ՋՐԻ ՃԱՄՓԱ Բոլորս միաձայն կարող ենք հպարտանալ Հայաստանի լեգենդար անմահական ջրի համով: Կան, իհարկե, այնպիսի շրջաններ, որտեղ ջրի համն իրեն չի արդարացնում, օրինակ, Երրորդ մասը եւ այդ գծի վրա գտնվող թաղամասերը: Մենք՝ լրագրողներս, քաջատեղյակ ենք այս հիմնահարցին, քանի որ մամուլի շենքը օգտվում է այս՝ «կոյուղու» ջրից: Օգտվում ենք, եթե ջուրը գալիս է: Այն, որ Հայաստանի ջուրը չի գնահատվում եւ չի պահպանվում, բոլորն արդեն շատ վաղուց գիտեն: Մի քանի օր առաջ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում պայթել է մի ջրախողովակ: Մերձակայքում գտնվող հիմնարկությունները որոշել են ինքնուրույն կարգավորել վթարը, սակայն հասկացել են, որ դրա համար մեծ գումար կպահանջվի: Նրանք դիմել են Ջրմուղկայան, որտեղից պատասխան են ստացել, որ խողովակը չի վերանորոգվում նույն պատճառով՝ ահագին գումար է պահանջվում: Ի դեպ, անհատները, որոնք մտահոգված են այս հարցով, վթարի պատճառով ջրից չեն զրկվել, պարզապես նրանք տեսնում են, թե ինչպես է ջուրը հոսում ու հոսում «Նաիրիտ» գործարանի տակ: Մ. Մ.