Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես է կարծում էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը։ Ոչ միայն նա, թերեւս այլեւայլ երկրների համար

Ապրիլ 27,2001 00:00

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ Է Այսպես է կարծում էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը։ Ոչ միայն նա, թերեւս այլեւայլ երկրների համար եւս նորմալ է, որ սեփականաշնորհման ցանկացած գործընթաց գտնվի հենց տնտեսական դաշտում։ Մեզանում ամեն ինչ մի քիչ այլ է։ ԲԷՑ-երի մասնավորեցումը տեղի չունեցավ։ Պատճառները բազմաթիվ կարող են լինել։ Երեկ նախարարը որոշ հարցերի պատասխանեց։ «Առավոտի» հարցին՝ որքանո՞վ կարող էր ԲԷՑ-երի մասնավորեցման դեմ սկսված շարժումն ազդել մասնավորեցման մրցույթի չկայացմանը, նախարարը պատասխանեց. «Ընդհանուր քաղաքական շարժումը, որ կա ոչ միայն ԲԷՑ-երի, այլեւ «ԱրմենՏելի» եւ մյուսների նկատմամբ, իհարկե, ստեղծում է ներդրումային դաշտի հիմք։ Իհարկե, այս ամենը տարբեր ձեւով կարելի է մեկնաբանել, բայց, որ այդ ամենն ազդեցություն ունի, անկասկած է»։ Կարեն Գալուստյանը գտնում է, որ խնդիր կա միջազգային հանրությանը հնարավորինս հստակ ներկայացնել, թե ինչո՞ւ տեղի չունեցավ սեփականաշնորհումը։ Շատ կարեւոր է, որ Հայաստանում ներդրումային դաշտը լինի թափանցիկ, եւ օրենսդրությունը համապատասխան ձեւով նպաստի դրան։ Ըստ էներգետիկայի նախարարի, էներգետիկ ոլորտում սեփականաշնորհում չկատարվեց 95-96 թթ.-ին, քանի որ այդ ժամանակ հստակ օրենսդրական դաշտ չկար, իսկ այսօր «մենք հստակ ապացուցում ենք, որ էներգետիկայի ոլորտում ներդրումային դաշտը ապահովված է»։ Եթե ներդրողները հարցնում են՝ ո՞նց, մենք էլ պատասխանում ենք. «կա էներգետիկայի օրենք, մյուս օրենքները եւս, բացի դրանից մենք անդամ ենք Եվրոպական էներգետիկ խարտիայի, այսինքն՝ ընդունում ենք միջազգային կանոնները ներդրումների առումով» եւ էլի բազմաթիվ բաներ։ Ըստ էության, ներդրումների համար դաշտը ստեղծված էր։ Բայց ներդրումը տեղի չունեցավ։ Պատճառները դեռեւս քննվում են եւ, իհարկե, մենք պատրաստվում ենք հարցնել բոլորին՝ ինչո՞ւ չմասնակցեցին այսպիսի թափանցիկ մրցույթին։ Կառավարությունը պատրաստվում է հարցը լուրջ քննարկել։ Կարեն Գալուստյանի կարծիքով, կարելի է «իհարկե, գրել ալան-թալանի եւ մյուս բաների մասին, բայց պետք է ընդունենք մի բան՝ մեր էներգետիկ համակարգը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում»։ Նախարարը չբացառեց, որ ԲԷՑ-երի նոր մրցույթ կանցկացվի, ավելին, նախատեսվում է ԲԷՑ-երի հարցը լուծել 2001 թվականի ընթացքում։ Ի՞նչ կարգով եւ ի՞նչ պայմաններով։ Տպավորություն կա, որ ոչ ոք առայժմ հստակ չի կողմնորոշված՝ որ օրենքը կգործի մրցույթի անցկացման դեպքում. էներգետիկայի օրե՞նքը, թե՞ ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքը։ Պրն Գալուստյանն առայժմ վստահ չէ, որ օրենքը ԲԷՑ-երի մասնավորեցման մասին կորցրել է ուժը։ Նրա կարծիքով, օրենքն ուժը չի կորցրել, իսկ եթե կորցրել է, իրավաբանների հետ պետք է խորհրդակցել։ Նոր մրցույթի անցկացման դեպքում հարց է ծագում նաեւ, թե ի՞նչ ցուցակ է գործելու, ընդհանրապես՝ ի՞նչ բազայի հիման վրա է անցկացվելու նոր մրցույթը։ Նախարարն առայժմ չի շտապում կարծիք հայտնել, բայց եւ ասաց, որ հնարավոր են տարբեր զարգացումներ. «ցանցերի սեփականաշնորհման գործընթացն ինքնանպատակ չէ, դա նպատակ է շուկայական հարաբերությունների անցնելու եւ էներգետիկ ոլորտի գլխավոր քաղաքականությունն է, որովհետեւ էներգետիկ ոլորտը չի կարող լինել պետական, այստեղ լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ։ Իհարկե, ցանցերն առաջին քայլն են, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններով աշխատանք չի կատարվում։ Առաջիկայում նախատեսվում է Հայէներգոյի կառուցվածքում լուրջ փոփոխություններ անցկացնել»։ Նախարարը չի բացառում, որ մասնավորեցման նոր մեխանիզմներ կկիրառվեն, թե կոնկրետ ո՞ր մեխանիզմին կտրվի առավելությունը, դեռեւս պարզ չի կարող լինել։ Բայց հայերեն ասած՝ եթե մեկը գա-առաջարկի համապատասխան գումար, ասի, որ կատարում է ասենք 180 միլիոնի ներդրում, կատարում է սա, կատարում է նա, բայց սակագինը էսքան է, ո՞վ չի տա։ Իհարկե կտանք ուղիղ վաճառքով. դեռ շնորհակալություն էլ կհայտնենք։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդպես ասող չկա։ Համենայնդեպս, էներգետիկայի նախարարը խնդրեց նաեւ հասկանալ հետեւյալը. «Արդյունքները ցույց տվեցին, որ ԲԷՑ-երի սեփականաշնորհումը գտնվում է տնտեսական ոլորտում (առաջին հերթին)։ Երկրորդ՝ շատ ամբիցիաներ պետք չի ունենալ (ծախենք էսքանով, ծախենք էնքանով), պետք է գնահատենք իրավիճակը, պետք է գնահատենք նպատակը եւ պետք է վաճառենք բիզնեսը»։ Ըստ էության, չի բացառվում, որ ԲԷՑ-երի մասնավորեցման մրցույթին չմասնակցած ընկերությունները երկրորդ անգամ եւս չմասնակցեն մրցույթին։ Նույնիսկ եթե սա չի բացառվում, նախարարը չի կարծում, «թե մենք մեր սկզբունքները պետք է զիջենք, այսինքն՝ եթե ինչ-որ բան օրենքով է որոշվում, ապա պետք է օրենքով էլ լինի։ Բոլոր դեպքերում կառավարության սկզբունքը, վարչապետի սկզբունքն այն է, որ ցանցերը սեփականաշնորհելով մենք պահպանում ենք մեր շահերը, որովհետեւ մենք մեր շահերից ելնելով ենք կատարում սեփականաշնորհումը եւ ոչ թե ինքնանպատակ»։ Բայց ունենք համապատասխան պայմաններ, որ պետք է պահպանվեն, կառավարությունը չի ժխտում, որ իր համար էլ էր անսպասելի ԲԷՑ-երի մասնավորեցման մրցույթի նման շրջադարձը, մրցույթին չմասնակցած ընկերությունների պարզաբանումները ունենալուց եւ վերլուծելուց հետո միայն կարելի կլինի համապատասխան քայլեր կատարել։ Իսկ մինչ այդ՝ «մեզ թվում է, որ համապատասխան դաշտ ստեղծել ենք եւ ստեղծել ենք լրջագույն քննարկումների հիման վրա»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել