Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարողական վիրտուոզ ազատություն, լուրջ դժվարությունների հաղթահարման զարմանալի թեթեւություն։ Այստեղ

Ապրիլ 25,2001 00:00

«Արվեստի հրաշքը» Կատարողական վիրտուոզ ազատություն, լուրջ դժվարությունների հաղթահարման զարմանալի թեթեւություն։ Այստեղ կա ամեն ինչ՝ ե՛ւ հնչյունի թրթռուն տատանում, ե՛ւ նվագախմբային պայթյուններ, օդեղեն պիանո, որոտընդոստ ֆորտե, ինչ-որ տեղ իմպրովիզացիոն ազատություն, բայց եւ՝ ձեւի հստակ գծագրություն։ Երկու օր շարունակ այսպիսի վիրտուոզ կատարման ունկնդիր եղավ հայ հանդիսականը՝ շնորհիվ աշխարհահռչակ մաեստրո Վլադիմիր Սպիվակովի եւ նրա ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում առանձնազրույց ունեցա մաեստրոյի հետ։ -Հայ ունկնդիրը Ձեզ իրավամբ համարում է «Աշխարհի քաղաքացի»… – Այո, ունկնդիրս իրավացի է։ Հաճախ մտածում եմ՝ մի կողմից ստացվում է այնպես, որ ես ոչ մի տեղ չեմ ապրում։ Արթնանում եմ, դա կարող է լինել օրվա տարբեր ժամերի, ու մի պահ չեմ իմանում, թե որտեղ եմ գտնվում՝ Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում… Մյուս կողմից՝ ես կասեի, որ ինձ բաժին է ընկել յուրօրինակ առաքելություն։ Սա իմ աշխատանքն է՝ Աստծո պարգեւներից մեկը։ Պարգեւներից մյուսն էլ ունկնդիրս է։ Հանրահայտ ճշմարտություն է՝ կատարողական արվեստը գոյություն ունի շնորհիվ այն բանի, որ կա նորին մեծություն ունկնդիրը։ Ամենուր զգացել ու զգում եմ միայն սեր իմ եւ ունկնդրիս միջեւ։ Իսկ որտեղ սեր՝ այնտեղ եւ պարտավորություն։ – «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբին զուգահեռ ղեկավարում եք աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Ռուսաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախումբը… – Դիրիժորը, ինչպես ասում է ֆրանսիացին, ծնվում է փայտիկը ձեռքին։ Տարբերություն չկա՝ նա ղեկավարում է կամերային, թե սիմֆոնիկ նվագախումբ։ Կարեւոր է, որ դիրիժորն ունենա լայն տեսողություն, որ ընկալի ոչ թե սոսկ առարկան, այլեւ նրա մթնոլորտը։ Այդպես էլ յուրաքանչյուր հնչյուն պետք է լսել իր ձայնային մթնոլորտում եւ նույն նոտան տարբեր տեղում տարբեր պետք է հնչի, իսկ թե ինչպե՞ս, դա արդեն մեկնաբան-դիրիժորի գործն է։ Նա պետք է կարողանա տեղ հասցնել գաղափարը եւ ոչ թե միայն հիանա հնչողությամբ։ Երաժշտությունն իր կայուն օրենքներն ունի, սակայն կա մի բան, որ օրենքներից եւ ամեն ինչից դուրս է։ Այն կոչվում է «արվեստի հրաշք»։ Պատկերացրեք, համերգի սկզբում նվագախմբի արտիստները, ես, ունկնդիրս… ամեն ինչ, որ կա դահլիճում՝ անջատ-անջատ ենք եւ համերգի սկզբից բոլոր ջանքերը սկսվում են ուղղվել այդ ամենի միանալուն, ձուլվելուն։ Եվ ահա արվեստի հրաշքը, որ կատարվում է՝ հետզհետե եւ արդեն համերգի ավարտին թվում է հազարավոր սրտերի բաբախը լսում ես սեփական սրտիդ մեջ։ Երկու կոլեկտիվներն էլ սիրով եմ ղեկավարում եւ երկու դեպքում էլ զգում եմ ու ապրում այն, ինչը կոչվում է «արվեստի հրաշք»։ – Երեւանում գործում է Ձեր անունը կրող ֆոնդը, որը ստեղծված է երիտասարդ տաղանդների ստեղծագործական աճի խթանման համար… – Այո, Երեւանում եւ նախկին ԽՍՀՄ համարյա բոլոր հանրապետություններում գործում է ֆոնդը։ Կարծում եմ, վերջինս ինչ-որ չափով թեթեւացնում է տաղանդավոր երիտասարդների, ասեմ միանգամից՝ հոգսերը։ Գոհ եւ շնորհակալ եմ ֆոնդի երեւանյան մասնաճյուղի աշխատանքներից եւ ուրախ, որ վերջինիս աջակցում են ու օգնում նաեւ հայ բիզնեսմենները։ Ֆոնդի շնորհիվ կազմակերպվում են բարձրագույն վարպետության դասընթացներ, բուժօգնություն, ձեռք են բերվում երաժշտական գործիքներ… – Ձեզ ծանո՞թ է հանգիստ հասկացությունը։ – Ի՞նչ է նշանակում հանգիստ։ Տեսեք, ես բեմում եմ… Ողջ երեկոյի կամ երեկոների ընթացքում դրական լիցքեր եմ ստանում իմ հանդիսականից։ Իսկ տարվա ընթացքում ղեկավարում եմ նվագախմբերս հարյուրավոր անգամ… Դատեք ինքներդ։ Արդյոք սա հանգիստ վիճակ չէ՞… Սա, ես կասեի, երանելի հանգստություն է։ – Հայաստանը ձգտում է դառնալ համաշխարհային ընկերակցության մի մասը։ Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել մեր երկիրը։ – Առաջին հերթին Հայաստանը կուզեի տեսնել տնտեսապես ծաղկող երկիր։ Ուզում եմ ուղղակի նկատել, որ այսօր քաղաքագետները նկատում են, որ հումք ասվածը անսպառ չէ եւ այժմ հարցերի հարցը՝ բարձր տեխնոլոգիաների ճիշտ օգտագործումն է։ Ամեն ինչ՝ հանգիստ, հավասարակշռված, ինչու չէ, ինչ-որ տեղ՝ սառը դատելով։ Վերջապես կուզեի Հայաստանը աշխարհի հետ խոսեր հավասարի իրավունքով։ – Ձեր խոսքը «Առավոտի» ընթերցողներին եւ ոչ միայն։ – Մարդը՝ առօրյա իր ապրելակերպով հիշեցնում է բնությունը։ Տեսեք, բնության մեջ երկինքը մթագնում է, ճեղքվում կայծակների փայլատակումներից, փոթորկվում է ծովը, մոլեգնում է հողմը եւ մի պահ թվում է, թե եկել է աշխարհի վերջը։ Բայց այս ամենը ժամանակավոր է… Հավատացեք, որ շուտով անամպ երկինք կլինի, հողմը կհանդարտվի, ծովը կխաղաղվի եւ գեղեցիկ մեղեդու ելեւէջներով կավետվի կյանքի նոր շրջան։ Միայն հավատացեք, որ արդեն այդ նոր շրջանը եկել է… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել