Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետինե մահակները օրենքի ուժ են ստացել

Ապրիլ 25,2001 00:00

Ռետինե մահակները օրենքի ուժ են ստացել Ոստիկանները խուսափում են իրենց օրենքի մասին խոսել, հավանաբար, վախենում են՝ աչք կպնի։ Կամ թե օրենքը նորից ենթարկվի փոփոխությունների։ Կամ թե-երը շատ են։ Բայց ամենամեծ թե-ն այն է, որ ոստիկանները խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել առանց իրենց վերադասի թույլտվության։ Այսպես թե այնպես, «Ոստիկանության մասին» օրենքի կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր ոստիկաններին, որոնց մի մասը գտնում է, թե իրենց լիազորություններ են տրվել, մի մասն էլ՝ թե լիազորությունները ձեռքներից խլվել են։ «Ոստիկանության մասին» օրենքն ունի 7 գլուխ, 41 հոդված։ Այն սահմանում է ոստիկանություն հասկացությունը, նրա գործունեության սկզբունքները, տալիս իրավական կարգավորման սահմանները։ Օրենքում թերեւս կարեւոր էր «Ոստիկանության գործունեությունը եւ քաղաքացիների իրավունքները» հոդվածը, ուր հստակ ձեւակերպված է. «Ոստիկանությունն իրավասու չէ հավաքել, պահել, օգտագործել եւ տարածել անձի անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ», եւ ինչը որ խիստ կարեւոր է. «Ոստիկանության աշխատակցի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը, կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելը արգելվում է եւ առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»։ Այլ կերպ ասած, հոդված 5-ը բացառում է ՆԳ բաժիններում առկա այն սովորույթը, երբ քաղաքացու մեղքը օրենքով սահմանված կարգով դեռ չհաստատած, ՆԳ բաժինները իրենք են հանցագործության դիմում՝ դիմելով քաղաքացիների արժանապատվությունն ու անձը ոտնահարող մեթոդների։ Այս հոդվածին լրացնում է հոդված 10-ը. «Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս եւ նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս»։ Առաջին անգամ, թերեւս, մեզանում ամրագրում է օրենքը դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ՆԳ մարմինների պաշտոնատար անձանց, «տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների եւ քրեական դատավարությանն աջակցող այլ անձանց, ինչպես նաեւ նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը կամ գույքը պաշտպանելու ուղղությամբ»։ Օրենքի ուժ է ստացել նաեւ ոստիկանության աշխատակիցների «հատուկ միջոցներ» սահմանումը, օրինակ, ռետինե մահակները, արցունքաբեր գազը, ձեռնաշղթաները, ուշադրությունը շեղող լուսաձայնային, արգելանքներ քանդելու միջոցները, ջրանետերն ու զրահամեքենաները, հատուկ ներկող նյութերը, կայծային պարպիչները եւ, իհարկե, ծառայողական շները… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել