Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի

Ապրիլ 25,2001 00:00

ԱՄԵՆ ԱՋԱԲՍԱՆԴԱԼ ՖԻԼՄ ՉԷ Երեւանի թեման ամենաչարչրկվածն է արդեն դարձել։ Այլեւս որեւէ լավ, հետաքրքիր գաղափար կամ միտք, ասելիք չկա, հերթը հասել է Երեւանին։ Որն, ինչ խոսք, ակտուալ է՝ իր քաղաքաշինական, պատմական, սոցիալական եւ այլ խնդիրներով։ Վերջին շրջանում բազմաթիվ վիդեոֆիլմային փորձեր են եղել՝ Երեւանի մասին կամ Երեւանի շուրջ։ Ամիսներ առաջ Կինոյի տանը տեղի էր ունեցել «Քանի դեռ կամ» տեսաֆիլմի շնորհանդեսը, որի հեղինակներն այն անվանում են ֆիլմ եւ որդիաբար տեսաերիզի կազմի վրա գրել են՝ «Որքան էլ մենք մեր ծնողներին ցավ ենք պատճառում, միեւնույն է, նրանք ներում են մեզ։ Բայց մենք ծնողի իսկական մեծությունն ու արժեքը հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ նրանից հեռու ենք կամ կորցրել ենք նրան»։ Ծնողն այս պարագայում՝ Երեւանն է։ «Քանի դեռ կամ»-ի բեմադրող ռեժիսորն է Միքայել Դովլաթյանը, սցենարի հեղինակը՝ Հակոբ Ռուբինյանը, երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը։ Արտադրությունը իրականացրել է «Շարմ» ընկերությունը։ Տեսաֆիլմը սկսվում է նրանով, որ ավտոմեքենաներ են գալիս, որոնցից դուրս է գալիս բեմադրող ռեժիսորը՝ Միքայել Դովլաթյանը, օպերատորը, ասիստենտը… Ռեժիսորին, բնականաբար, սովոր չենք տեսնել կադրի առաջին պլանում, եւ տեսնելով՝ մտածում ենք, թե այ հիմա անպայման շատ կարեւոր բան պետք է ասի… Մ. Դովլաթյանը բարեւում է տեսախցիկի առջեւ, ներողություն խնդրում մի փոքր ուշանալու համար, ապա՝ իր օգնականին հրահանգում՝ «Աթոռը բերե՛ք, շուտ»։ Օգնականը հարցնում է՝ «Աթոռը ի՞նչ եմ անում», պատասխան՝ «Աթոռը՝ դերասանին», ապա՝ «Ուրեմն գրիմ քիչ կանեք, նստեք, խնդրում եմ»։ «Գագո ջա՛ն»,- ինչ-որ մեկին է կանչում ռեժիսորը։ Ռեժիսորի օգնականը գրիմ է անում ինչ-որ մեկին մոտավորապես այս տեսքով՝ վերեւ նայեք, հիմա՝ ներքեւ, նայեք ինձ- փակեք ձեր աչքերը եւ ինչ-որ լավ բան մտածեք… Ապա ռեժիսորի հրահանգով ֆոտո են անում, հայելի բերում, որ այդ ինչ-որ մեկը հայելում նայի։ Հայելին բերում են, հայելու մեջ Երեւան քաղաքն է արտացոլվում։ Տեսաֆիլմի սկիզբն էի այսքան պատմում, այնպես որ, այն, փաստորեն, վաղուց սկսված էր։ Ըստ սցենարի՝ Երեւանը խոսում է, ինքն իր մասին պատմում։ Ձայնը՝ Հրանտ Թոխատյանինն է։ Ու Երեւանը սկսում է իր պատմությունը իր ծննդյան օրից, մանկությունից. «… փոքր էլ եմ եղել, էնքան էլ համով երեխա էի…», «…այստեղ էլ պորտս են կտրել» (տեքստն այս ընթերցվում է Էրեբունի թանգարանի պատերի տեսաշարի ուղեկցությամբ- Ս. Ս.)։ Դժվար է ասել՝ այս տեսաֆիլմի սցենար ասվա՞ծը որն է կամ ասելի՞քը որն է, կամ ինչի՞ մասին է։ Պարզ է՝ Երեւանում են նկարահանումներն ընթանում, բոլորը ծանոթ վայրեր են, որոշ դեպքեր-իրադարձություններ են հիշատակվում՝ այստեղ այսինչը եղավ, այնտեղ՝ այնինչը… Սցենար ասվածը թռչկոտում է մեկ 2000 տարի հետ, մեկ՝ մեր օրեր, մեկ՝ խորհրդային ժամանակներ, մեկ մթի ու մոմի տարիներ. «… Քանի տարի մթի մեջ պահեցիք, դուք գոնե լամպ էիք վառում, մոմ էիք վառում, ե՞ս ինչ վառեի՝ Մատենադարա՞նը, թե՞ «Գարուն» ամսագիրը»՝ տեքստով։ Ապա հիշում. «Հա՛, հիմքս դրեց Մենուայի տղա Արգիշտին…»։ Մեկ էլ հանկարծ, ըստ սցենարի, հերոսը՝ Երեւանը, հիշում է իր փողոցները, նրբանցքները, տուպիկները, Սասունցի Դավիթ մետրոկայարանը, հետո, բակերի մասին խոսելիս՝ բամբասող կանանց՝ Վարդուշին ու Սիրուշին, ապա Լենինի արձանը, Պանթեոնը։ Արխիվային կտոր-կտոր տեսանյութեր են մեջբերվում Դերենիկ Դեմիրճյանին, Արամ Խաչատրյանին, Երվանդ Քոչարին պատկերող… Երեւանի փողոցների փոսերը հիշելուց հետո հերոսը՝ ինքը Երեւանը, կտրուկ անցում է կատարում կինոթատրոններին, որոնց մի մասը այլ օբյեկտների են վերածվել. «Ձեզ որ մնա, էն համալսարանն էլ խաղարան կսարքեք, պրոֆեսորներին էլ՝ օֆիցիանտ…»։ Այսպես, մեկ էլ՝ թափառող շներն են գովաբանվում, Երեւանի մասին հին երգեր հիշատակվում, քաղաքային պատկերներ՝ հեռվից ու մոտիկից ցուցադրվում։ Ահա ողջ ֆիլմ կոչվածը։ Վերջում ռեժիսորը կրկին երեւում է՝ «ստոպ, բոլորին շնորհակալություն», խոսքերով, Երեւանն էլ ասում է՝ ցուրտ է, բալիկ ջան, գնացեք, կմրսեք… Ի դեպ, տեսաֆիլմի ամենավերջում «Քանի դեռ կամ՝ իմն են» խորագրի տակ տասնյակ անուններ են գրվում, օրինակ՝ Արամ Խաչատրյանի, Երվանդ Քոչարի: Անունների շարքում են նաեւ Սեդրակ Սեդրակյանի, Գուրգեն Արսենյանի անունները։ Սցենարական տեքստում մի տող կար, որը այս տեսաֆիլմի մասին ամենայն հանգստությամբ կարելի է ասել ե՛ւ ռեժիսուրայի, ե՛ւ իդեայի, ե՛ւ սցենարի առումով. «Ամեն ինչ խառնել եք իրար, դարձրել աջաբսանդալ»։ Ո՞ւմ համար է ստեղծված այս տեսաֆիլմը, ո՞ր հանդիսատեսի, դժվար է կռահել։ Ընդամենը այն եկավ լրացնելու «Երեւան բլյուզ», «Մեր բակը-2», «Թույն կասետ»- ների շարքերը։ Այսքան չարժեր անդրադառնալ նաեւ այս տեսանյութին, եթե հեղինակների կողմից մեծ հավակնություն չլիներ, թե Երեւանի մասին լուրջ ֆիլմ՝ «շեդեւր», են նկարահանել։ Հատկապես զարմացրեց այն, որ այս տեսանյութի «ստեղծման» համար երկու տարի է պահանջվել: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել