Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նրա

Ապրիլ 26,2001 00:00

Պատերազմը հանում է դիմակները Նրա ստեղծագործությունները սնված են խղճի գրականության ակունքներից Այս հողի վրա ճիշտ ապրելն ու գրող լինելն արդեն զինվորություն է, բայց Հովիկ Վարդումյանը զինվոր ու հրամանատար է եղել բառիս ճշգրիտ իմաստով, պատերազմի դաշտում ապրել է իր ժամանակի լիարժեք մարդու կյանքով, վերաիմաստավորել իր ապրած օրերը։ Հրադադարներին գրված օրագրային իր գրառումները անմիջական են ու մերկ, ինչպես անկեղծ ու բաց է իսկական զինվորը, ինչպես մերկ է պատերազմը. «Համազգեստներս կեղտոտված են ու թաց։ Այդպես էլ գնում ենք հանգստանալու, այդպես արթնանում։ Դուրսը՝ թաց ու ցեխ, ներսը՝ թաց ու ցեխ։ Կարեւորը՝ որ սնունդը տեղն է, մարտական ոգին՝ գերազանց… 14.05.94թ.»։ – Դուք գրող եք եւ պատերազմ եք գնացել։ Մարդու ո՞ր տեսակն է, որ կամովին մի քանի տարի խրամատի ու մահվան արանքում կռիվ է տալիս։ – Եթե հայրենիքը վտանգի մեջ է, ու մարդը իր մեջ զգում է զինվորը, անկախ նրանից, գրող է, երաժիշտ, թե տրակտորիստ, կգնա հայրենիքը պաշտպանելու, իսկ եթե մարդու մեջ զինվորը չկա, լավ է չգնա մարտադաշտ, պարտադիր չէ, որովհետեւ շատ շատերին եմ տեսել, որոնց հրապուրանք ու ռոմանտիկա էր թվացել պատերազմը, եկել ու ուղղակի խայտառակել են իրենց, վախ են ապրել, փախել եւ այլն։ Բայց նա, ով իսկապես հայրենասեր է, պիտի զենք վերցնի։ Ես անկեղծորեն եմ ասում, մի ձայն կար, որ կանչում էր ինձ, որ տարավ ճակատ։ Մարդիկ կան, որոնք հայրենասիրությունը կեղծ կատեգորիա են համարում, ինչ-որ տիեզերական մտածողություն ունեն, բայց ինձ համար հայրենասիրությունը ռեալ գոյություն ունեցող բան է։ – Ինչպե՞ս դուրս ելաք պատերազմից։ – Պատերազմը մի վայր է, որտեղ բոլորը հանում են դիմակները, մարդիկ դիմակազերծ են արվում, այնտեղ ամենալավն է երեւում, թե ով է քաջ, ով վախկոտ, ով հնարամիտ, ով դավաճան. այսպես ամեն մեկին պատերազմը դնում է իր պատվանդանի վրա։ Ես ինձ շատ լավ եմ զգացել պատերազմում, ինքնահաստատման պրոցես եմ ապրել։ Այնպես էր իմ կյանքը դասավորվել, որ ես իմ մասին միշտ թյուր կարծիք եմ ունեցել, ինձ համարել թույլ տղամարդ։ Պատերազմում ես սկսեցի ինձ հարգել։ Մարտադաշտում վտանգների հաղթահարումը մեծ հաճույք էր ինձ համար, ես երբեք վախ չեմ զգացել։ – Կռվող զինվորը կուսակցություն ճանաչո՞ւմ է։ – Զինվորը պատերազմի դաշտում կուսակցություն չի ճանաչում։ Նրան իր կռիվն է հետաքրքրում, իր հայրենիքը։ Բայց պատերազմից հետո, երբ գալիս է խաղաղությունը, արդեն կուսակցության շահերը սկսում են մեջտեղ գալ, իրենց կուսակցության շնորհիվ պաշտոններ են զբաղեցնում, հրամանատարներ են դառնում, բայց այդ մարդիկ գիտեն, որ եթե նորից պատերազմ սկսվի, էլի շարքային զինվորներ են կռվելու։ – Հակառակորդ բանակը մեր բանակի թշնամին է։ Իսկ այդ բանակի մի միավորը, եթե քեզ հետ մենակ է, նույնպե՞ս թշնամի է։ – Ինձ համար մի հոգին թշնամի չէ։ Ես երբեք թույլ չեմ տվել, որ անզեն, գերի ընկած մարդուն՝ թշնամի բանակի զինվորին, տանջեն։ Եթե զենքը ձեռքին չէ, եթե հանձնվում է՝ արդեն թշնամին չէ։ Անօգնական մարդուն ինչ անես՝ քեզ ես անում։ – Ի՞նչ եք կարծում, ինչքան մարդկությունը լինի, պատերազմներ լինելո՞ւ են։ – Ես կարծում եմ՝ այո։ – «Աստվածաշունչը» Ձեզ համար ի՞նչ է: – Ինձ համար այն, բացի կյանքի գիրք լինելուց, նաեւ իրողություն է, այսինքն՝ ես հավատում եմ։ Անկեղծորեն հավատում եմ Հիսուսին, իր ասածներին։ Հետո դա մի գիրք է, որտեղ կյանքի բոլոր երեւույթները կան, եւ ով ինչ ստեղծել է, այդ գիրքը երեւան գալուց հետո, այնտեղից է վերցրել։ Ուրիշ աղբյուր չկա։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել