Լրահոս
Օրվա լրահոսը

Քի

Ապրիլ 26,2001 00:00

«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Քի Ուեսթից հետո Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, ըստ «Ազգային համաձայնության ճակատի» հայտարարության, որակապես նոր փուլ են թեւակոխել։ Պատմություն դարձած այդ բանակցություններն իրենց տեխնոլոգիայով էապես տարբերվել են նախորդներից։ Բացի այդ, առաջին անգամը լինելով, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հնարավոր եւ անհրաժեշտ են համարել հայտարարել ոչ միայն Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց դիքորոշումների «բացարձակ կոնսոլիդացիայի», այլեւ այն մասին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումներն այնքան հաջող են մոտեցված, որ հակամարտության կարգավորման բուն համաձայնագրի նախագծի կազմումը հնարավոր է եղել վստահել միջնորդներին՝ առանց հակամարտող կողմերի մասնակցության։ Ու թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ինչպես իրենք են հայտարարում, ամբողջական պատկերացում չունեն նախապատրաստվող համաձայնագրի նախագծի ո՛չ էության, ո՛չ մանրամասների մասին, այդուհանդերձ, բավարարված են բանակցությունների արդյունքներից։ Ճակատն արձանագրեց նաեւ, թե Քի Ուեսթում միջնորդները առաջին անգամ կոշտ դիրքորոշում են դրսեւորել՝ ցանկացած հանգամանքներում եւ սեղմ ժամկետներում ապահովել «տարածաշրջանում խաղաղության հաստատումը»՝ սահմանելով երկամսյա ժամկետ՝ համաձայնագրի նախագիծը պատրաստելու եւ հունիսին Ժնեւում քննարկելու կամ նույնիսկ նախնական ստորագրության համար։ Ղարաբաղի խնդրի կարգավորման համատեքստում ներկայացնելով Ճակատի դիրքորոշումը, Ազգային անվտանգության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցը հաստատեց քաղաքական առանձին ուժերի այն տեսակետը, թե Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը տրանսֆորմացվել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության՝ ԼՂՀ-ն դուրս թողնելով բանակցային գործընթացից։ Հարցի գլոբալիզացիայի արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը դարձել են հակամարտության օբյեկտներ, եւ դատապարտված են ենթարկվել գերտերությունների թելադրանքին։ Վերջիններս, իհարկե, պարտադրելու են հակամարտության կարգավորման այն եղանակները, որոնք բխում են իրենց սեփական շահերից։ «Հերթական անգամ Հայաստանի ճակատագիրը հայ ժողովրդի համար եւ նրա փոխարեն ստանձնում են լուծել մեծ տերությունները,- ասված է Ճակատի հայտարարության մեջ եւ հավելված,- բանակցությունների ժամանակ լուծվում է ոչ թե ղարաբաղյան, այլ՝ աշխարհաքաղաքականության շրջանակներում գեոստրատեգիական հարց»։ Ըստ այդմ, գերտերությունները փորձում են վերահսկողություն սահմանել Անդրկովկասյան տարածաշրջանում եւ առաջին հերթին այն տարածքների վրա, որոնք անհրաժեշտ են տրանսպորտա-հաղորդակցական կապերի համակարգ ստեղծելու համար։ «Ներկայումս, անկասկած, ընթանում է Հայաստանի ենթակայությունից Մեղրիի սահմանամերձ գոտու օտարում, որը քողարկված է տվյալ գոտում հաղորդակցության ճանապարհների բացման գրավիչ գաղափարով, որի անվտանգությունն ապահովելու են միջազգային խաղաղարար ուժերը՝ միջազգային համապատասխան կազմակերպությունների մանդատով»։ Ճակատը կանխատեսում է, թե այդ ծրագիրը «Հայկական հարցի վերջնական լուծման» նախապայմաններ է ստեղծում։ Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով՝ «Ազգային համաձայնության ճակատն» անընդունելի է համարել բանակցություններում ձեռք բերված այն պայմանավորվածությունը, թե՝ կարգավորման սկզբունքային հարցերի շուրջ ձեռք են բերվում պայմանավորվածություններ եւ հետո միայն ներկայացվում ժողովրդի քննարկմանը։ Ճակատը գտնում է՝ «հասարակությունն անառարկելի իրավունք ունի կանխավ հայտնելու իր վճիռը կարգավորման առաջարկվող սկզբունքների մասին, որից հետո միայն պետության ղեկավարը կարող է համարել, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ բանակցություններն ավարտելու եւ պայմանագիրը ստորագրելու համար»։ Ճակատի անդամ Աշոտ Մանուչարյանը հիշեցրեց, որ Հայաստանում նման նախադեպ եղել է դեռ 92-ին, երբ Գերագույն խորհուրդը բանակցություններում նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին մանդատ տալուց առաջ որոշակի սահմանափակումներ դրեց։ «Դա ընդունված ձեւ է, եւ հիմա նմանատիպ տեխնոլոգիայի կիրառում անհրաժեշտ է»։ Էդ.Սիմոնյանցը տեղեկացրեց, որ իրենք պահանջում են բանակցությունների ժնեւյան փուլից առաջ հրապարակել, ոչ թե կարգավորման ծրագրի մանրամասները, այլ՝ ընդամենը դրա սկզբունքները։ Մյուս կողմից, Ճակատի դիրքորոշումն այն է, որ կարգավորման սկզբունքների «ժամանակից շուտ» հրապարակումից խուսափելու եւ հասարակությանն ու քաղաքական ուժերին բանակցային գործընթացից հեռու պահելու վարվող քաղաքականությունը, որի նպատակն իբր «դեստրուկտիվ զգացմունքային պայթյունների» կանխումն է, վնասակար է, «քանի որ ոչ միայն չի բացառում, այլեւ՝ մեծացնում է բանակցությունների վերջնական արդյունքների կապակցությամբ համանման պայթյունների վտանգը»։ Էդ.Սիմոնյանցը կարծիք հայտնեց, թե անհրաժեշտ է խորհրդարանական լսումներ կազմակերպել, ուր կհրապարակվեն կարգավորման միայն հիմնական սկզբունքները։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել