Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ ի՞նչ տվեց արցունքի ծովը

Ապրիլ 24,2001 00:00

Մեզ ի՞նչ տվեց արցունքի ծովը Օրերս մայրաքաղաքի թիվ 175 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։ Միջոցառումը սկսվեց մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո։ Այն 1907թ. Կարսում ծնված, այնուհետեւ Մեծ եղեռնի ժամանակ գաղթի ճամփաներով Ալեքսանդրապոլ հասած Կադրամիտե տատիկի կյանքի պատմության կենդանի պատկերն էր՝ աշակերտների ներկայացմամբ։ Ներկայացումը աղճատված կյանքի մի պատկեր էր, որտեղ փոքրիկ աղջնակի աչքի առաջ այրում են ընտանիքի անդամներին, գետն անցնելիս մայրը խեղդվում է, իսկ ինքը խոշտանգված դիմակներով ծածկված ճանապարհներով հասնում է Ալեքսանդրապոլ… Միջոցառմանը ներկա էր հենց ինքը՝ Կադրամիտե տատիկը, եւ, սեփական կյանքի ահասարսուռ պատկերները բեմից տեսնելով, կրկին անգամ վերապրեց անդառնալի կորուստն ու անսահման վշտի զգացումը։ Միջոցառումն ավարտվեց պայքարի կոչով, լավատեսությամբ։ Վերջում կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհակալության խոսք ասացին «Էրեբունի» համայնքի կրթության բաժնի փոխտնօրեն Ս. Ենգիբարյանը, քաղաքապետարանի կրթության բաժնի տեսուչ Ս. Խաչատրյանը, Նուբարաշենի զորամասի հրամանատար Հ. Բաղմանյանը, դպրոցի տնօրեն Ա. Բաբաջանյանը, գիտության եւ կրթության նախարարությունից՝ Ա. Մելքոնյանը։ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ «Սմբատ Սպարապետի» անվան իրավաբանական ինստիտուտի ժուռ. ֆակ.-ի 2-րդ կուրսի ուսանողուհի Ահա այսպես։ Որեւէ կասկած չունենք, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվել են հանրապետության հարյուրավոր դպրոցներում։ Սակայն արժե խորհել՝ ի՞նչ են տալիս այդ միջոցառումները մեր երեխաներին։ Մի՞թե Եղեռնի դաժան պատկերները ներկայացնելով (այն էլ՝ այդ ոճիրի ականատեսի ներկայությամբ) 10-15 տարեկան երեխաների մեջ հայրենասիրություն պիտի դաստիարակվի։ Համոզված ենք՝ ո՛չ։ Դեռատի աղջիկներին ու տղաներին նման «ներկայացման» դրդելը նրանց մեջ ներարկում է եթե ոչ՝ ազգային հատկություն դարձած մազոխիզմ, ապա առնվազն՝ լացուկոծի, ինքն իրեն ու իր ազգին խղճալու մարմաջ։ Բավական չէ՞ ողբանք ու խղճանք մեզ, բավական չէ՞ մեր երեխաներին պատմենք, թե ոնց մեզ կտրատեցին, այրեցին ու բռնաբարեցին, ու լացենք։ Գուցե ժամանակն է նրանց մեջ սեփական ազգի նկատմամբ խղճահարության փոխարեն հպարտություն դաստիարակել։ Քանի դեռ ուշ չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել