Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ ՇՈՒՏ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ

Ապրիլ 25,2001 00:00

ՈՐՔԱՆ ՇՈՒՏ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Զվարթնոցը» Արմավիրի «Հոբելյանական» ստադիոնում ընդունել էր Աշտարակի «Միկային»։ Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ այդ հանդիպումում դաշտի տերերը պարտություն կրեցին 0։1 հաշվով։ Այսօր ուզում ենք ավելի մանրամասն խոսել այդ հանդիպման մասին, քանի որ, կարծում ենք, թե այն, ինչ կատարվում էր խաղադաշտում, պետք է որ բնորոշ լինի մրցաշրջանը նոր-նոր սկսած հայաստանյան բոլոր թիմերին։ Թե՛ «Զվարթնոցի», թե՛ «Միկայի» ֆուտբոլիստները, ցուցադրեցին հաղթանակի հասնելու ձգտում։ Ու դա նրանց ընդհանուր առմամբ հաջողվեց։ Գնդակի համար պայքար էր ծավալվում խաղադաշտի ամբողջ տարածքում, հաճախ մրցակիցները ձեռնարկում էին կազմակերպված, իրենց մեջ տրամաբանություն պարունակող գրոհներ ու դա չէր կարող չուրախացնել։ Սակայն նրանց չէր բավականացնում կատարողական վարպետությունը, որը, հավանաբար, դեռեւս լավ մարզավիճակում չլինելու հետեւանք էր։ Եթե թիմերի կիսապաշտպանական օղակները համեմատաբար ավելի լավ տպավորություն էին թողնում, նույն բանը չէիր ասի հարձակման եւ պաշտպանական գծերի խաղացողների մասին։ Առաջինները ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացան շատ թե քիչ վտանգավոր հարված կատարել դարպասին՝ միջին եւ հեռու տարածություններից, մրցակցի տուգանային հրապարակում չէին փայլում հնարամիտ եւ սուր գործողություններով, իսկ երկրորդները հաճախ չէին հասցնում ժամանակին կազմակերպել պաշտպանությունը՝ վերջին հույսը թողնելով դարպասապահներին։ Վարպետության կամ մարզավիճակի պակասի արդյունք էր նաեւ խաղային իրավիճակներում ստեպ-ստեպ կոպտությունը, որը տեղի էր ունենում գլխավորապես դաշտի կենտրոնում գնդակի համար պայքարում, ու դրան հետեւած դեղին քարտերի առատությունը։ Ու այստեղ էլ հակված ենք մտածելու, որ փոխադարձ դիտավորություն չկար։ Ինչեւէ, գավաթային պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 27-ին եւ 28-ին։ Հուսանք, որ տուրից տուր թիմերի խաղը կհղկվի, հայկական ֆուտբոլը կդառնա էլ ավելի դիտարժան, որի բոլոր նախադրյալներն այսօր տեսանելի են։ Եվ որքան շուտ՝ այնքան լավ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել