Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը

Ապրիլ 26,2001 00:00

ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ Նախագահը պատասխանատվությունը վերցրել է իր վրա Նախագահ Քոչարյանը օրեր առաջ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրը, ասաց. «Ղարաբաղի խնդիրը եւ տնտեսական զարգացումը»։ Նախագահը իրավացիորեն այս երկու հարցերն իրարից չուզեց անջատել, ասելով՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը զուգահեռ, տնտեսության զարգացման աճը եւս կավելանա։ Քի Ուեսթ մեկնելուց առաջ նախագահը հանդիպեց նաեւ ԵԿՄ վարչության մի խումբ անդամների հետ։ Հանդիպմանը մասնակից, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Ալբերտ Բազեյանը ղարաբաղյան հակամարտության հետ կապված իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է։ Պրն Բազեյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է գնահատում ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ առկա քողածածկույթը։ Պրն Բազեյանն ասաց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել են որոշ ճշտումներ անել քիուեսթյան հանդիպման հետ կապված, բայց Քոչարյանը վարվել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին անում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այսինքն՝ հարցրել է. «Ի՞նչ է, ինձ չե՞ք վստահում։ Դուք պետք է վստահեք ինձ, ես մեր պետության շահերի դեմ ոչ հայանպաստ ոչ մի լուծման չեմ գնա»։ Նախագահը ասել է նաեւ, որ ինքը, ի տարբերություն Ալիեւի, չի հենվում հասարակական կարծիքի կամ քաղաքական ուժերի վրա եւ իր վրա է վերցնում պատասխանատվությունը։ ԵԿՄ անդամներին հետաքրքրել են որոշ հարցեր՝ կապված եռանախագահների մոտեցումների հետ, լուծման առաջարկվող տարբերակները, քննարկումներում ի՞նչ մոտեցումներ են դրսեւորվել եւ այլն։ Մեղրիին վերաբերող հարցին նախագահ Քոչարյանը, ըստ Բազեյանի՝ «ոչ շատ վստահ տոնով ասաց, որ Մեղրիի առաջարկ եղել է, բայց մերժվել է, այդ տարբերակը չկա, կարող եք հանգիստ լինել, տարածքների փոխանակում չի լինելու, այլ խնդիր է կոմունիկացիաների հարցը»։ Երկրապահներն իրենց տեսակետն են արտահայտել, ըստ որի, իրենք դեմ չեն հաղորդակցման ճանապարհներին, բայց դա պետք է լինի փոխադարձ, այսինքն՝ ադրբեջանական երկաթուղին պետք է անխափան մուտք գործի Հայաստանի տարածք, Հայաստանի տարածքով կարող է աշխատել երկաթուղի, ապահովելով Նախիջեւան-Ադրբեջան կապը, բայց յուրաքանչյուր երկիր ինքը պետք է վերահսկի իր տարածքի հաղորդակցության ուղիները եւ ապահովի դրանց անվտանգությունը։ Նախագահ Քոչարյանը երկրապահներին խոստացել է նաեւ, որ ինքը երբեք չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Ժամանակին ղարաբաղյան հարցը դարձավ առիթ իշխանափոխության համար։ Այն ժամանակ հարցի կարգավորման հնարավոր տարբերակին տիրապետում էր վեց պաշտոնյա։ Այժմ՝ միայն մեկը։ Արդյո՞ք կարող ենք ենթադրություն անել, որ նախագահ Քոչարյանը հարցը գաղտնի է պահում, որպեսզի խուսափի հնարավոր հաջորդ իշխանափոխությունից։ Այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում եւ վստահում էին երկրապահները, այսօր ո՞վ կարող է լինել այն անձնավորությունը, որին կվստահեն եւ կպաշտպանեն։ Կարծես թե չի երեւում տվյալ գործիչը, հետեւաբար, ղարաբաղյան հակամարտությունը առայժմ, համենայնդեպս, գաղտնիության այս փուլում, հազիվ թե լուրջ առիթ դառնա իշխանափոխության։ Արդյո՞ք բացառվում է, որ «Հոկտեմբերի 27»-ը կարող էր կազմակերպված լիներ դրսի ուժերի կողմից նաեւ ա՛յդ նպատակով՝ ղարաբաղյան հակամարտությունը փակուղի կամ ոչ հայանպաստ վճռելու մտադրությամբ։ Ըստ Ալբերտ Բազեյանի՝ դրսի ուժերը շատ բան կարող էին ցանկանալ. «Բայց պետական համակարգ կա, չէ՞, համապատասխան մարմիններ կան, որպեսզի ապահովագրեն երկիրը դրսի ոտնձգություններից։ Ասենք թե Թուրքիայի վարկածը։ Թուրքիան կարող է շահագրգռված լինել ոչ միայն ԱԺ-ում սպանդ կազմակերպելու, անկայունություն սերմանելու մեջ, այլ նաեւ՝ ընդհանրապես մեր պետականությունը վերացնելուն կարող է ձգտել։ Նույնը նաեւ Ադրբեջանը։ Բայց երկրում կան համապատասխան ծառայություններ, անվտանգության մարմիններ»։ Պրն Բազեյանը համարում է, որ եթե նույնիսկ հանցագործությունը կազմակերպվել է դրսի ուժերի կողմից, ուրեմն իշխանությունները պատասխանատու են. «Դրսի ուժերը ոչինչ չեն կարող կազմակերպել որեւէ պետության մեջ, եթե տվյալ պետության համապատասխան կառույցները իրենց տեղում իրենց գործառույթները լիարժեք են կատարում։ Մեզ համար գոնե այս փուլում ակնհայտ է, որ հանցագործների թիկունքում եղել են ուժեր, կազմակերպիչներ կամ դրդողներ, համախոհներ։ Խնդիրը մենք տեսնում ենք երկրի ներսում։ Եթե չլինեին մարդիկ, որոնք պատրաստ լինեին դառնալ դրսի ուժերի գործակալ, դրսի ուժերի կամքը կատարող, ապա սա չէր տեղի ունենա։ Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքացիներն են դա կատարել, այսինքն՝ նրանք դավաճաններ են։ Այս պայմաններում, բնականաբար, մենք մեղադրանքներ ենք հասցեագրում երկրի իշխանություններին, որ հնարավոր եղավ երկրում իրականացնել նման ոճրագործություն»։ Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ «Պատերազմը տեղի է ունեցել եւ մենք մեր կռիվը կռվել ենք,- ասում է պրն Բազեյանը եւ շարունակում,- իշխանությունների խնդիրն է մնում քաղաքական եւ դիվանագիտական բոլոր մեթոդներով գնալ հարցի խաղաղ կարգավորման եւ մեր ժողովրդին չտանել նոր պատերազմի։ Նոր պատերազմի արդյունքները չեն կարող երաշխավորված լինել։ Իսկ եթե խոսքը գնում է հարցի փոխզիջումային կարգավորման մասին, պետք է արձանագրվի ներկա այն վիճակը, որը մեր հաղթանակած պատերազմի արդյունքն է։ Փոխզիջումը պետք է լինի երկկողմանի, պետք է հստակ դրվի՝ ի՞նչ է զիջում Ադրբեջանը եւ ի՞նչ ենք զիջում մենք։ Այսպես պետք է նայել բանակցություններին եւ դրանց պարտադիր պետք է մասնակցի նաեւ Ղարաբաղը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել