Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ այս պետությունը խաբել է եւ շարունակում է անամոթաբար խաբել»,- այսպես սկսեց բողոքը օրերս խմբագրու

Ապրիլ 25,2001 00:00

«Տարած-ետ բերած» մեքենան «Ինձ այս պետությունը խաբել է եւ շարունակում է անամոթաբար խաբել»,- այսպես սկսեց բողոքը օրերս խմբագրություն դիմած քաղաքացի Հենրիկ Մխիթարյանը։ «Այսպես կոչված՝ «Մաքսատուրքի մասին», «Մաքսավճարի մասին», «Ավելացված արժեքի մասին», «Հարկերի մասին» ՀՀ անհեթեթ օրենքների համաձայն, ես պարտավոր եմ դեռեւս 1998թ. գնված մեքենան արտերկրից Հայաստան տեղափոխելու դիմաց վճարել ավելի շատ պետական տուրք, քան գնահատվել է իմ մեքենան»։ Դեռեւս 1998թ. մարտին քաղաքացին Չեխիայից BMW 318 մակնիշի 1987թ. արտադրության մեքենա է բերում Հայաստան եւ, ինչպես ինքը նկարագրեց՝ «Մեքենան կարկտահարված էր, հետեւից ջարդված եւ անփույթ պատրաստված, բայց բերեցի, մտածելով, թե ինձ յոլա կտանի»։ Սակայն, ի զարմանս քաղաքացի Մխիթարյանի, մեքենան Հայաստանում գնահատվում է պետության կողմից (գնահատման չափը մինչեւ օրս նրան չի հաջողվել ճշտել- Ա. Դ.), պահանջվում է 1400 դոլար՝ որպես պետական տուրք։ Մխիթարյանները, հասկանալով, որ անհնար է խուսափել մաքսավճարից, մեքենան տանում են շուկա, որպեսզի գոնե 1400 դոլարով վաճառեն եւ տան պետտուրքը, սակայն շուկայում «երբ գնորդները լսում էին մեքենայի գինը, զարմացած մեզ էին նայում եւ հեռանում՝ ասելով, թե այդ գնով յուղը վրեն մեքենա կառնեն»։ 10 օր շարունակ մեքենան շուկա է տարվում, սակայն ոչ մի կերպ տերերին չի հաջողվում վաճառել այն եւ դեռ ավելին, նրանք ամեն անգամ ստիպված են լինում ավտոտեսուչներին բացատրություններ տալ, թե ուր են տանում առանց համարանիշի մեքենան։ Դեպքից մեկ տարի անց (1999թ.) մաքսատան աշխատակիցները գալիս են նրանց տուն եւ «բերման» են ենթարկում մեքենան, սակայն պրն Մխիթարյանի հավաստմամբ, ինքն այդ փաստից ավելի շատ ուրախանում է, քանզի՝ «ճիշտն ասած, մեքենան ոնց որ թե վրաս մնացած լիներ՝ ոչ կարողանում էի քշել, ոչ էլ վաճառել»։ Սակայն քաղաքացու ուրախությունը երկար չի տեւում, քանզի 3 ամիս անց Աջափնյակ-Դավիթաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը նրան ծանուցագիր է ուղարկում։ Մխիթարյանի խոսքերով, մի քանի ժամ դատավորին սպասելուց հետո, երբ ինքն անհանգստացած մոտեցել է քարտուղարին եւ հարցրել դատավորի ուշացման պատճառը, վերջինս պատասխանել է. «Միեւնույն է, դատավորն ի զորու չէ որեւէ բան անելու», ուստի խորհուրդ է տվել գնալ պետեկամուտների նախարարություն։ Նշենք, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 2-388 կատարողական թերթի համաձայն, հօգուտ պետբյուջեի բռնագանձվել է 690.102 դրամ, որից 13 հազար 802 դրամը՝ որպես պետական տուրք։ Բռնագանձումը տարածվել է նաեւ Հենրիկ Մխիթարյանի անձնական գույքի վրա։ Սակայն եթե 690.102 դրամը վերածենք դոլարի, կստացվի 1273 դոլար եւ դրան էլ գումարենք քաղաքացու վերոնշյալ 1400 դոլար արժողությամբ մեքենան՝ կստացվի 2673 դոլար։ Հետեւաբար, ստացվում է, որ մի մեքենա բերելու համար պետք է քաղաքացին իր տունուտեղը նվիրեր պետությանը։ Իսկ մի՞թե հենց այդ «նվերի» համար չի ստեղծվել վերոնշյալ արգելանքը։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել