Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՁԵՌՔ ՉԵՆ ՏՎԵԼ

Ապրիլ 24,2001 00:00

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՁԵՌՔ ՉԵՆ ՏՎԵԼ «Առավոտին» հաղորդած տեղեկության համաձայն՝ ԳԱԱ համակարգի աշխատողների աշխատավարձերը վճարելու համար գումարներ են փոխ առնվել երիտասարդ գիտնականների խրախուսման հատուկ ֆոնդից՝ մինչեւ պետբյուջեից աշխատավարձ ստանալը։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը չհաստատեց այս տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ այդ ֆոնդի գումարները միայն երիտասարդ գիտնականների խրախուսման նպատակով են օգտագործվում։ Ըստ Ֆադեյ Տաճատիչի՝ հովանավորների տված բարեգործական գումարներից առանձնացրել են տասը հազար դոլար՝ երիտասարդ գիտնականների աշխատանքը խրախուսելու համար հատուկ մրցանակային ֆոնդ ստեղծելու նպատակով։ Այդ գումարները տրամադրվում են երիտասարդներին՝ նրանց գիտական աշխատությունները, հոդվածները հրապարակելու համար։ Բացի այդ, քսանհինգ հատ դրամական մրցանակ է նախատեսված լավագույն երիտասարդ գիտնականների համար։ ԳԱԱ արհմիությունների միացյալ կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանից երեկ ճշտեցինք, որ ԳԱԱ համակարգի աշխատողները ամբողջովին ստացել են նախորդ տարվա հինգ ամիսների աշխատավարձի պարտքը, նաեւ՝ հունվար ու փետրվար ամիսների աշխատավարձը։ Մարտ ամսվա աշխատավարձը դեռ չեն վճարել՝ գումար չլինելու ավանդական պատճառաբանությամբ։ Երեկ տիկին Միքայելյանը բանկից փորձել էր ճշտել մարտ ամսվա աշխատավարձի ճակատագիրը եւ արժանացել զարմացած պատասխանի, թե որոշ հիմնարկներ նույնիսկ փետրվարի աշխատավարձը չեն ստացել, իսկ իրենք արդեն մարտինն են ուզում։ Այնուամենայնիվ, Ֆադեյ Սարգսյանն էլ հավաստիացրեց, որ արդեն հատկացումներն արվում են, եւ մարտի աշխատավարձը շատ չի ուշանա։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել