Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ

Ապրիլ 26,2001 00:00

ՏԱՐԲԵՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ Երեւանի պետական համալսարանում դասական երաժշտություն չե՞ն սիրում, թե՞ ուղղակի դժվար է այն հասկանալ։ Հազիվ թե մայր բուհում հավաքված լինեն բարձր արվեստից այդքան հեռու կանգնած դասախոսներ եւ ուսանողներ։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մարզերում տված մի շարք համերգներից հետո բարեգործական համերգային ծրագիր էր պատրաստել նաեւ մայրաքաղաքի ուսանողության համար։ Սակայն, ինչպես նշեց նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, ԵՊՀ ռեկտորատում հենց սկզբից սառն անտարբերությամբ են ընդունել նախաձեռնությունը։ Ու համերգին մեծ խանդավառությամբ պատրաստված կամերային նվագախմբին դիմավորել է ընդամենը 35-40 ուսանող։ Դահլիճը գրեթե դատարկ էր։ Որեւէ դասախոս կամ ռեկտորատի ներկայացուցիչ չկար։ «Կարծես փողոցից մտանք, նվագեցինք ու դուրս եկանք։ Համերգից հետո էլ որեւէ մեկը մեզ չմոտեցավ»,- պատմեց Ա. Արաբյանը։ Իսկ դրանից երկու օր անց նվագախումբը համերգ տվեց նաեւ Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում։ Այստեղ պատկերը բոլորովին այլ էր։ Շուրջ 250 հոգանոց դահլիճը լեփ-լեցուն էր։ Ուսանողներն ու դասախոսները մեծ ոգեւորությամբ ընդունեցին Մոցարտի, Էդվարդ Հայրապետյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունների կատարումները։ «Ուսանողները կարոտ են դասական երաժշտության ու նրանց գեղեցիկին հաղորդակից դարձնելու առումով, նվագախմբի այս նախաձեռնությունը չափազանց օգտակար ու անհրաժեշտ է»,- ասում է դասախոսներից մեկը։ Իսկ Ա. Ղարաբեկյանը համերգի ավարտից հետո բավարարված ասաց. «Ես ԵՊՀ-ում կատարվածից հետո շատ տարակուսեցի, մտածում էի, որ մեր երիտասարդությունը հեռացել է դասական արվեստից, բայց այստեղ հակառակն ապացուցվեց»։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել