Լրահոս
Օրվա լրահոսը

Վերեւում նստած՝ տեղերից անտեղյակ

Ապրիլ 24,2001 00:00

Վերեւում նստած՝ տեղերից անտեղյակ Վերջերս շատ է խոսվում ու գրվում հանրապետության վարչատարածքային կառուցվածքը փոփոխելու մասին։ Բոլորն էլ գտնում են, որ սխալ է թույլ տրվել։ Այդ հարցը վճռելիս հեղինակները նույնիսկ հաշվի չեն առել հանրապետությունը հիսնական թվականների սկզբներին օկրուգների վերածելու եւ վաթսունականներին միացյալ կուսակցական կոմիտեներ ստեղծելու ձախողված փորձը։ Թույլ տրված այս սխալի հետեւանքով այժմ եւս լուրջ կորուստներ կան։ Մարդիկ, որոնք հայ-ադրբեջանական հակամարտության ամենածանր օրերին, երբ թշնամին «Գրադ» կայանքներից ու հրանոթներից կրակ էր թափում, երբ երեխաներին փաթաթում էին սպիտակեղենի մեջ, մտցնում սեղանների ու մահճակալների տակ, թաքցնում նկուղներում, երբ չէին կարողանում թխված հացը փռից հանել՝ մոխրանում ու ոչնչանում էր, երբ շենքերն արկերի հարվածներից ճոճվում էին՝ մնացին տեղում, այսօր թողնում են ամեն ինչ եւ զանգվածաբար հեռանում։ Հեռանում են իշխանության սովից, անտեր լինելու զգացումից, հեռանում են հիմնականում երկիրը անմիտ ու անհեռանկար, ոչնչով չարդարացված, արհեստականորեն մասերի բաժանելու պատճառով։ Մի՞թե բաժանողներին դժվար է եղել հասկանալ, որ այսքան սուղ պայմաններում, նախկին Տավուշի շրջանի, իսկ այժմ, այսպես կոչված՝ Բերդի տարածքի Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան գյուղերի բնակիչները ինչպիսի դժվարին կացության մեջ կհայտնվեն իրենց կենսական հարցերը 100-120 կմ հեռավորության վրա լուծելու ժամանակ։ Իսկ այդպիսի հարցեր շատ ու շատ են առաջանում։ Սա վերաբերում է ոչ միայն թշնամու կողմից 100 կմ-ից ավելի սահմանով շրջապատված մեր շրջանին, այլեւ մյուս շրջաններին։ Վարչատարածքային փոփոխությունն երի վերաբերյալ նոր առաջարկներում լուրջ մոտեցում չկա այդքան կարեւոր հարցին եւ հնարավոր է, որ նորից սխալներ թույլ տրվեն։ Բերեմ այդ առաջարկներից մեկը. հնարավոր է համարվում Տավուշի մարզից Նոյեմբերյանը առանձնացնել, միացնել Լոռուն, Բերդի ու Իջեւանի տարածքները թողնել միասին՝ մի միավորման մեջ։ Մի՞թե Նոյեմբերյանի անջատումը Իջեւան քաղաքը կմոտեցնի Բերդի տարածքին եւ այնտեղի պաշտոնատարները կմոտենան Բերդի տարածքի վերը նշված հեռավոր բնակավայրերին, եւ բնակիչները, նախկինի նման, իրենց թիկունքին կզգան իշխանությունների շունչն ու ներկայությունը։ Իշխանության վերին ատյանների՝ այս հարցը կարգավորելու համար կոչված ղեկավար այրե՛ր, եթե ցանկանում եք, որ հատկապես սահմանամերձ բնակավայրերում դեռեւս մնացածները եւս չհեռանան եւ դրանք հիմնովին չդատարկվեն, նրանց վերադարձրեք տասնամյակներով իրենց հարազատ դարձած նախկին վարչական բաժանումները՝ իրենց ընտրովի մարմիններով։ Դա շատ կարեւոր է առանձնապես այժմ, երբ հակառակորդը փողհարում է Ղարաբաղի հարցը ռազմական կարգով լուծելու խնդիրը։ Այդ պայմաններում սահմանամերձ տարածքներից թեկուզ մեկ ընտանիքի հեռացումը վերջնական հուսալքության կհասցնի մյուսներին։ Այնպես որ, պետք է հաշվի առնել յուրաքանչյուր տարածքում բնակվողների եւ ոչ թե՝ վերեւում նստած եւ տեղերի վիճակի մասին թյուր տեղեկություն ունեցող մեկ-երկու պաշտոնատարի կարծիքը։ ԴԱՐՉՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ ք. Բերդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել