Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում շրջանառվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Ապրիլ 25,2001 00:00

Սահմանադրությունը բասկետբոլի հրապարակ չէ ԱԺ-ում շրջանառվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Թե պետական կառավարման համակարգում այս նախագիծն ի՞նչ փոփոխություններ է նախատեսում, կանդրադառնանք առաջիկայում։ Առայժմ փորձենք ներկայացնել փոփոխությունների նախագծում տեղ գտած մի շարք լրացումներ, որոնք, մեր կարծիքով, զավեշտական են եւ հագեցած են Սահմանադրությանն անհարիր մանրամասնություններով։ Այսպես՝ Սահմանադրության հոդված 8-ը սահմանում է՝ «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»։ Նոր նախագծում սրան հավելված է. «Արգելվում է շուկայում մենաշնորհ վիճակի չարաշահումը, մրցակցության ապօրինի սահմանափակումն ու անբարեխիղճ մրցակցությունը»։ Սա կատարյալ իրավաբանական աբսուրդ է։ Ի՞նչ ասել է՝ «մենաշնորհ վիճակի չարաշահում», կամ ով եւ ինչպես պետք է որոշի այդ չարաշահման սահմանն ու արգելի այն, ո՞ր օրենքով։ Կամ ինչպե՞ս հասկանալ՝ «արգելում է մրցակցության ապօրինի սահմանափակումը» տաֆտոլոգիան, եթե ապօրինի է, ուրեմն ենթադրաբար, արդեն արգելվում է օրենքով եւ նման այլ բաներ։ Մյուս կողմից, ո՞րն է համարվելու «անբարեխիղճ մրցակցություն», եւ ի՞նչ մեխանիզմով է այն արգելվելու։ Նախագծի հոդված 11-ում, ուր ամրագրված է. «պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո», հավելվել է՝ «Պետությունն անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում ազգային արժեքներին ազատ հաղորդակցվելու համար»։ Արարատ լեռը շատերի համար ազգային արժեք է։ Հիմա պետությունն ի՞նչ նախադրյալներ է ստեղծելու որ ՀՀ քաղաքացիներն ազատ հաղորդակցվեն այդ արժեքին։ Այս մի դրույթը, հավանաբար, այսօրվա իշխանությունների որդեգրած ազգային գաղափարախոսության եւ Հայ Դատի համատեքստում պետք է դիտարկել։ Ավելի քան զավեշտական է հոդված 28-ում սահմանված այս դրույթը. «Իրենց պահանջմունքների բավարարման նպատակով քաղաքացիներն օրենքին համապատասխան կարող են օգտվել պետական եւ համայնքային սեփականությունից»։ Թե ի՞նչ պահանջմունքների մասին է խոսքը՝ մնում է ենթադրել, բայց առաջին տպավորությունը, ցավոք, այն է, որ խոսքը վերաբերում է, հավանաբար, հասարակաց տներին կամ զուգարաններին։ Նախագծի հոդված 32-ում էլ զուտ բարոյական խնդիրն անհեթեթության աստիճանի է հասցվել, որտեղ, առանց իրավունքն ու պարտականությունն իրարից զատելու, մեկ տողով արձանագրված է. «Ծնողներն իրավունք ունեն եւ պարտականություն են կրում հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար»։ Նշված չէ, թե այս հարցում որն է պետության դերն ու պատասխանատվությունը, առավել եւս, երբ քաղաքացին զրկված է նյութական բավարար հնարավորությունից, իր զավակներին «լիարժեք, ներդաշնակ» կրթություն տալու համար։ Կամ, ինչպես հասկանալ, նույն հոդվածի շարունակությունը՝ «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների մասին»։ Սահմանադրությունն այս աստիճանի պարզունակ եւ զավեշտական դարձնելը, կարծում ենք, անթույլատրելի է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել