Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Ապրիլ 25,2001 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ» Հարցազրույց Արտակ Զեյնալյանի հետ Պաշտոնանկ արվեց ՀՀԿ-ից հեռացած, այժմ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, առողջապահության փոխնախարար Արտակ Զեյնալյանը։ Ինքը՝ պրն Զեյնալյանը, պաշտոնանկությունը քաղաքական է համարում. «Քաղաքական հետապնդումները Հայաստանում առկա են եւ դա ցավալի իրողություն է։ Որքան էլ մենք ուզում ենք աշխարհին ներկայանալ որպես ժողովրդավարական երկիր, որքան էլ փորձում ենք մեր արտերկրյա հայրենակիցներին ներկայանալ որպես քիչ ռիսկային երկիր՝ ներդրումների ընթացքը չկասեցնելու համար, այնուամենայնիվ, չի ստացվում։ Մենք ինքներս կարծես թե ընկել ենք մեր հետեւից»։ Ինչո՞ւ պաշտոնանկ արվեց առողջապահության փոխնախարարը. «Առիթը դեղերը ավելացված արժեքի հարկով չհարկելու մասին պատգամավորական լսումներում իմ զեկուցումն էր, պատճառը՝ իմ կուսակցությունից հեռանալը»։ Հանրապետականից հեռացածների նկատմամբ հետաքննություն է իրականացվում։ Հայտնի են Ալբերտ Բազեյանի, Ղուկաս Ուլիխանյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ազգային անվտանգության գործառույթներն իրականացնող կառույցի կողմից։ Արտակ Զեյնալյանի պնդմամբ, Ղուկաս Ուլիխանյանի գործերը ստուգում էին առողջապահության փոխնախարարի հետ միասին, չգիտես ինչու վստահ լինելով, որ պետք է անպայման կրիմինալ լիներ. «Այլ բան չեմ կարող գտնել, քան ժողովրդական իմաստնությունը՝ իրենց արշինով են չափել մեզ»։ Պրն Զեյնալյանը գտնում է, որ տգիտությունն ու անօրինականությունը դարձել են հիմնական աշխատաոճ։ Վարչապետի որոշումը փոխնախարարին պաշտոնանկ անելու վերաբերյալ վերնագրված է. «Արտակ Զեյնալյանի մասին»։ Սրա վերաբերյալ պրն Զեյնալյանն ասաց, թե ինքը կարող էր հանդուրժել, որ իր մասին որոշում կայացնի միայն բարձրյալը կամ, գոնե, Գաբրիել հրեշտակապետը, եւ ոչ թե Անդրանիկ Մարգարյանը։ Որքան էլ ցավալի է, երբեմնի կուսակիցների (ինչ-որ տեղ կամ ինչ-որ պահի), համախոհների հակամարտությունը խիստ օրինաչափ է դարձել մեր օրերի համար։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, թե ինչպես է Արտակ Զեյնալյանը դարձել փոխնախարար։ Պրն Զեյնալյանը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին հենց առաջին օրերից։ Առաջին անգամ ճակատ է մեկնել ունենալով միայն մի ինքնաշեն նռնակ եւ մի ազդանշանային սարք։ Վիրավորվել է 92-ի ամռանը Մարտակերտի Լենինավանի մատույցներում, ապաքինվելուց հետո կրկին մեկնել է ռազմադաշտ։ Արտակ Զեյնալյանը նախարարի տեղակալ է դարձել այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարար էր եւ գտնում էր, որ կարիք կա համակարգել ուժային գերատեսչությունների բժշկական ծառայությունները։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե պրն Զեյնալյանն ինչպես է գնահատում այն, ինչ այսօր կատարվում է «Հանրապետական» կուսակցությունում. «Համարձակության, խիզախության պակասը, նաեւ մանրոգությունը։ Մենք փոքրամասնություն ենք կազմել ՀՀԿ քաղաքական խորհրդում։ Ես (եւ ոչ միայն ես) հաճախ եմ հակառակվել, դեմ եմ քվեարկել շատ հարցերի եւ ուղղակի ստիպված խնդրել ենք արձանագրել, որ մենք դեմ ենք քվեարկում»։ Ի դեպ, Արտակ Զեյնալյանը եւ մյուսները դեմ են եղել նաեւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետ դառնալուն։ Նրանց պնդմամբ, «Միասնություն» դաշինքի վարչապետն Արամ Սարգսյանն էր, իսկ Անդրանիկ Մարգարյանն ընդամենը ՀՀԿ մի թեւի. «Այն ժամանակ իմ կողմից կուսակցության քաղխորհրդի օրակարգ է մտցվել հարց՝ բոլորս թողնենք հեռանանք»։ Հասկանալի պատճառներով հարցը չի անցել եւ սա եղել է տարաձայնություններից մեկը։ Երկրապահական թեւի պաշտոնավարողների պաշտոնանկության շղթան ինչ-որ կերպ կարո՞ղ է կապված լինել «Հոկտեմբերի 27»-ի եւ դրանից հետո ստեղծված իրադրության հետ. «Գուցե միայն ձեռագրերի իմաստով։ Ինչ-որ տեղ ակամա նույնություն ես տեսնում։ Կառույցը, որը պետք է ազգային անվտանգությունն իրականացնի, զբաղված է քաղաքական, տնտեսական դիվիդենտներ (շահաբաժին) կուտակելով։ Ինձ ապշեցնում է այդ կառույցների նկուղներում, մեկուսարաններում փակված մարդու վերելքը, գիտական իմացության բազայի ավելացումը։ Նաեւ հետապնդումն այնպիսի մարդկանց, ովքեր մինչեւ վերջ նվիրված են եղել արցախյան խնդրին, անմնացորդ տվել են ինչ կարող էին եւ (պետք է վկայակոչեմ Սպարապետին) ձեռք են բերել միայն հպարտություն»։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանն իր հերթին Արտակ Զեյնալյանի պաշտոնանկությունը գնահատում է որպես մի իրողություն, որը համապատասխանում է երկրի այսօրվա քաղաքական գործընթացներին եւ տրամաբանությանը։ Պրն Բազեյանը եւս գտնում է, որ հետեւողականորեն ճնշումներ են գործադրվում պետական մարմիններում աշխատող այն անձանց նկատմամբ, ովքեր որպես կամավորներ մասնակցել են մեր ազատագրական պայքարին. «Սա անբնական երեւույթ է պատերազմի վերքերը դեռ չապաքինած պետության մեջ։ Փոխանակ, բոլոր հավասար պայմանների դեպքում, առավելությունը տրվի պատերազմի մասնակից կամավորականներին, ազատամարտիկներին եւ դրանով մեղմվի պատերազմի ծանր հետեւանքները, ընդհակառակը՝ հատուկ ճնշումներ են բանեցվում այդ մարդկանց նկատմամբ, որովհետեւ նրանցից շատերը մնում են որպես Վազգեն Սարգսյանի հետեւորդներ եւ գաղափարակիցներ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Արտակ Զեյնալյանի ներկայացրած վիճակագրությանը դեղերի մասին անդրադարձել էինք նախորդ շաբաթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել