ԼՐԱԳՐՈՂԻ ՂԱԴՐՆ ԷԼ ԻՄԱՑԱՆ Երեկ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի եւ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ «101 ուղի դեպի կայուն զարգացում» մրցույթի շրջանակներում անցկացվեց հայ լրագրողների մրցանակաբաշխություն։ Մրցանակների արժանացան բոլոր այն լրագրողները, ովքեր լուսաբանել են «Կայուն զարգացման 21-րդ դարի օրակարգի թեմաները»՝ հայաստանյան լրատվամիջոցներով։ Ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ դեռեւս 1992-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման վերաբերյալ կոնֆերանսում հիմք դրվեց քաղաքակրթության վերակողմնորոշմանը դեպի կայուն զարգացում, որը խարսխված է սոցիալ-տնտեսական, բնապահպանական եւ քաղաքական գիտակցությունների օպտիմալ, ներդաշնակ զուգորդման վրա։ Այն բոլոր լրագրողները, ովքեր մի քանի տարի շարունակ ուշի-ուշով հետեւել են ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ՝ մշտապես հանդես են եկել բնապահպանության հիմնահարցերը արծարծող հրապարակումներով, պարգեւատրվեցին սերտիֆիկատներով եւ հուշանվերներով։ Տիկին Դանիելյանը կարեւորեց այն իրողությունը, որ սովորաբար բոլոր լրագրողներից միշտ դժգոհում են, նրանց շատ քիչ ուշադրություն են ցուցաբերում։ Իսկ երբ ի հայտ է գալիս մեկը, որ հրապարակայնորեն շնորհակալություն է հայտնում լրագրողին կատարած աշխատանքի համար, դա, իհարկե, մեր օրերում իրադարձություն է։ Ըստ նրա, «նման վերաբերմունքից լրագրողն էլ ավելի է պարտավորվում»։ Կայուն զարգացման հիմնախնդիրները բազմակողմանի լուսաբանող հոդվածաշարի համար պարգեւատրվեցին 9 լրագրողներ տարբեր լրատվամիջոցներից։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ