Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր խոսք ծիսական ծառայությունների ոլորտում

Ապրիլ 25,2001 00:00

Նոր խոսք ծիսական ծառայությունների ոլորտում Երեւանի «Թաղման բյուրոն» դուրս է գալիս միջազգային ասպարեզ։ Ավելի ստույգ՝ մայրաքաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ն այժմ փնտրում է ԱՄՆ-ում գործընկեր մի կառույց, որի միջոցով հնարավոր կլիներ Ամերիկայի մեր հայրենակիցներին մատուցել մի շատ յուրատեսակ ծառայություն։ Խոսքը վաղ եւ ոչ վաղ անցյալում արտագաղթած քաղաքացիների հանգուցյալ մերձավորների՝ Հայաստանում մնացած շիրիմների բարեկարգման մասին է։ Ըստ «Հատուկ սպասարկում» ընկերության տնօրինության մտահղացման, արտերկրում բնակվող հայերը հնարավորություն կստանան պատվերով դիմել «Թաղման բյուրոյի» ամերիկյան «մասնաճյուղին», նշելով բարեկարգման ենթակա շիրիմի վայրը եւ անհրաժեշտ ծառայությունների ցանկը։ Այնուհետեւ ԱՄՆ-ում գտնվող գործակալությունը պատվերը կուղարկի Երեւան եւ այստեղ արդեն գերեզմանատան աշխատակիցները կջանան հաշվի առնել պատվիրատուի բոլոր ցանկությունները՝ սկսած հուղարկավորման վայրի ցանկապատումից, վերջացրած գոյություն ունեցող տապանաքարի մաքրման աշխատանքներով։ Արդյունքում՝ պատվիրատուին կներկայացվի ոչ միայն հաշիվը, այլեւ բարեկարգված շիրիմի լուսանկարը՝ իբրեւ մատուցած սերվիսի հավաստիք։ Հաշվի առնելով չդադարող արտագաղթը՝ այս նախաձեռնությունը անկասկած կարելի է համարել տեղին եւ ժամանակի թելադրանքին համապատասխան։ Ընդհանրապես, սպասվող նորամուծությամբ չեն սպառվում «Թաղման բյուրոյի» այն քայլերը, որոնք միտված են ծիսական ծառայությունների մատուցումը դարձնել ավելի ժամանակակից եւ կազմակերպված։ Արդեն երկու ամիս է, ինչ հայտարարվել է «տեղեկատու հեռախոսի» մասին, որի օգնությամբ հուղարկավորության հետ կապված բոլոր հոգսերը կարելի է վստահել հատուկ գործակալին։ Գործակալը կժամանի ծառայությունների ցանկով եւ ըստ գործող գնացուցակի՝ կկազմակերպի բառացիորեն ամեն ինչ։ Սա իր մեջ է ներառում փաստաթղթերի ձեւակերպում (9500 դրամ), դագաղի պատվեր (16.000 դրամից- 300-400 դոլար), սգո սենյակի ձեւավորում (30 հազար դրամ, ըստ ցանկության) եւ նույնիսկ քահանայի ծառայություն։ Այս բոլոր չարչարանքների դիմաց գործակալի վարձը կազմում է ընդամենը 5000 դրամ։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել