Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը իրագործվեց թուրքական կառավարության նախաձեռնությամբ եւ թուրք ժողովրդի լուռ համ

Ապրիլ 24,2001 00:00

ԹԱԼԵԱԹԸ ՀՐԱՄԱՅԵՑ… Հայոց ցեղասպանությունը իրագործվեց թուրքական կառավարության նախաձեռնությամբ եւ թուրք ժողովրդի լուռ համաձայնությամբ։ Շատ քչերն էին, որ դեմ կանգնեցին իրենց կառավարության բարբարոս գործողություններին։ Նրանցից մեկը Հալեպի գաղթականների տեսչության գլխավոր քարտուղար Նայիմ բեյն էր։ Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նրա հուշերից, ինչպես նաեւ Թալեաթ փաշայի մի քանի գաղտնազերծված հրամաններ։ *** Այս ոճիրը գործադրված ատեն, Թալեաթ փաշա մեկ կողմեն իր անպարտությունը ապահովող փաստաթուղթեր կփնտրեր, ասոնց կազմության ու կարգադրության համար պաշտոնյաներ հատկացուցած էր եւ պետական գանձեն դրամներ կծախսեր։ Իբր թե հայերու տուներեն գտնված մի քանի զենքի, հրացանի լուսանկարները հանել տալով, իր ոճիրը չքմեղացնել կուզեր։ Ավա՜ղ… եթե զենքերու գոյությունը խռովության եւ ապստամբության նշան է, ուրեմն Թուրքիո բոլոր մասերը ապստամբության վառարաններ պետք էին ըլլալ։ Ո՛ր թուրք գյուղը որ երթաք, հարյուրավոր մարթիններ, մաուզերներ պիտի գտնեք։ Այս զենքերը՝ ապստամբություն, խռովություն հանելու համար պատրաստված չեն, ավազակներե վախնալնուն, անոնց դեմ իրենց ինչքն ու կյանքը պաշտպանելու համար կպահեն։ Ասկե սա ճշմարտությունը կհայտնվի, թե կառավարությունը անապահովության մատնած էր իր ժողովուրդը։ *** Մեյ մըն ալ հսկողությամբ ղրկելու խնդիր կար։ Այս դժբախտության ենթարկվողներու համար այլեւս ապրելու հույս եւ հավանականություն գոյություն չուներ երբեք։ Ատոնք ընդհանրապես իբր կասկածելի բերված երիտասարդներ էին։ Նախ Հալեպի բանտին բակին մեջ գտնվող աղտոտ ու նեղ սենյակ մը կը թխմվեին. շուներն իսկ չպիտի հաճեին այդտեղ ապրիլ։ Հոն 10-15 օր կես մը անօթի թողվելե ետք, ձեռքերներն ու թեւերնին կապված, կընկերացնեին ժանդարմներու ու ճամփա կհանեին։ Որովհետեւ ժանդարմը նախապես հրաման ստացած էր՝ զանոնք մեռցնելու, ճամփան՝ ամայի վայր մը, կսպանեին։ Հետո իրողությունը գաղթականներու ընդհանուր տեսչին կտեղեկագրվեր։ Անոնք, որոնց մասին հրաման կտրվեր հսկողությամբ ղրկելու, անպայման կերպով մահվան դատապարտված էին։ *** Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ծածկագիր հրամանը Հալեպի կուսակալին 16 սեպտ. 1915թ. Նախապես հաղորդված էր, թե կառավարությունը հրամայել էր ամբողջովին ոչնչացնել Թուրքիայի մեջ բնակվող ամբողջ հայությանը։ Այս հրամանին եւ որոշման հակառակողները պետության պաշտոնական կազմի մեջ չեն կրնար մնալ։ Կին, երեխա, ծերունի նկատի չառնելով, խղճի խայթին ականջ չդնելով, ոչնչացման միջոցները որքան ալ զարհուրելի ըլլան, անոնց գոյությանը վերջ պետք է տալ։ Ներքին գործերի նախարար՝ Թալեաթ *** Ծածկագիր ներքին գործոց նախարարության, ուղղված Հալեպի կուսակալությանը 12 դեկտ. 1915թ. «Հավաքեցեք եւ սնուցեք այն որբերը միայն, որոնք չեն կրնար հիշել զուլումը, որուն ենթարկվեցան իրենց ծնողները։ Մնացածները կարավաններուն ընկերացնելով, ղրկեցեք»։ Ներքին գործոց նախարար՝ Թալեաթ *** Հալեպի կուսակալությանը 15 հունվ. 1916թ. Կիմանաք, թե կարգ մը տեղեր բացված որբանոցներուն մեջ ծանոթ անձնավորությանց (հայոց) տղաքն ալ կընդունվին։ Քանի որ կառավարությունը անոնց ապրիլը վնասակար կնկատե, ըլլա իսկական նպատակը չհասկնալով եւ կամ զայն արհամարհելով, այդ տեսակ տղաքը սնուցանել եւ անոնց կյանքին հարատեւության աշխատիլը, ինչպես նաեւ անոնց վրա գթալը կառավարության բաղձանքին բոլորովին հակառակ գործել կնշանակե։ Կհանձնարարեմ, որ այդ տեսակ տղաքը որբանոցները չընդունվին եւ անոնց համար հատուկ որբանոցներ հիմնելու ձեռնարկներ չըլլան։ Ներքին գործոց նախարար՝ Թալեաթ *** Հալեպի կուսակալությանը 20 փետր. 1916թ. Բանակի հրամանատարությանց կողմ ծանոթ անձնավորությանց (հայոց) զինվորական տարիք ունեցողները զինվորական ծառայության մեջ գործածելու պետք ցույց կտրվի։ Մտածելով, որ կարելի չպիտի ըլլա ատոնք պատերազմական գոտիները ղրկել եւ քաղաքին մեջ մնալնին ալ ներելի չէ, կարտոնենք, որ իրենց ընտանիքները ընդհանուր առաքումներու հետ քշվելու պայմանով, ատոնք քաղքեն դուրս ճամփու եւ կամ ուրիշ շինությանց մեջ գործածվին։ Այս մասին պատերազմական նախարարութենեն բանակի հրամանատարությանց մասնավոր հրահանգ ղրկված է։ Հետեւաբար, բանակցելով, հիշյալ հրահանգին համաձայն գործեցեք։ Ներքին գործոց նախարար՝ Թալեաթ *** Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ծածկագիր հրամանը Հալեպի կուսակալին 7 մարտի 1916թ. Պատերազմական նախարարության հրամանով, զինվորական կայանների կողմե հավաքված եւ արգելափակված ցեղի մարդկանց (հայերի) մանուկներին, պատրվակելով, թե գաղթականական պաշտոնյաների մեջ պիտի պահվեն, համախմբելով, առանց կասկածի տեղի տալու, ոչնչացնել եւ տեղեկացնել։ Ներքին գործերի նախարար՝ Թալեաթ Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել