Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ամենահրեշավոր ոճրագործությունը կատարվել է Թուրքիայի կող

Ապրիլ 24,2001 00:00

Ցեղասպանության հուշարձան՝ Ավստրալիայում Մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ամենահրեշավոր ոճրագործությունը կատարվել է Թուրքիայի կողմից 1915թ., երբ կանխամտածված ծրագրով իրագործվեց 1,5 մլն հայ ազգաբնակչության կոտորածը։ Շատերն էլ բռնությամբ տեղահանվեցին իրենց պատմական բնակավայրերից՝ քշվելով արաբական անապատները, որտեղ զոհ գնացին սովին ու հիվանդություններին։ Կարճ ժամանակում Արեւմտահայաստանը հայաթափ եղավ, ավերվեցին գյուղեր ու քաղաքներ, պատմամշակութային դարավոր արժեքներ։ Դա մեծամասշտաբ բարբարոսական բացահայտ գործողություն էր, որի մասին իրազեկ էին շատ երկրներ, սակայն ոչ մեկը չբռնեց դահճի ձեռքը, չդատապարտեց։ Միայն 90-ական թվականներից սկսած, մի շարք երկրներ՝ Ռուսաստանը, Ուրուգվայը, Լիբանանը, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի եւ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգները ճանաչել են հայկական ցեղասպանության փաստը եւ դատապարտել դրա կազմակերպիչներին։ 1997թ. հեռավոր Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի (կենտրոնը՝ Սիդնեյ) պառլամենտի (օրենսդրական ասամբլեայի) որոշմամբ 1999-ին պառլամենտի շենքի առջեւ կանգնեցվեց հայկական ցեղասպանության զոհերի հուշարձանը։ Նման բան առաջինն էր աշխարհում։ Ավստրալիան այն երկրներից է, որը ժամանակին տուժել է Թուրքիայից։ Առաջին համաշխարհային պատերազմին ավստրալիական մի ռազմանավ ռմբակոծվել եւ խորտակվել է Էգեյան ծովում՝ հարյուրից ավելի զինվորների հետ միասին։ Այդ զոհերի հիշատակին հուշարձան է կանգնեցված Սիդնեյի կենտրոնում եւ ամեն տարի ապրիլին հայ համայնքի եւ եկեղեցու կողմից ծաղիկներ են դրվում նրա պատվանդանին։ Հայկական ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը կերտված է սպիտակավուն նրբահատիկ ավազաքարից, վերեւի մասում փորագրված է հայկական կարմիր տուֆից ծաղկազարդ փոքրիկ խաչքար։ Ներքեւում անգլերեն բրոնզե հուշամակագրություն է՝ նահանգի պառլամենտի որոշման բանաձեւի բովանդակությամբ։ Այնտեղ նշված է, որ 1997թ. ապրիլի 17-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական ասամբլեան հավանություն է տալիս հիշատակել 1915- 1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 82-րդ տարեդարձը եւ ա. միանում է Նոր Հարավային Ուելսի հայկական համայնքի անդամներին՝ ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 մլն տղամարդկանց, կանանց եւ երեխաների, բ. դատապարտում է հայերի ցեղասպանությունը եւ ցեղասպանության այլ գործողությունները, որոնք տեղի են ունեցել մեր հարյուրամյակում եւ ճանաչում է դրանք որպես ռասիզմի բարձրագույն արտահայտություն, հոգեւոր եւ կուլտուրական անհանդուրժողություն, գ. ընդունում է հիշողության մեջ եղելության պահպանման ամբողջ կարեւորությունը եւ դաս առնելը մարդկային պատմության մութ էջերից, որպեսզի նման հանցագործություններ մարդկության հանդեպ այսուհետ չկրկնվեն, դ. դատապարտում եւ կասեցնում է տեղի ունեցածը վաղեմություն համարող բոլոր փորձերը կամ խեղաթյուրումը՝ պատմական ճշմարտությունը հայերի ցեղասպանության մասին, նմանապես եւ մեր հարյուրամյակում տեղի ունեցած ցեղասպանության այլ գործողությունները, ե. ապրիլի 24-ը նոր Հարավային Ուելսում ամենուրեք սահմանել մեր հարյուրամյակի առաջին ցեղասպանության 1,5 մլն զոհերի ամենամյա հիշատակման օր, զ. կոչով դիմել երկրի կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու հայերի ցեղասպանությունը, նմանապես եւ կասեցնելու ամեն տեսակի փորձերը ժխտելու մարդկության հանդեպ կատարած նման հանցագործությունները։ Հիշյալ հուշարձանը հեռավոր Ավստրալիայի հողի վրա իր էությամբ եւ բովանդակությամբ խոսում է այն մասին, որ 20-րդ դարի առաջին ահավոր ոճրագործությունը չի մոռացվել եւ ավելի մեծ միջազգային ճանաչում է ստանում։ Որքան էլ Թուրքիան կեղծիքներ հրամցնի, թաքցնի ոճրագործության հետքերը եւ արդարանա կամ սպառնա ցեղասպանությունը ճանաչողներին, միեւնույն է, այդ ոճրագործությունը դատապարտվելու ու նզովվելու է։ ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել