Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱԶՆԻՎ ԳՈՐԾԱՐՔ ԵՎ ԽՍՏԱԳՈՒՅՆ ՊԱՏԻԺ

Ապրիլ 26,2001 00:00

ԱՆԱԶՆԻՎ ԳՈՐԾԱՐՔ ԵՎ ԽՍՏԱԳՈՒՅՆ ՊԱՏԻԺ Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են լիբանանյան ֆուտբոլում ծագած աննախադեպ սկանդալային պատմության մասին, որի գլխավոր գործող անձանց մեջ նշվում են նաեւ մեր հայրենակիցների անունները, մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանինը։ Հայ մասնագետը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, թողնելով հավաքականի ղեկը, մեկնել էր Լիբանան եւ ստանձնել այդ երկրի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող արաբական «Սալամ» թիմի մարզչությունը։ Հայտնի է, որ Լիբանանի առաջնությունում տարիներ շարունակ հաջող են հանդես եկել հայկական երկու ակումբներ՝ ՀՄԸՄ-ն եւ ՀՄՄ-ն, որոնք բազմիցս նվաճել են նաեւ երկրի չեմպիոնի կոչումն ու գավաթը։ Սակայն այս տարի հաջողությունը երես է թեքել նրանցից եւ երկու թիմերն էլ հայտնվել են ուժեղագույնների խմբին հրաժեշտ տալու վտանգի առջեւ։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու «յուրօրինակ» տարբերակ էր գտել ՀՄՄ-ն, որը վերջին տուրում հյուրընկալելով չեմպիոնի կոչումն արդեն նվաճած «Թադամոնին»՝ հաղթել էր ֆուտբոլում հազվադեպ պատահող 6։5 հաշվով։ Ընդ որում, ՀՄՄ-ն վաստակել էր իր համար բաղձալի 3 միավորը, իսկ մրցակցի հարձակվող Հայթամ Զեյնը իր անվան դիմաց էր գրանցել իր թիմի խփած բոլոր հինգ գոլերը՝ 25 գնդակով դառնալով առաջնության լավագույն ռմբարկու։ Տեղի ունեցածն առաջացրել է Լիբանանի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարության կասկածը, որն անմիջապես հետաքննություն սկսելով պարզել է, որ վերոնշյալ հանդիպումը, ինչպես նաեւ ՀՄՄ-ի մասնակցությամբ եւս 6 խաղեր՝ պայմանավորված են եղել։ Հետեւել են մեղավորների խստագույն պատիժները։ Մասնավորապես, ցմահ որակազրկվել են «Սալամ» թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը, ՀՄՄ-ի գլխավոր քարտուղար Միսակ Նաջարյանը։ «Թադամոնից», որն առաջին անգամ էր նվաճել երկրի չեմպիոնի կոչումը, հանվել է 6 միավոր, որի հետեւանքով թիմը, ի վերջո, հանգրվանել է 3-րդ տեղում։ Իսկ ոսկե մեդալները երկրորդ տարին անընդմեջ շնորհվել է «Նժմեին», որի կազմում հանդես է գալիս մեր հայրենակից Դրո Քեհեյանը։ Լիբանանի առաջնության արծաթե մեդալի արժանացավ «Սաժեսը»։ Ի դեպ, այս թիմի կազմում է կապանցի Վարդան Ղազարյանը, որը ռմբարկուների ցուցակում 12 գոլով 5-րդն է։ Իսկ ահա Գուրգեն Ենգիբարյանը «Թադամոնի» հետ միասին ստիպված եղավ ոսկե մեդալը փոխել բրոնզով։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել