Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած նախագահ Բուշը դժգոհությամբ էր խոսում իր նախորդի՝ միջազգային խնդիրները լուծելու խանդավառության

Ապրիլ 26,2001 00:00

Պարոն Բուշի կասպյան դիվանագիտությունը Չնայած նախագահ Բուշը դժգոհությամբ էր խոսում իր նախորդի՝ միջազգային խնդիրները լուծելու խանդավառության մասին, նա վերջերս հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ երկու պետություններ, որոնք ներգրավված են անլուծելի թվացող էթնիկական կոնֆլիկտի մեջ: Պրն Բուշի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի (Ադրբեջանի ներսում հայկական անկլավի) վերաբերյալ բանակցություններին, անշուշտ, մասամբ պայմանավորված է Կասպիական շրջանում առկա գազի ու նավթի խոշոր պաշարներով: Բոլոր դեպքերում դա ողջունելի քայլ է, որը, հուսանք, նշանավորում է Վաշինգթոնի շահագրգռվածության պահպանումը աշխարհի անհանգիստ տարածաշրջաններով: Սերտորեն համագործակցելով Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի բնակիչները պատերազմ սկսեցին Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու նպատակով, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը: Հայերը այժմ արդյունավետորեն տիրապետում են Լեռնային Ղարաբաղին, գրավել են նրան շրջապատող տարածքները եւ Հայաստանի հետ անկլավը կապող միջանցքը: 800 հազար ադրբեջանցիներ տեղահան են արվել իրենց բնակավայրերից եւ ապրում են փախստականների խղճուկ ճամբարներում՝ Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանը շրջափակել է Հայաստանը, որտեղ տնտեսության ճնշված վիճակը պատճառ դարձավ բնակչության մոտ կեսի արտագաղթին: Իր հերթին, հայկական համայնքը Ամերիկայում համոզել է Կոնգրեսին՝ արգելել ամերիկյան օգնությունը Ադրբեջանին: Անցած բանակցությունները ի հայտ են բերել անհամաձայնություն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն ասում է, որ ինքը կտրամադրի այդ շրջանին լայն ինքնավարություն, թողնելով այն որպես Ադրբեջանի մաս: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձգտում են անկլավի անկախությանը: Սակայն այժմ Բուշի վարչակազմի պաշտոնյաները, կարծես, ավելի լավատես են՝ գտնելով, որ Հայաստանը կարող է դառնալ ավելի ճկուն: Նրանք հույս են հայտնում, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Ղարաբաղի բնակիչ, որը նաեւ անկլավի առաջնորդն էր, կարող է համոզել հայերին եւ հատկապես ազդեցիկ զինվորականներին՝ հրաժարվել անկախության պահանջից, եթե ինքը՝ Քոչարյանը այդպես է որոշել: Պրն Բուշի մասնակցության գլխավոր պատճառն այն է, որ խաղաղությունը կարագացնի կասպիական նավթահանքերի զարգացումը եւ նավթատարի շինարարությունը, որը ադրբեջանական նավթը կտեղափոխի Արեւմուտք: Գերադասելի երթուղին շրջանցելու է Ռուսաստանը, որտեղ նավթի հոսքը կարող է դառնալ քաղաքական իրադարձությունների պատանդ: Բայց այդ դեպքում էլ երթուղին խոցելի է դիտվում, քանի որ շատ մոտ է անցնում հայերի կողմից վերահսկվող տարածքներից: Մի տարածաշրջանում, որտեղ գերակայում է Ռուսաստանը եւ բրիտանական ու ֆրանսիական նավթային ընկերությունները, պրն Բուշը, անկասկած, հույս ունի մեծացնել Ամերիկայի ազդեցությունը: Ողջունելի է, որ նա անում է այդ՝ նպաստելով խաղաղությանը: The New York Times, խմբագրական, 16 ապրիլի 2001 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել