Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրում

Ապրիլ 25,2001 00:00

«ԵԹԵ ԵՐԿԱՐ ՄՆԱՅԻ՝ ԳՈՒՑԵ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԻՆ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ» Ենթադրում է նախկին վարչապետ Արամ Սարգսյանը -Իշխանամետ մամուլը Ձեզ մեղադրեց տրամաբանության պակասի մեջ, քանի որ պահանջում եք, որ Քոչարյանն ամեն ինչ անի «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչներին հայտնաբերելու համար, երբ իբր արդեն հայտնի է, որ վստահ եք, թե կազմակերպիչը հենց նախագահն է։ – Ես երբե՛ք չեմ մեղադրել ուղիղ Ռոբերտ Քոչարյանին։ Բազմիցս կրկնել եմ, որ եթե իրենք լինեն՝ ինձ համար չափից ավելի ծանր կլինի։ Բայց բազմաթիվ հանգամանքներ կան, որ ինձ համար անհասկանալի են։ Այդ հանգամանքները ժամանակի ընթացքում, հենց իրե՛նց իսկ «օգնությամբ» իմ մեջ կասկածներ ծնեցին։ Օրինակները բազմաթիվ են, բայց առայժմ չէի ցանկանա որոշ առանձնազրույցների անդրադառնալ։ – Մինչ այժմ Ձեզ համար չե՞ք հստակեցրել, թե պետական կառույցների թողտվությունը որքանով է վճռորոշ եղել «Հոկտեմբերի 27»-ի համար, որ դրա վերաբերյալ վերջնական տեսակետը, ինչպես հայտարարել եք, պայմանավորում եք դատավարության հետագա ընթացքով։ – Ինձ համար արձանագրել եմ, որ պետական համապատասխան կառույցները, մեղմ ասած, վատ են աշխատել։ Այդ կառույցների կայացած լինելը երեւութական է։ Դրանց «կայացածությունն» ավելի շատ ներքաղաքական կյանքում, քան երկրի ազգային անվտանգության ոլորտում է դրսեւորվում։ Եվ դա է պատճառը, որ մեր երկրում հնարավոր եղավ «Հոկտեմբերի 27»-ը։ Եվ ես չեմ բացառում, որ եթե այդ կառույցները մնան չկայացած՝ կլինեն նոր «Հոկտեմբերի 27»-եր։ Նույնիսկ Ղարաբաղի հիմնահարցի լուծման համատեքստում, երբ հաղորդակցության ուղիների պաշտպանության մասին են խոսում եւ կարեւորում են դիտորդներին ու ներկայացուցիչներին, էլի նույն համոզումն է, որ չեն վստահում մեզ։ Ասում են՝ դուք լուրջ պետություն չեք, ձեր երկրում ԱԺ նախագահին ու վարչապետին չեք կարողանում պաշտպանել, մեր հաղորդակցական ուղիներն ինչպե՞ս եք պաշտպանելու։ – Արդյոք ճի՞շտ է պետական կառույցների վերաբերյալ դիրքորոշումը կազմակերպիչներին հայտնաբերել-չհայտնաբերելու հանգամանքով փոխպայմանավորելը։ – Ըստ Սահմանադրության՝ նախագահը հետեւում է նաեւ դատական իշխանության բնականոն գործունեությանը։ Եթե ոմանց հայտնի չէ, կարող եմ ասել ավելին, որ նա նաեւ արդարադատության խորհրդի նախագահն է։ Եվ իշխանական համակարգը պիտի երկրում ապահովի արդարադատություն։ Ես պնդում եմ, որ Նաիրի Հունանյանի ետեւում կան ուժեր եւ ուզում եմ, որ համապատասխան մարմինները պարզեն, թե որոնք են այդ ուժերը։ Ես արդար դատ եմ ուզում։ Ես մեղք չունեմ, որ Նաիրի Հունանյանը տալիս էր այդ մարդկանց անունները։ Կարծում եմ, որ Ջհանգիրյան Գագիկն էլ մեղք չուներ դրանում եւ ոչ էլ ինքն այդքան ռիսկով տղա էր, որ նրանց թելադրեր այդ անունները։ Նրա ռիսկը լավ էլ երեւաց։ – Չե՞ք կարծում, որ Նաիրի Հունանյանն իր համար փրկության սողանցք էր փնտրում, նախագահին հաճոյանալով այն հայտարարություններով, թե իր դեմ ցուցմունքներ էին ակնկալում, բայց ինքը չի տվել՝ չնայած խոշտանգումներին։ – Միանշանակ այդպես է։ Իհարկե, նա ինքնապահպանման բնազդով է գործում։ Նրա կողմից դատավարության ձգձգման միտումը միանշանակ տեսնում եմ։ Եվ այդ կարգի մարդը, բնականաբար, կարող է զրպարտել։ Նրա կերպարը վերլուծել չէի ցանկանա ընդհանրապես, բայց ստիպված եմ։ Գաղափարի տեր մարդիկ երբեք ծեծի ազդեցության տակ չեն փոխվում։ Մեր բազմաթիվ քաղբանտարկյալները սրա վկան են՝ Պարույր Հայրիկյանը 17 տարի նստեց, բայց չփոխեց կարծիքը, Աշոտ Նավասարդյանը ցուցմունք չտվեց իր ընկերների դեմ, չծախեց նրանց։ Սա եւս մի ապացույց է, որ Նաիրի Հունանյանը գաղափարական մեկը չէ, քանի որ ծեծի ազդեցությամբ մարդկանց էր ծախել։ Եվ ոչ միայն ծախեց. եթե նայենք անմեղության կանխավարկածի տեսանկյունից՝ զրպարտեց նրանց, որ սպանությանը հավասարազոր է։ Զրպարտելուց հետո նրանց վեճը պիտի տղամարդկային լիներ, այլ ոչ թե՝ «խնդրում եմ», «կներես»… զրպարտող մարդու հետ այդպես չեն խոսում։ Եվ եթե ինքն անբարոյական գտնվեց իր լավ ծանոթի հանդեպ, չգիտես ինչու՝ բարոյական գտնվեց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, որին իր ասելով, չի ճանաչել ընդհանրապես։ Այստեղ տրամաբանություն չեմ տեսնում։ Վկա է Աստված՝ ես երբեք չեմ ասել, որ Նաիրի Հունանյանի տված առաջին ցուցմունքները միանշանակ ճիշտ են։ Բայց ես հստակ պնդել եմ մի բան, որ կան կազմակերպիչներ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նման գործողության գնացող մարդն իր եղբորը եւ քեռուն (որի հետ, իր պնդմամբ, եղբոր պես է եղել) հետը տանում է միայն այն դեպքում, երբ գումար կա բաժանելու եւ խնդիր կա, որ այն ուրիշին չհասնի, այլ միայն հարազատներին։ Եվ այդ գործողությունն անելուց հետո սպասում են ոչ այն վերացական հույսով, թե ժողովուրդն էլ գուցե իրենց խելքին լինի եւ գա օգնելու։ Նման բանի գնալուց առաջ նա հստակ երաշխիքներ է ունեցել, որի համար եւ սպասել է։ – Եթե Նաիրի Հունանյանի ետեւում գտնվող ուժերը չպարզվեն՝ դրա պատասխանատուն, այնուամենայնիվ, դատաիրավական համակա՞րգն է, թե՞ իշխանությունները։ Ինչո՞ւ եք իշխանափոխության կոչը կազմակերպիչների չբացահայտմամբ պայմանավորում։ – «Հոկտեմբերի 27»-ը եղել է այս իշխանությունների օրոք, եւ նրանք արդեն պատասխանատու են, որ մեր երկրում նման բան է տեղի ունեցել։ Մենք վստահել էինք նրանց, ապագան կապելով իրենց հետ։ Եվ եթե նման դժբախտություն է լինում՝ որեւէ մեկը պիտի՞ պատասխան տա դրա համար։ Եթե մենք պետություն ենք, պիտի լինի, չէ՞, կառույց, որը պատասխան պիտի տա։ Եղավ «Հոկտեմբերի 27». ո՞վ պատժվեց։ Ոչ ո՛ք։ Կարող եմ ասել ավելին. ազգային անվտանգության նախարարության ահաբեկչության դեմ պայքարելու կոչված վարչության պետը շքանշան ստացավ հոկտեմբերի 27-ից հետո։ Կամ էլ՝ 5-րդ վարչության պետին գործից հանեցին ու նշանակեցին ավելի բարձր պաշտոնի։ – Բազմիցս շեշտել եք քննության ընթացքին չմիջամտելու անհրաժեշտությունը։ Սակայն Ձեր հայտարարություններից բխում է, որ նախագահը պիտի ներազդի, որ դատավարությունն ընթանա կազմակերպիչներ գտնելու ուղղությամբ։ Արդյոք չե՞ն փոխհակասում այս երկու պնդումները։ – Բացարձակապե՛ս։ Ես ի նկատի չեմ ունեցել իշխանությունների անմիջական ներազդեցությունը, այլ նրանց հետաքրքրվածությունը գործի հանդեպ։ Ոչ միջնորդությունը, այլ նրանց օժանդակությունը, որ բացարձակ ուրիշ բան է։ Ես վախենում եմ, որ ներազդեն ձգձգելու համար։ Ես վախենում եմ, հաշվի առնելով այն բազմաթիվ օրինակները, երբ նախագահն իր ելույթների ենթատեքստում ակնարկել է, թե այս 5-ն են եւ ուրիշ բան փնտրել պետք չէ։ Կամ էլ, ԱԱ նախկին նախարարն ասաց, որ եթե այս 5-ն են՝ մենք մեղավոր չենք։ Չնայած, այդ դեպքում էլ, կարծում եմ, որ իրենք մեղավոր են։ Եթե արդարացումն այն է, որ «այդ 5-ը տանը նստել որոշել են՝ ինչ իմանայինք։ Հո ամեն 5-ի հավաքին չէինք հետեւելու», պիտի հիշեցնեմ, որ շատ ուրիշ հավաքների հրաշալի հետեւում են։ Բայց հստակ ասվել է. եթե այս 5-ը չեն՝ միայն այդ դեպքում ենք մեղավոր։ Սրանից հետեւությունը մեկն է՝ ամեն ինչ պիտի անեն, որ այդ 5-ը լինեն, եւ իրենք մեղավոր չլինեն։ Ինքնապաշտպանության նույն բնազդն է գործում։ – Նախագահամետ մամուլը կշտամբում է, թե ծեծ ու ջարդն ավելի «ինտենսիվ» են դարձել Ձեզ վարչապետ նշանակելուց հետո։ – Շատ հետաքրքիր փաստարկ է, որը, կարծում եմ, ինձ պատիվ է բերում։ Որեւէ մեկը, որ կհայտնվեր իմ տեղում, չեմ կարծում, թե դրանից սփոփանք չէր զգա։ Բայց նման հանձնարարականներ տրվում են գրավոր, հակառակ դեպքում ԱԱՆ-ի ոչ մի աշխատակից այդպիսի բան չի անի՝ այդ համակարգն այդպիսին է։ Նման գրավոր հանձնարարական չի եղել։ Դարձյալ շեշտեմ, որ դատելով նրա տեսքից, պահվածքից եւ նրանից, որ մեկուսարանում բանաստեղծություններ է գրել՝ բացարձակ չի զգացվում, որ նրան ծեծել են։ Բացի այդ, մեր Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն իր ամբողջ ջանքը, եռանդը եւ աշխատասիրությունն ուղղեց դեպի Նաիրի Հունանյան՝ անընդհատ այցելելով եւ ծխախոտ մատակարարելով նրան։ Այնպես որ, եթե նման խնդիր փորձեի էլ լուծել՝ բավական բարդ կլիներ ինձ համար։ – Որպես վարչապետ իրոք բավական հզոր լծակների էիք տիրապետում՝ ե՛ւ բանակն էր Ձեր կողքին, ե՛ւ խորհրդարանի աջակցությունն ունեիք, ե՛ւ գլխավոր դատախազն էր Ձեր ընկերը։ Եթե իրոք կազմակերպիչներ կան, մի՞թե այդ պայմանները բավարար չէին նրանց բացահայտելու համար։ – Գուցե եթե ես երկար մնայի՝ բացահայտվեին կազմակերպիչները։ Տեսեք, երբ ես վստահում էի Ջհանգիրյանին՝ այլ օղակներ չէին վստահում նրան։ Բայց երբ սկսեցի նրան չվստահել՝ իրենք սկսեցին վստահել։ Սա էլ ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Եվ սրանից կարելի է բազմաթիվ ենթադրություններ, հետեւություններ անել։ Բայց ես հակված չեմ սուրճի գավաթ նայելուն եւ թողնում եմ իրենց այդ ենթադրությունները։ Նախագահն ասաց, թե առայժմ սպասում է, սակայն շուտով շատ լուրջ կասի իր խոսքը։ Կուզենայի նշել, որ ժամանակը կգա եւ ես էլ իմ խոսքը կասեմ եւ շատ ուժեղ կասեմ։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել