Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը խոստանում է 2001-05թթ. ընթացքում հանրապետության 1388 դպրոցներին 13500 գրատախտակ ե

Ապրիլ 26,2001 00:00

ԾՐԱԳԻՐԸ ԿԱ, ԿԱՏԱՐՈՒՄՆ Է ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀՀ կառավարությունը խոստանում է 2001-05թթ. ընթացքում հանրապետության 1388 դպրոցներին 13500 գրատախտակ եւ 140000 սեղան-նստարան հատկացնել։ Նման շքեղ խոստումներով հարուստ է ՀՀ կառավարության հաստատած՝ «Կրթության զարգացման 2001-2005թթ. պետական ծրագրի» նախագիծը, որին նվիրված լսումներ տեղի կունենան այս ուրբաթ ԱԺ-ում։ Վերջինիս պոպուլիզմը դժվար թե թույլ տա խոստումների թիվը նվազեցնել, բայց, մինչ այն իր հաստատմանն արժանացնելը, գուցե թե, հենց միայն կառավարության «ջիգրու»՝ որոշակի փոփոխություններ պարտադրի։ Փողը՝ քիչ, խոստումները՝ մեծ-մեծ Ծրագրով նախատեսվող խոստումների հիացմունքից ծնվող առաջին հարցն է՝ ի՞նչ միջոցների հաշվին։ «Ծրագրի ֆինանսական ապահովումը» գլուխը հիացմունք ամեեւին չի ներշնչում եւ խոստումներից ծնված լավատեսությունդ իսպառ չքանում է։ Ֆինանսական ապահովումը ծրագրի ամենափոքրածավալ բաժինն է՝ ընդամենը էջուկես, որի կեսն էլ այդ միջոցների մշտական պակասի մասին է։ Արձանագրվում է, որ բյուջետային միջոցները «թույլ չեն տալիս ամբողջովին ապահովել ուսումնական հաստատությունների բնականոն գործառման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, սննդի, կոմունալ ծառայությունների, շենքերի եւ շինությունների ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ ծախսերի նշանակալի մասը։ Հաստատությունների ուսումնանյութական հիմքի զարգացման համար բյուջեում միջոցներ գործնականում նախատեսված չեն։ Առկա ֆինանսավորումը հնարավորություն չի տալիս ապահովելու ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնական գործընթաց, աշխատողների եւ սովորողների համար ստեղծելու սոցիալական բավարար պայմաններ»։ Եվ միայն մի քանի, այն էլ՝ շատ անորոշ ու կոնկրետ ոչինչ չպարտավորեցնող նախադասություններով է ձեւակերպված ծրագրի ֆինանսական ապահովումը։ Ըստ դրա՝ անհրաժեշտ է իրականացնել «բյուջետային ֆինանսավորման աճ՝ ուսումնական հաստատություններին եւ կրթության համակարգի մյուս կազմակերպություններին հատկացվելիք բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու պայմանով, կրթության ֆինանսավորման լրացուցիչ արտաբյուջետային աղբյուրների ընդգրկման համար պայմանների ստեղծում՝ առանց իջեցնելու բյուջետային ֆինանսավորման բացարձակ չափերը, նորմերը, նորմատիվները»։ Այսքանից հետո երեւի պետք չէ զարմանալ, որ մանկավարժների աշխատավարձի կամ կրթաթոշակների բարձրացման խոստումը երաշխավորվում է՝ «յուրաքանչյուր տարվա ՀՀ պետբյուջեի հնարավորության սահմաններում» անորոշ հիմնավորմամբ։ Ցանկությունների մակարդակով Նման կասկածելի ֆինանսական հիմնավորումից հետո մեծ վերապահումներով պետք է վերաբերվել ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման հնարավորությանը։ Այնուամենայնիվ, հուզիչ է իմանալ, որ պետությունը ցանկանում է 2001-05թթ. տարեկան հիսուն դպրոցում համակարգչային դասարան հիմնել եւ յուրաքանչյուր մարզում, նորագույն տեխնոլոգիայով ապահովված, առնվազն մեկ դպրոց-կենտրոն (ինտերնետային կապով) կազմակերպել։ Կամ՝ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի դպրոցները ապահովել մանկավարժներով, իսկ վերջիններիս՝ ծառայողական բնակարաններով եւ աշխատանքի ու կենցաղի այլ անհրաժեշտ պայմաններով, լրացուցիչ արտոնություններով։ Մեր պետությունը բարի է եւ նաեւ ցանկանում է, որ 2001թ. աղետի գոտում այլեւս ոչ մի տնակային դպրոց չմնա, իսկ 2002-05թթ. հիմնանորոգել միջնակարգ դպրոցների 280 շենք եւ տարեկան 3 հատուկ դպրոց։ Խոստանում է վերազինել հատուկ դպրոցների ուսումնական լաբորատորիաները եւ արհեստանոցները, տարեկան 10%-ի չափով նորացնել ուսումնական գույքը։ Նաեւ խոստանում է կազմակերպել բուհական դասագրքերի հրատարակում, ՄՄՈՒՀ-ների եւ բուհերի ջեռուցման համակարգը վերականգնել ու գործարկել, նորացնել դրանց ուսումնալաբորատոր գույքը եւ այլն, եւ այլն։ Բերվածը միայն 5%-ն է այն միջոցառումների, որոնց կատարումը խոստացվում է «Կրթության զարգացման պետական ծրագրով»։ Ի դեպ, նման կոնկրետ խոստումներն այնքան էլ շատ չեն։ Գերիշխում են ընդհանուր բնույթի եւ հիմնականում կրթական քաղաքականության մշակմանն ուղղված միջոցառումները։ Ասենք՝ դաստիարակության հայեցակարգի մշակում, ուսանողներին գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկելու ծրագրի մշակում եւ այլն։ Նախարարի մանկության կապույտ երազանքները Բնականաբար, ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի գուրգուրած թեմաներին՝ գիտելիքների գնահատման անկախ կենտրոնի ստեղծում եւ անցում 11-ամյա միջնակարգ կրթության։ 2001թ. նախատեսվում է ստեղծել գիտելիքների գնահատման կենտրոն եւ միայն դրանից հետո՝ 2002թ. գիտելիքների գնահատման համակարգի մշակում եւ ներդրում։ 2003թ. նախատեսվում է գիտելիքների հանրապետական ստուգատեսի անցկացում, իսկ 2004-ին՝ համահայկական ստուգատեսի անցկացում։ Մի քիչ դժվար է կռահել, թե ինչ է այս վերջինը ենթադրում։ Իսկ 11-ամյա կրթական համակարգի անցումը նախատեսվում է իրականացնել 2001-02 ուստարում՝ ստեղծելով նոր դասագրքեր եւ անցնելով 6-օրյա ուսումնական շաբաթի։ Ծրագրի նախագիծն արդեն քննարկվել ու հավանության է արժանացել ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում, բայց սա դեռ երաշխիք չէ, որ ԱԺ-ի այս թեմայով լսումներն առանց կրքերի կընթանան։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել