Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերի սնանկացման վերաբերյալ ճշգրիտ ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է

Ապրիլ 26,2001 00:00

«ՏՐԱՍՏԸ» ՊԱՅԹՈ՞ՒՄ Է Բանկերի սնանկացման վերաբերյալ ճշգրիտ ինֆորմացիա ստանալը գրեթե անհնար է «Տրաստ» բանկը սնանկացման եզրին է։ Արդեն 2-3 տարի է՝ այս բանկը կիսամեռ վիճակում է։ Եվ անհասկանալի է, թե ինչու Կենտրոնական բանկը սնանկացման գործընթաց չի սկսում։ Համենայնդեպս, այս բանկի վիճակը շատ ավելի վատ է, քան այն բանկերի («Միավորված բանկ», «Շիրակինվեստ»), որոնք դատարանի վճիռներով սնանկ են ճանաչվել»,- իր տարակուսանքը հայտնեց բանկային համակարգի գործող պաշտոնյաներից մեկը, որը, բնականաբար, չցանկացավ հրապարակել անունը։ Ընդհանրապես, բանկային ներկայիս համակարգի վերաբերյալ այդ բնագավառի պատասխանատուները կամ լռում են, կամ էլ, խոսելու դեպքում, ընդհանուր տրաֆարետային տեսակետներ են հայտնում։ Երբ սկիզբ առան խոսակցություններն այն մասին, թե կայացած համարվող բանկային համակարգը երերում է, բանկիրները սկսեցին պարբերաբար կրկնել բազմիցս կրկնածը, թե այդ համակարգը չի կարող դուրս լինել ընդհանուր տնտեսությունից եւ այդ տարբերությունը (կայացած բանկային համակարգ եւ գրեթե գոյություն չունեցող տնտեսություն) բերելու է բանկային համակարգի քայքայմանը։ Ամենեւին չվիճելով բանկիրների այս տեսակետի հետ, փաստենք, սակայն, որ նույն բանկիրները հաճախ (ինչպես եւ իմ զրուցակիցների դեպքում), ոչ հրապարակման համար, այն կարծիքն են հայտնում, որ բանկերի քայքայումը հետեւանք է ԿԲ վարած ներկայիս քաղաքականության։ Վերադառնալով «Տրաստ» բանկին, նշ ենք, որ խմբագրությանը դիմած այս բանկի խոշոր ավանդատուներից մեկը պնդում էր, թե իր հաշվեհամարը կարողացել է այս բանկից հանել միայն իր կապերի եւ ուժի շնորհիվ։ Նրա հավաստմամբ, ներկայումս «Տրաստ» բանկը իր ակտիվները մեծացնում է Լինսի հիմնադրամի հաշվին։ Մեր մյուս զրուցակիցը եւս հաստատեց այդ կարծիքը՝ նշելով, որ «Տրաստ» բանկի զուտ ակտիվներից 2-3 միլիոն դոլարը «Հայկապ» բանկի գումարներն են։ Մեր անհայտ զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ «Տրաստ» բանկը «Հայաստան» հիմնադրամի 1 մլն դոլարի ավանդը հետ է վերադարձրել Լինսի հիմնադրամի հաշվից։ Նա նշեց նաեւ, որ արդեն 7-8 ամիս է, ինչ Կենտրոնական բանկի նախագահի սեղանին է դրված «Տրաստ» բանկի վիճակը ներկայացնող փաթեթը, որին, սակայն, ԿԲ նախագահն ընթացք չի տալիս։ Չենք ուզում հավատալ այն ասեկոսեներին, թե ԿԲ նախագահն անձնական համակրանքով է առաջնորդվում այս կամ այն բանկի նկատմամբ քաղաքականություն իրականացնելիս։ Սակայն անհասկանալի է մնում այն հանգամանքը, թե «հիվանդ բանկեր չենք պահելու» արտահայտությունը կրկնող Տիգրան Սարգսյանը, «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, ինչո՞ւ սնանկացում հարուցելու նախաձեռնություն չի ցուցաբերում։ Չէ՞ որ այդ իրավունքը պատկանում է ԿԲ-ին եւ նա է պատասխանատու սնանկացման ընթացակարգը ժամանակին սկսելու եւ վերահսկելու համար։ Անշուշտ, ԿԲ-ն եւ «Տրաստ» բանկը հերքելու են վերը բերված մեր փաստարկները, վկայակոչելով թեկուզ բանկի այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը։ Դատելով այդ հաշվետվությունից (որի համաձայն, բանկի ակտիվների եւ պասիվների հաշվեկշիռը 5252207 հազար դրամ է), բանկը որեւէ խնդիր չունի։ Առավել եւս, երբ դիմեցինք «Տրաստ» բանկի վարչության նախագահ Տիգրան Առաքելյանին՝ փոխանցելու ավանդատուների բողոքն այն մասին, թե բանկը չի կարողանում վերադարձնել ավանդները, պրն Առաքելյանը բացառեց այն եւ պաշտոնապես հայտարարեց, որ դա զրպարտանք է, իրենք ի վիճակի են ավանդները վերադարձնել։ Իմ այն հարցին, թե «Տրաստին» սպառնո՞ւմ է արդյոք սնանկացման վտանգը, պրն Առաքելյանը պատասխանեց՝ ոչ, չի սպառնում։ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել