Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ապրիլ 24,2001 00:00

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ Ֆրանսիայի Էնյեն-Լը-Բան քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի դասակարգմամբ շախմատային 17-րդ կարգի միջազգային մրցաշարը։ Այստեղ գերազանց հանդես եկավ Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը։ Միջնամասից ստանձնելով առաջատարի դերը, նա վերջին տուրում սեւերով ուժերը չափեց Ֆրանսիայի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Ժոել Լոթյեի հետ, որը հայ շախմատիստին այդ պահին զիջում էր կես միավորով։ Մեր հայրենակիցը պարտիան անցկացրեց ինքնավստահ եւ հասավ իրեն ձեռնտու արդյունքի՝ ոչ-ոքիի, ահեղ մրցակցին զրկելով իրեն հավասարվելու, առավել եւս՝ շրջանցելու հնարավորությունից։ Մրցաշարի այն մասնակիցները, ովքեր նույնպես Վլադիմիրին հասնելու շանսեր ունեին, չկարողացան օգտվել դրանից։ Այդ հարցում նրանց խանգարեցին մրցաշարային աղյուսակի միջին եւ ստորին հորիզոնականներում ընթացող շախմատիստները։ Մասնավորապես, Եվգենի Բարեեւը պարտվեց իր հայրենակից, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ֆրանսիացի Էտյեն Բակրոն տանուլ տվեց այդ երկրի դրոշի ներքո հանդես եկող Վլադիսլավ Տկաչովին, իսկ Լյուկ Վան Վելլին (Հոլանդիա) անձնատուր եղավ տանտերերից Քրիստիան Բաուերի առջեւ։ Այսպիսով, մրցաշարային ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ստացավ. Վլադիմիր Հակոբյան՝ 6,0 միավոր, Ժոել Լոթյե՝ 5,5, Էտյեն Բակրո, Եվգենի Բարեեւ, Լյուկ Վան Վելլի՝ 5,0-ական, Ալեքսանդր Գրիշչուկ՝ 4,5, Լորան Ֆրեսսինե՝ 4,0, Վլադիսլավ Տկաչով եւ Վիկտոր Բոլոգան՝ 3,5-ական, Քրիստիան Բաուեր՝ 3,0։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել