Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ նրանց օգնում է մարդը

Ապրիլ 25,2001 00:00

Երբ անձրեւն ու քամին ջնջում են բնակավայրերը Իսկ նրանց օգնում է մարդը Վերջին մի քանի շաբաթներին «բարի ավանդույթ» է դարձել հեռուստատեսային լրատվական թողարկումներն ավարտել հանրապետության այս կամ այն վայրում տեղի ունեցած սողանքների մասին ռեպորտաժներով։ Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները, թվում է, չեն հասցնում իրենց նստավայր հասնել, երբ ստացվում է հերթապահ ահազանգը։ «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է Երեւանի տարբեր թաղամասերում գտնվող վթարային շենքերին։ Քաղաքաբնակներն իրենց շենքերի բակերում, հենց պատշգամբ-պատուհանների տակ բանջարանոց պահելը (եւ, հետեւաբար, դրանք առատորեն ջրելը) պատճառաբանում են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում «մի կապ կանաչի» պակաս առնելու հեռանկարով։ Տեղանքին, շենքին վնաս հասցնելու հեռանկարին կամ ծաղրով են վերաբերվում կամ, լավագույն դեպքում, արհամարհում են այն։ Փաստարկները, թե սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում շատ ավելի սարսափելի է մնալ առանց բնակարանի, քան առանց կանաչու, նույնպես համոզիչ չեն նրանց համար. «Մեր տունը մի 100 տարի դեռ կկանգնի»։ Երեւանի՝ սեյսմիկ առումով ամենավտանգավոր շրջանների՝ Էրեբունի եւ հատկապես Աջափնյակ համայնքների որոշ շենքերի բնակիչներ այդպես հասցրին մտածել ամենաշատը մի 60 տարի։ Հիմա այդ շենքերն անհապաղ ամրացման կարիք ունեն, իհարկե՝ դրանց հիմքերը ջրազրկելուց եւ հետագայում եւս ջրահեռացումն ապահովելուց հետո։ Թե ինչ ահ ու սարսափ են ապրում նրանք իրենց բնակարաններում, գիտեն միայն իրենք։ «Բաղ ու բախչայի» նկատմամբ ինքնամոռաց սերը եւ կարճատեսությունը փորձանք է դարձել նաեւ հանրապետության այլ մարզերում։ Լոռու սարերի այն հատվածները, որոնք այլեւս անտառ չեն, այլ միայն քոթուկների գերեզմանոց, սկսել են իջնել։ Կտրված ծառերի տեղում նորերը տնկելու փոխարեն՝ այդ վայրերի բնակիչները այդտեղ բոստան են սարքել։ Մի թեթեւ ցնցումն ու մի լավ տեղատարափ անձրեւը բավական են, որ այդ «քաչալ հողերը» ցած հոսեն։ Ինչն էլ անում են։ Առայժմ դրանք (ընդ որում՝ հսկա քարազանգվածների ուղեկցությամբ) թափվում են այդ պահին դատարկ ավտոճանապարհներին կամ բնակելի շենքերին հարող փողոցներ։ Այսինքն դեռ զոհեր չկան։ Բնակարաններում էլ դեռեւս կարելի է ապրել, բացառությամբ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի, որն ամբողջությամբ աղետի գոտի է՝ ճաքեր տված տներով եւ բնահողով։ Ի դեպ, այստեղ էլ մարդիկ դեռեւս իրենց բնակարաններում են ապրում՝ ինչպես իրենք են ասում՝ ամեն «անմեղ ճռռոցից» ահաբեկվելով։ Պետությունը չգիտի՝ ուր տեղափոխի այս մարդկանց, ինչ գումարներով։ Դեռ Ողջաբերդի հարցը չլուծված՝ դրան գումարվում են արհեստածին սողանքներ, այսինքն՝ նոր վթարային շենքեր, նոր աղետյալ, տեղափոխման եւ փոխհատուցման ենթակա նոր մարդիկ։ Պետությունն ամեն տարի հետաձգում է այս խնդրին լրջորեն անդրադառնալ, այնքան, որ այս տարի արդեն խուսափելու տեղ չկա։ Սակայն մշակվող համալիր ծրագիրն էլ բյուջեից (պարզ է՝ 2002թ.) բավական գումարներ է պահանջում։ Տեսնենք, թե 2002-ի բյուջեի քննարկումներին քանի պատգամավոր գլուխ կկոտրի դրա համար։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել