Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք՝

Ապրիլ 24,2001 00:00

Աշակերտները դիմում են ՄԱԿ-ին Մենք՝ Աբովյանի արեւելյան լեզուների թեքումով թիվ 3 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներս, ուսումնասիրելով «Քաղաքացիական կրթություն» առարկան, փորձում ենք ինչ-որ ձեւով մասնակցել մեր երկրի քաղաքական կյանքին եւ մեր առաջին քայլը փորձում ենք կատարել «Առավոտի» միջոցով՝ խնդրելով հրապարակել ՄԱԿ-ին ուղղված այս բաց նամակը։ Ա յսօր ամբողջ աշխարհն ու համայն մարդկությունը իրազեկ ու հաղորդակից է դարձել այնպիսի մի պատմական իրադարձության, որը մեզ՝ հայերիս համար ավելին է, քան ազգային ողբերգությունը։ 1915թ. երիտթուրքական կառավարության նախաձեռնությամբ ի կատար ածվեց հայ ժողովրդի բռնի տեղահանման եւ սպանդի դժոխային ծրագիրը։ Այդ սարսափելի ոճրագործությանը զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն հայ։ Ավերվեցին ու թալանվեցին հայկական քաղաքները, տները, եկեղեցիները։ Հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներն ընկան ցեղասպանության առաջին իսկ օրերին։ Անմարդկային դաժանության ճիրաններում հայտնվեց ողջ մի ազգ։ Մանուկ ու ծեր՝ խոշտանգված ու բարոյալքված, բռնեցին գաղթի անվերջ թվացող ճանապարհը։ 1915թ. ապրիլի 24-ին իրականացված եղեռնը ոչ այլ ինչ է, եթե ոչ երիտթուրքական կառավարության կողմից երկար պլանավորված մտահղացումների մի ողջ շղթա, որի առաջին օղակներից մեկը հայ երիտասարդության, որպես պաշտպանությանն ի վիճակի ուժի, ոչնչացումն էր։ Ըստ երիտթուրքական պայմանավորվածության՝ չափահաս դարձած եւ մինչեւ 40 տարեկան հայ տղամարդիկ պարտավոր էին ծառայել թուրքական բանակում։ Ըստ պատմական եւ փաստագրական տվյալների, հայկական ջոկատներին հանձնարարվում էին ամենածանր ու անհաղթահարելի գործողությունները։ Ժամանակի ընթացքում հայկական ջոկատները թուլացնելու այդ նախնական պայմանավորվածությունը տվեց իր արդյունքները եւ հայ ժողովուրդը զրկվեց պայքարող ու պաշտպանող բազկից։ Այսօր՝ ցեղասպանության տարելիցի օրը, ցավագին ու սոսկալի այդ երեւույթը ցասումնալից կերպով անհանգստացնում է մեզ՝ այն բոլոր նահատակների սերունդներին, որոնց դաժան ճակատագրի ու հիշատակի նկատմամբ, հուսով ենք, անտարբեր չի մնա նաեւ միջազգային հանրությունը։ Հազարավոր տարիների պատմություն ունեցող այս փոքրիկ, սփռված, բայց միաժամանակ միաբանված ժողովուրդը, համոզված ենք, կկարողանա աշխարհի մեծ տերությունների ուշադրության կենտրոնում պահել մի իրադարձություն, որն արդեն 86 տարի շարունակ մորմոքող ցավի պես բնակություն է հաստատել մեր սրտերում։ Մեր պարտքն ենք համարում աշխարհի խոշորագույն տերություններին հաղորդակից դարձնել այս խնդրին։ Մեր կոչն ենք ուղղում բոլոր պետություններին՝ մի՛ շրջանցեք այս հարցը, եղե՛ք արդար եւ ձեր արդար խոսքով փորձեք ապացուցել, որ ոչ մի ոճրագործություն չի մոռացվի ու անպատիժ չի մնա, չի ոտնահարվի մարդկային ոչ մի իրավունք, այդ թվում՝ ամենակարեւորը՝ կյանքի իրավունքը։ Աբովյանի թիվ 3 դպրոցի 8-րդ դասարան, «Պատանեկան նվաճումներ» կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել