Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ

Ապրիլ 26,2001 00:00

ԵՐԳՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ Հայ ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ գործում է երկու երաժշտական խումբ «Երգ-երգոցը»՝ Ֆրանսիայում Մարտ ամսին Ֆրանսիայի «Հայ ավետարանական եկեղեցիների միության» հրավերով Հայ ավետարանչական ընկերակցության «Երգ-երգոց» երիտասարդական երգչախումբը Ֆրանսիայի տարբեր քաղաքներում (որտեղ մեծ են հայ համայնքները) համերգներ տվեց՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին։ Ամենուրեք երգչախմբի համերգները, որոնք տեղի էին ունենում մշակութային կենտրոններում եւ եկեղեցիներում, անցնում էին մեծ հաջողությամբ։ Համերգներին ներկա էին լինում ոչ միայն հայ համայնքի եւ Հայ առաքելական ու ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչները, այլեւ բազմաթիվ ֆրանսիացիներ՝ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, տեղաբնակներ, որոնք, ըստ իրենց վկայության, ներքին խաղաղություն էին ձեռք բերում հայկական շարականների եւ հոգեւոր այլ երգերի միջոցով Աստծու խոսքը ունկնդրելով։ Երգչախմբի երգացանկը բազմատեսակ էր եւ ընդգրկում էր ոչ միայն հոգեւոր, այլեւ ազգային եւ դասական ժանրի ստեղծագործություններ։ Շրջագայության ընթացքում երգչախմբին միացավ նաեւ Վեր. Ռընե Լեւոնյանը։ «Փոքրիկ վիրտուոզները»՝ Ավստրալիայում ՀԱԸ-ի «Փոքրիկ վիրտուոզներ» անսամբլը ստեղծվել է 1976-ին՝ Վեր. Ռ. Լեւոնյանի նախաձեռնությամբ եւ տնօրինությամբ։ Անսամբլը ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Անգլիայում, Լիբանանում, Սիրիայում, Կանադայում, ԱՄՆ-ում։ Մարտ ամսին Ավստրալիայի Հայ ավետարանական եկեղեցիների հրավերով մեկնեց Ավստրալիա՝ համերգային շրջագայության։ Անսամբլի կազմում, որի գեղարվեստական ղեկավարն է Սամվել Ավանեսյանը, կոնցերտմայստերը՝ Արաքսյա Ավանեսյանը, ընդգրկված էին Հրաչյա Ավանեսյանը՝ ջութակ, Լուսինե Աբաղյանը՝ ջութակ, Սեւակ Ավանեսյանը՝ թավջութակ, Լուսինե Մելիք-Վրթանեսյանը՝ սրինգ, Մարինա Մանուկյանը՝ դաշնամուր, Սյուզաննա Վարդանյանը՝ ջութակ։ Սիդնեյում կայացած առաջին իսկ համերգին, որի հովանավորն էր ՀԱԸ-ի նախագահ Էնդի Թորիկյանը, Հայաստանի վիրտուոզները, հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների (Սեն-Սանս, Արամ Խաչատրյան, Բացցինի, Կոմիտաս, Կորելլի, Վենյավսկի, Վիվալդի, Ռիմսկի-Կորսակով, Բախ, Սարասատե) ստեղծագործությունների կատարմամբ ավստրալացի երաժշտասերներին հնարավորություն տվեցին ըմբոշխնել դասական երաժշտության նրբագեղ ու վեհ արժեքները։ Սիդնեյում երեխաները մի շարք համերգ-հանդիպումներ ունեցան տեղի հայկական եւ ոչ հայկական դպրոցների երեխաների հետ։ Մելբուռնում կայացած առաջին համերգից հետո ավստրալացի հանրահայտ դիրիժոր Պյոտր Բենտին այնքան հիացած էր երեխաների վարպետ կատարումներով, որ նրանց հրավիրեց իր նվագախմբի հետ նվագելու։ Երկու նման համերգից հետո Պյոտր Բենտին, դիմելով հանդիսատեսին, ասաց. «Թերեւս ոչ միայն ես, այլեւ բոլորս ենք հասկանում, թե ինչ հսկայական աշխատանք է կատարել խմբի գեղարվեստական ղեկավար Սամվել Ավանեսյանը։ Ես կարծում եմ, որ նա իմ՝ երբեւիցե տեսած ամենահամարձակ խենթն է երաժշտական աշխարհում։ Ես իմ շնորհակալությունն եմ ուղղում Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի բոլոր ուսուցիչներին՝ նման սաներ պատրաստելու համար եւ շնորհավորում եմ նրանց»։ Ավստրալիայում ելույթներից հետո, տունդարձի ճանապարհին Արաբական Էմիրություններում երեխաներին սպասում էր մի նոր անակնկալ։ Տեղի հայ համայնքի հյուրընկալ վերաբերմունքին ի պատասխան՝ վիրտուոզները երկու շնորհակալական համերգով (Աբու-Դաբիում եւ Շարժայում) հանդես եկան նրանց առջեւ։ «Փոքրիկ վիրտուոզների» ելույթների ամբողջ հասույթը տրամադրվեց ՀԱԸ-ի բարեգործական այն ծրագրերին, որոնք ուղղված են կարիքավոր երեխաների առաջնային խնդիրների լուծմանը։ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել