Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՉՔԱԹՈՂ ԱՐՎԱԾ ՄԻ ՓՈՂՈՑԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 26,2001 00:00

ԱՉՔԱԹՈՂ ԱՐՎԱԾ ՄԻ ՓՈՂՈՑԻ ՄԱՍԻՆ Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան (նախկին Գայդարի) փողոցը գտնվում է Արաբկիրում, սկսվում է Մարշալ Բաղրամյանի պողոտայից, բարձրանում է հյուսիս՝ մինչեւ Արաբկիրի կահույքի ֆաբրիկան։ Սկզբնամասում ոչինչ՝ նման է փողոցի, բայց Վաղարշյանից մինչեւ Փափազյան փողոցների միջեւ ընկած հատվածը չափից դուրս անբարեկարգ է, մի քանի տեղ լցված են շինարարական աղբի մեծ կույտեր, որ շաբաթօրյակների միջոցով հնարավոր չէ մաքրել, ասֆալտը լիովին քայքայված է եւ այդ հատվածը թողնում է հեռավոր լեռնային գյուղի անբարեկարգ փողոցի տպավորություն։ Եթե աշխարհահռչակ ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անունով վերանվանվում է Երեւանի ոչ կենտրոնական փողոցներից մեկը, գոնե այն պետք է լինի բարեկարգ եւ ունենա պատշաճ տեսք։ Սկզբում կարելի է վերացնել փողոցի այդ հատվածի շինարարական աղբը՝ պանելներ եւ այլն, այնուհետեւ ասֆալտապատել փողոցը ոչ թե կարկատաններով, այլ ամբողջ մակերեսով այնպես, որ անձրեւաջրերը չհավաքվեն եւ մեծ լճակներ չդառնան։ Փողոցի այդ հատվածում մայթեր չկան եւ դրա կարիքն էլ երեւի չկա, իսկ դա կհեշտացնի վերանորոգման աշխատանքները։ Փողոցի կարմիր գծից ներս ընկած հատվածները (թիվ 16 շենքի եւ ատամնաբուժարանի դիմաց) բնակիչները մաքրել են աղբից եւ գեղեցիկ ծաղկանոցների վերածել։ Եթե վերականգնողները մտածեն նաեւ այդ մասին եւ ոռոգման ջրի խողովակները, որ անցնում են Փափազյան փողոցով, հասցնեն մինչեւ այդ ծաղկանոցները, նկարագրված հատվածը կվերածվի գեղեցիկ մի վայրի եւ արժանի կլինի իր անունը կրողին։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել