Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի

Ապրիլ 25,2001 00:00

ԶԻՆՎՈՐԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԽՈՍԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ծեծի հետեւանքով «Հիմա երկար չեմ կարող քայլել, գլուխս պտտվում է, սրտխառնոց ունեմ, երկար չեմ կարող նստել, մեջքս ցավում է, ջերմություն ունեմ, որի ժամանակ նորից աչքիս առաջ սեւացավ, ես ընկա, ինձ բարձրացրին-նստեցրին։ Մի քանի րոպե չէի տեսնում… Աջ աչքս ուժեղ ցավում է, լավ չեմ լսում աջ ականջով»։ Սերժանտ Սուրեն Գրիգորյանը, որին հանդիպում եմ հիվանդանոցում, այսքանն ինձ «պատմեց» գրավոր, որովհետեւ դաժան ծեծի ենթարկվելով կորցրել է անգամ խոսելու ունակությունը։ Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 28-ին, Արմավիրի մարզի թիվ N զորամասի շտաբի պետի աշխատասենյակում, մի խումբ սպաների կողմից։ Ըստ «Նորք» հոգեկան առողջության հանրապետական կենտրոնի» 28 փետրվարի 2000թ. բժիշկների եզրակացության (բժիշկներ՝ Ն. Ա. Թումանյան, Վ. Վ. Ֆրանգուլյան), Սուրենը ստացել է «գլխուղեղի թեթեւ աստիճանի սալջարդ, քթի ոսկորների կոտրվածք, դեմքի եւ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդի եւ քերծվածքի ձեւով արտահայտված կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ»։ Ս. Գրիգորյանը տարվել էր նախ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունք, որտեղ, ի դեպ, «փորձաքննվողը… խոսել է կակազելով, անհասկանալի, բացատրվել է ձեռքերի, գլխի շարժումներով, դժվարանալիս գրել է»։ 01.02.2000թ. նեյրովիրաբույժի քննության ժամանակ էլ Սուրենը նրա խոսքը հասկացել է, սակայն «չի խոսում, բացատրվում է ժեստերով»։ Ս. Գրիգորյանի նյարդային վիճակը գնահատվում է «սիտուացիոն պայմանավորված փսիխոտրավմա», իսկ հոգեկան վիճակը գնահատվում է այսպես. «Մատչելի է կոնտակտին։ Խոսքային կոնտակտը բացակայում է, խոսելու փորձ կատարելիս հայտնաբերվում է արտահայտված կակազում, բառերը չի կարողանում արտասանել, ինչ-որ անհասկանալի ձայներ են ստացվում, որից նյարդայնանում է, լռում, դժվարությամբ է ընդհատվում կակազումը»։ Եվ այսքանով հանդերձ, հոգեբույժ-փորձագետները հանգում են այնպիսի եզրակացության, ինչը Սուրենին տված դիագնոզի տրամաբանությունից հեռու է, այն է. «որը նրան չի զրկում քրգործի համար նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, վերարտադրելու եւ դրանց մասին ճիշտ ցուցմունքներ տալու հնարավորությունից»։ Այստեղ կանգ առնենք եւ ընթերցենք վերջին տողը՝ «Ճիշտ ցուցմունքներ տալու հնարավորության» մասին։ ՀՀ զինվորական դատախազին, ՊՆ բուժվարչության պետին, այնուհետեւ ՊՆ փոխնախարար, գեներալ- մայոր Մ. Գրիգորյանին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մ. Հարությունյանին է դիմում «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը հետեւյալ հարցադրումով. Ինչո՞ւ բազմաթիվ անգամ փորձեր են արվում ծանր հիվանդ տղայից ցուցմունքներ ստանալ («բանակում չգրված օրենքի համաձայն՝ մենք պահանջում ենք տուժածից անվանական նշելու իր նկատմամբ բռնություն կիրառած անձանց անուննե՞րը»)։ Սուրեն Գրիգորյանի մայրը՝ Մերի Դանիելյանը դիմում է ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանին. «Քիչ է, որ իմ որդին տուժել է, դեռ հանցագործների մեծ մասն էլ դրսում է», եւ ապա շարունակում. «Անիմաստ նշանակված փորձաքննություններով լրացուցիչ սթրեսների է ենթարկվում որդիս։ Փորձաքննությունը դարձնելով առիթ, հիվանդության պատմությունը չի վերադարձվում հոսպիտալ, խանգարելով որդուս բուժմանը եւ զորացրմանը»։ Ըստ փաստաբան Սեդա Սաֆարյանի՝ «Ապացուցումը տուժող Սուրեն Գրիգորյանը չէ, որ քրեական գործով պետք է իրականացնի եւ նրա նկատմամբ նշանակված փորձաքննություններն էլ չեն, որ պետք է ազդեն ինչպես դրսում գտնվող այլ անձանց արարքներին որակում տալու, այնպես էլ որպես մեղադրյալ ներգրավված անձանց արարքների հանցավորության վրա։ Եվ դրա հետ կապել հանցանք կատարած անձանց ներգրավումը որպես մեղադրյալ՝ օրինական չէ եւ ՀՀ քրդատօրենսգրքով նման նորմ չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է տուժող Սուրեն Գրիգորյանի հիվանդության ախտորոշմանը, ապա այն ոչ միայն տրվել է երկու անգամ (10.03.2001թ. եւ 17.04.2001թ.), այլեւ Ս. Գրիգորյանը ենթարկվել է մանրակրկիտ պարակլինիկական, գործիքային հետազոտությունների՝ հանրապետության առաջատար մասնագետների կողմից» (ԿԿԶՀ հոսպիտալի պետի թիվ 640 գրությամբ)։ Նրա հիվանդության պատմությունն են շա՜տ համարում ուղարկել ԿԿԶ հոսպիտալ։ Եվ այս ամենը կատարվում է մի անձի նկատմամբ, որը լավագույն առաջադիմությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, կատարել իր պարտքը հայրենիքի նկատմամբ մինչեւ այն պահը, երբ խաղաղ ժամանակներում դարձել է հաշմանդամ՝ մեր փառապանծ սպայակազմի պատճառով։ Քրեական գործ է հարուցվել սպաներ Է. Սարգսյանի, Խ. Սարգսյանի, Խ. Մնացականյանի, Վ. Վարդանյանի նկատմամբ։ Զինդատախազությունը միայն վերջերս մերժեց Սուրենի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի միջնորդությունը, որով նա պահանջում էր Վ. Շառոյանին, Հ. Մխիթարյանին, Վ. Բոյկոյին, Ա. Մելքոնյանին եւ Տ. Գեւորգյանին նույնպես ներգրավել որպես մեղադրյալներ։ Մերժման հիմքը սա էր. «Իրոք, դեռեւս քրեական գործով նախաքննությունը չի ավարտվել, քննիչի կողմից կատարվում են համապատասխան քննչական գործողություններ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի վերջնական իրավական գնահատական տալ յուրաքանչյուրի գործողություններին»։ Նախաքննությունը դեռ չի ավարտվել (5 ամիս է անցել), իսկ զինվորի առողջական վիճակը վատ է, սակայն, թե իրավական, թե բարոյական գնահատական չի տրվել զորամասի ղեկավարության գործողություններին, որոնք մի «ադյալի» համար հաշմանդամ դարձրին զինվորին… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել