի գնել նաեւ Ուկրաինայի ցանցերը: Նրանք վստահեցնում են նաեւ, թե ավելի ճշմարտանման է այն տեղեկությունը, ըստ որի, իսպանական եւ ամերիկյան ընկերությունները հայտեր չեն ներկայացրել, որովհետեւ իրենց տակավին անհայտ է մնացել, թե ինչ են գնում։ Բանն այն է, որ, ըստ կառավարությունից ստացված ոչ պաշտոնական տեղեկությունների, հայկական կողմի ներկայացված փաստաթղթերն անկատար են եղել։ Ըստ չճշտված տեղեկությունների, դրանցում ի թիվս այլ պակաս-պռատ բաների, բացակայել են նաեւ ԲԷՑ-երի գույքագրման եւ պետության նկատմամբ ցանցերի ունեցած հարկային պարտքերին վերաբերող փաստաթղթերը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ