Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ

Ապրիլ 27,2001 00:00

ԻՍԿ ՆԱ ԴԵՌ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԷՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ Որեւէ կերպ չենք ցանկանում վիճարկել Նաիրի Բադալյանի անմեղությունը, որի նկատմամբ «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի մասը կարճվել էր ապացույցների անբավարարության հիմքով, բայց, այնուամենայնիվ, առնվազն տարակուսանք են հարուցում նրա հակասական ցուցմունքները։ Իսկ փոխհակասող ցուցմունքներ Նաիրի Բադալյանը տվել էր գրեթե առաջին օրից իսկ եւ անգամ թվացյալ մանրուքների վերաբերյալ։ Այսպես, 1999-ի հոկտեմբերի 28-ին իր ձեռքով գրված բացատրության մեջ Նաիրի Բադալյանը նշել էր, թե հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանին տեսել էր խորհրդարանի մուտքի մոտ, աստիճանների վրա։ Նոյեմբերի 11-ին որպես վկա հարցաքննության ընթացքում նա արդեն գրել էր, թե մոտեցել էր ԱԺ կենտրոնական դարպասներին, դուրս եկել եւ մի երկու քայլ արել դեպի գրողների տուն, երբ նկատել էր Նաիրի Հունանյանին, որն իրեն առաջարկել է բարձրանալ շենք։ Քննիչ Ս. Հովհաննիսյանի հարցին, թե ինչո՞ւ նախորդ ցուցմունքում չէր նշել, որ Հունանյանին հանդիպել է դարպասներից դուրս, Նաիրի Բադալյանը պատասխանել էր, թե վախեցել է ճիշտն ասել, քանի որ զուգադիպությունը շատ մեծ է եղել։ Նոյեմբերի 5-ին արդեն մեղադրյալ Նաիրի Բադալյանի ցուցմունքից բխում է, թե շենք վերադառնալու եւ զրուցելու առաջարկն իրենն է եղել եւ ոչ Նաիրի Հունանյանինը։ Իսկ 2000 թ. հունվարի 10-ի ցուցմունքում Նաիրի Բադալյանը գրել էր, թե Հունանյանին հանդիպել էր այս անգամ արդեն… ԱԺ ընդունարանում։ Մեջբերենք նաեւ այն վկայությունները, թե մինչեւ ուր էին կաթողիկոսական ընտրությունների մասին միմյանց հետ զրուցելով հասել Հունանյանն ու Բադալյանը։ Ըստ վերջինիս հոկտեմբերի 28-ի բացատրության՝ հասել էին կարմիր սրահի մոտ, որտեղ եւ Նաիրի Հունանյանն իրեն էր հանձնել ձեռքի թղթապանակը եւ մտել նիստերի դահլիճ։ Ըստ հոկտեմբերի 28-ին Նաիրի Բադալյանի մեկ այլ հարցաքննության, իրենք համարյա հասել էին դեպի դահլիճ տանող աստիճաններին։ Սակայն ըստ Վռամ Գալստյանի ցուցմունքի՝ իրենք Նաիրի Բադալյանի հետ հասել էին մինչեւ այն դուռը, որտեղից դահլիճ են մտել Հունանյանները։ Նաիրի Բադալյանը ժխտել է դա, եւ ընդհանրապես, նա միշտ նշել է, թե ո՛չ կրակոցներից առաջ, ո՛չ դրանց ընթացքում, ո՛չ էլ դրանցից հետո դահլիճ կամ հարակից միջանցք չի մտել։ Մինչդեռ այդ թղթապանակը հետո հայտնաբերվել էր ԱԺ նախագահության ներսի սենյակից դեպի դահլիճ տանող միջանցքում, փայտե աստիճանների մոտ։ Հունվարի 10-ին քննիչի հարցին, թե ինչու պիտի Հունանյանը թղթապանակը թողներ իր մոտ այն դեպքում, երբ հատուկ բերել էր հեղաշրջումից հետո ելույթ ունենալու համար, Նաիրի Բադալյանն ասել էր, թե չունի այդ հարցի պատասխանը։ Նա ավելի ուշ բացատրություն չի գտել նաեւ այն հարցերին, թե ինչու է այդ տեղում գտնվել թղթապանակը կամ ինչպես կարող էր այն հայտնվել դահլիճում։ Ուշագրավ են նաեւ ցուցմունքներն այն մասին, թե ինչ է արել Նաիրի Բադալյանն առաջին կրակահերթերը լսելուց հետո։ Իր առաջին բացատրության մեջ գրել էր. «Կրակոցներից վախեցա եւ փորձեցի փախչել, բայց մտածեցի, որ դա կդիտվի որպես ահաբեկիչի փախուստ, բացեցի առաջին դուռը եւ տեսա Դավիթ Վարդանյանին եւ երկու անձի»։ Եվ շուրջ 10-15 րոպե այդ սենյակում մնալուց հետո լսելով միջանցքից եկող ձայներ եւ բացելով դուռը՝ տեսել էր դուրս եկող լրագրողներին։ Մինչդեռ ԱԺՄ խմբակցության սենյակում գտնվող Դավիթ Վարդանյանն ու գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանը ցուցմունք էին տվել, թե Բադալյանն այդ սենյակ է մտել այլ լրագրողների հետ միասին։ Վարդան Պողոսյանը 2000-ի հունվարի 15-ին իր ցուցմունքում գրել է, թե Նաիրի Բադալյանն իրենց սենյակում եղել է 2-3 րոպեից ոչ ավելի։ Եվ եթե նա նույնիսկ լրագրողների խմբից առաջ է եկել, ապա միայն 1-2 րոպե առաջ։ ԱԺՄ խմբակցության սենյակում գտնված երրորդ անձնավորության՝ Հրայր Թովմասյանի ցուցմունքով էլ է հերքվում Նաիրի Բադալյանի այն պնդումը, թե նա այդ սենյակում է մնացել 10-15 րոպե։ Հրայր Թովմասյանի կարծիքով, նա մնացել է 2-3 րոպեից ոչ ավելի, եւ սենյակ է եկել այլ լրագրողներից 1-2 րոպե առաջ։ Այս 3 անձանց հետ էլ Նաիրի Բադալյանին առերես հարցաքննել են։ Եվ միայն Դավիթ Վարդանյանը, չնայած 1999-ի նոյեմբերի 11-ի ցուցմունքում պնդել էր, թե Նաիրի Բադալյանը ստում է՝ ասելով, թե իրենց սենյակ է եկել մենակ, 2000 թ. հունվարի 19-ի առերեսման ընթացքում խուսափողական պատասխաններ է տվել։ Ասել է, թե իր մեջ չի տպավորվել, ինքը լավ չի հիշում մանրամասները եւ չի պնդում իր ցուցմունքը։ Սակայն ե՛ւ Վարդան Պողոսյանը, ե՛ւ Հրայր Թովմասյանը Նաիրի Բադալյանի հետ առերես էլ են պնդել իրենց նույն ցուցմունքները՝ ժխտելով, թե նա առաջին կրակոցներից հետո արդեն 1-1,5 րոպե անց իրենց սենյակում էր։ Առերեսումների ընթացքում Բադալյանի ցուցմունքները հերքել են նաեւ «Կայունության» եւ «Իրավունք եւ միաբանության» սենյակներում գտնված 5 անձինք, որոնք կրակահերթերից անմիջապես հետո դուրս էին եկել միջանցք եւ չեն տեսել Նաիրի Բադալյանին վազելիս՝ ինչպես ինքն էր ներկայացրել իր գործողությունները։ Մնում է ենթադրել, որ կամ այս բոլոր անձինք են իրարից առանձին-առանձին, բայց միասնաբար ստել, կամ էլ ստել է միայն Նաիրի Բադալյանը։ Բայց թե ինչո՞ւ է նա դա արել կամ ինչո՞վ են բացատրվում իր իսկ ցուցմունքների բազմաթիվ հակասությունները՝ թողնում ենք առանց մեկնաբանության։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել