Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ մի փնտրիր դու, ոստիկա՛ն

Ապրիլ 25,2001 00:00

Ինձ մի փնտրիր դու, ոստիկա՛ն Ապրիլի 19-ին եւ 20-ին Երեւանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կայացած Վլադիմիր Սպիվակովի եւ «Մոսկվայի վիրտուոզների» բարձրարվեստ համերգին զուգընթաց, համերգասրահի բակում տեղի ունեցավ թատերական ներկայացման նման մի բան։ Ներկայացումը երեւի թե անհրաժեշտ էր այն մարդկանց, ովքեր համերգն ընկալում էին իբրեւ մի արարողություն, որտեղ ներկա էին հանրապետության նախագահն ու կաթողիկոսը։ Վ. Սպիվակովին հաճելի էր կոնսերվատորիայի ուսանողների եւ բոլոր երաժշտասերների ներկայությունը, իսկ ահա ոստիկանության աշխատակիցները պնդում էին հակառակը։ Պարզվեց՝ սխալվել էինք, կարծելով, թե նրանց ֆունկցիան հսկելն էր եւ անկարգություններին խոչընդոտելը, որովհետեւ այդ համերգին ստացվեց հակառակը։ Աղմուկ-աղաղակի պատճառն այն էր, որ համերգասրահ մտնելու իրավունք չունեին ոչ տոմս չունեցողները եւ ոչ էլ… ունեցողները։ Բնական է, որ շատերը չէին կանգնում հորդ անձրեւի տակ ու սպասում, այլ թողնում ու հեռանում էին՝ ձեռքում ունենալով թրջված ու ճմրթված տոմսեր։ Իսկ այն փաստը, որ գրպանահատների համար աշխատանքի նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, բնավ չէր հուզում ոչ ոքի։ Դեռ ավելին, ոստիկանության աշխատակիցները հայտարարել էին, որ թույլ կտան ներս մտնել միայն «սիրունիկ աղջիկներին», ովքեր կհայտնեն իրենց անունն ու հեռախոսահամարը։ Ավելի ուշ զվարճանալու մի նոր միջոց էին հորինել եւ ասել, որ միայն նրանք համերգին ներկա գտնվելու իրավունք կստանան, ում անունը սկսվում է Վ տառով։ Հարկ ենք համարում շնորհավորել իրենց պարտականությունը գերակատարող այս ոստիկաններին այն բանի համար, որ արվեստից ոչինչ չեն հասկանում եւ չեն կրում այն վիրավորանքը, որպիսին ունեցել են մարդիկ այդ օրը։ Իսկ երաժիշտները, խենթ լինելուց բացի, նաեւ հնարամիտ են եւ ցանկացած բարդ իրավիճակը հաղթահարելու միջոց կարող են գտնել։ Այսպես, առաջին համերգի ժամանակ կոնսերվատորիայի մի քանի ուսանողուհիներ, ովքեր հեռախոսահամարներ փոխանակելու ցանկություն չունենալու պատճառով չէին կարողացել մտնել ներս, չկորցնելով իրենց, հանել էին գործիքները եւ սկսել նվագել՝ այս միջոցով աշխուժացնելով նաեւ բոլոր նրանց, ովքեր մնացել էին բակում կանգնած։ Ոստիկանները, հասկանալով, որ աղջիկները խանգարում են ծանոթություն հաստատելու իրենց նոր մեթոդին, հրավիրել էին նրանց մտնել ներս, սակայն աղջիկները հպարտորեն հրաժարվել էին՝ գերադասելով բախտակից լինել անձրեւի տակ կանգնածներին։ Երկրորդ համերգին կոնսերվատորիայի ուսանողներն իրենց նվագով ուղղակիորեն ստիպել էին բացել դռները բոլորի առջեւ։ Ահա թե ինչպիսին են «ցնորված» երաժիշտները։ Եթե երաժիշտները չեն կարող «յոլա գնալ» առանց լրացուցիչ հսկողության եւ կարգուկանոնի հաստատման, ու նրանց անհրաժեշտ են հենց այսպիսի ոստիկաններ, ապա վախենում ենք պատկերացնել, թե ինչպիսի հսկողություն է անհրաժեշտ վերջիններիս։ ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել