Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր

Ապրիլ 26,2001 00:00

Փորձանքաշրջան գործազուրկների համար Այսօր գործազուրկի վերջին հույսը զբաղվածության պետական եւ մասնավոր կենտրոններն են, որտեղ եւ դիմելուց հետո այն պարտավորվում է 10-15 օրվա ընթացքում համապատասխան աշխատանք գտնել, հակառակ դեպքում խոստանում է պահել գործազուրկի տվյալները իրենց ռեզերվում։ Զբաղվածության կենտրոններից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ երբեմն իրենց «պահանջները» տարբեր են՝ իբրեւ փոխհատուցում ոմանք վերցնում են աշխատանքի տեղավորած գործազուրկի առաջին ամսվա աշխատավարձի մի մասը, ոմանք պահանջում են կանխիկ հինգ հազար դրամ։ Գործազուրկ մարդը, որը աշխատանք գտնելու շանս է ստացել, համաձայնում է ցանկացած պայմանի։ Զբաղվածության կենտրոնում աշխատող մեր ծանոթը պատմեց, որ իրենք փոխշահավետ համագործակցում են քիչ թե շատ աշխատող ձեռնարկությունների հետ։ Վերջիններս զբաղվածության կենտրոններին աշխատուժի հայտ են ներկայացնում՝ վճարելով 5-15 հազար դրամ։ Հետագայում զբաղվածության կենտրոնի «հայթայթած աշխատանքի» գործատուները նախազգուշացնում են, որ նրանք եռամսյա փորձաշրջանում են եւ այն հաջող անցնելու դեպքում միայն կընդունվեն աշխատանքի։ Փորձաշրջանը լրանալուց հետո ձեռնարկատերերը տեղեկացնում են, որ իրենք գոհ չեն փորձաշրջան անցնողի աշխատանքից։ Եվ, բնականաբար, եռամսյա աշխատանքը մնում է առանց վարձատրության։ Կա մի տարբերակ եւս։ Աշխատանք փնտրող անձը զբաղվածության կենտրոնում վճարում է հինգ հազար դրամ եւ տեղավորվում աշխատանքի փորձաշրջանը անցնելու նախապայմանով, որը «չհաղթահարելուց» հետո կրկին անգործ է մնում։ Այսինքն, գործատիրոջ վրա եռամսյա աշխատողը վատագույն դեպքում «նստում» է 5-15 հազար դրամ։ Եթե որեւէ մեկին այնուամենայնիվ հաջողվում է փորձաշրջանը հաղթահարել, նրանց հետ կնքում են եռամսյա պայմանագիր՝ 10 հազար դրամ ամսական աշխատավարձով։ Իսկ եռամսյա պայմանագրի ավարտից հետո նրանց հետ խոստանում են կնքել «ցմահ» պայմանագիր՝ բարձր աշխատավարձով։ Սակայն, լավագույն դեպքում, պայմանագիրը երկարացվում է եւս 3 ամսով՝ նույն աշխատավարձով, վատագույն դեպքում՝ աշխատողին զրկում են աշխատանքից։ Նման սկզբունքով աշխատում են հայտնի բարեր, ռեստորաններ, խաղատներ։ Այնտեղ մատուցողներին խոստանում են փորձաշրջանը հաջող ավարտելու դեպքում լավ վարձատրել, իսկ մինչ այդ «յոլա» գնալ թեյավճարներով, որն ամբողջ օրվա ընթացքում կազմում է 300-500 դրամ։ Իսկ խաղատները մինչ փորձաշրջանը կազմակերպում են վճարովի դասընթացներ։ Մի շարք ձեռնարկատերեր 6 ամիս աշխատեցնելուց հետո աշխատողին տալիս են իրենց արտադրանքի «գլուխգործոցներից»։ Մեր անանուն զրուցակիցը հավաստիացնում է, որ այս իրողությունը կրում է գրեթե զանգվածային բնույթ։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել