Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Ապրիլ 24,2001 00:00

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ Երեկ վճռաբեկ դատարանի 2-րդ հարկի դահլիճը կրկին տրամադրվել էր «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունն անցկացնելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին, իսկ դա նշանակում էր, որ որեւէ այլ դատավարություն այնտեղ անցկացնելը բացառվում է։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը շարունակեց իր դատաքննական ցուցմունքները, ներկայացնելով 1993 թ. հունվարից մինչեւ 1998 թ. սեպտեմբերն ընկած ժամանակաշրջանը, թե ինչպես է Էդիկ Գրիգորյանի հետ եղել Բուրգասում, թե ինչպես է հուլիսին մեկնել Ղրիմ։ Մի դեպքում նա իրեն համարեց «պետական, իշխանությանը ընդդիմադիր», որը քննադատել է «ՀՀՇածին, հայակործան քաղաքականությունը», մյուս դեպքում ցուցմունքներ տվեց, որ դիմել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Լեւոն Զուրաբյանին, խնդրելով՝ «նախագահին փոխանցի, որ ես ցանկություն ունեմ պետական կառույցում աշխատելու»։ Ինչպես ամբաստանյալն ասաց, նախագահական նստավայր է այցելել 2 անգամ։ Իսկ Լ. Զուրաբյանն ասել էր. «Նախագահն ասել է, մամուլի ասպարեզում որեւէ բան առաջարկեք»։ Ըստ ամբաստանյալի երեկվա ցուցմունքի, այդ «որեւէ բանը» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն էր եւ «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ Ղրիմյան շրջանից ամբաստանյալ Ն. Հունանյանը հիշեց, որ մասնավորապես, Օդեսայում հանդիպել է Յուրի Բախշյանի հետ, որը Երեւան քաղաքի պատվիրակությունն էր գլխավորում (1995 թ. նոյեմբեր)։ Ըստ նրա, կարճ զրույց է ունեցել։ «Զարմացա, որ Բախշյանին տեսա, իրեն էլ ասացի այդ մասին, որովհետեւ երբ ես Հայաստանից հեռանում էի, Յու. Բախշյանը ընդդիմադիր էր եւ Հանրապետական կուսակցությունն էլ էր նույնպես ընդդիմադիր»։ Ամբաստանյալը տեղեկացրեց, որ Յու. Բախշյանի հետ շփվել է 1990-1992 թթ. «քաղխորհրդում որոշ չափով օգնում էի իրեն՝ քաղխորհրդում ձեւավորված ուժերի, ընդդեմ Համբարձում Գալստյանի»։ Նա ասաց նաեւ, որ 95-ին հարցրել է Բախշյանին, թե «ինչ հրաշքով է հայտնվել քաղաքապետարանում եւ այնտեղ աշխատում, Բախշյանն ինձ ասաց, որ միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հանրապետություն» բլոկին եւ, փաստորեն, նրանց հետ հանդես են եկել միասնաբար, որի արդյունքում ինքը հայտնվել է քաղաքապետարանում»։ Ամբաստանյալի հետեւությունը սա էր. «Հանրապետականը դադարել է ընդդիմադիր լինելուց՝ դրա մեջ շահ չտեսնելով»։ «Նախագահ դառնալու» հետ կապված Ամբաստանյալն ասաց, որ ինքը դեմ է եղել նախագահական «կառույցին»՝ այն «հարմար չգտնելով փոքրիկ երկրի համար»։ Վերադառնալով Հայաստան, նա տեսել է 30 քկմ տարածությունը «բազառի» վերածած, մի երկիր, որ «նման էր ասիական, միջնադարյան որջի»։ Նա ասաց, որ «որեւէ պաշտոն չուներ, ոչ զորք, ոչ խոշոր կապիտալ, ոչ էլ որեւէ այլ բան» եւ ինքը ձեռնամուխ է եղել ուսանողական շարժման 10-ամյակի անցկացմանը, ինչը հաջողվել է։ «Եվ եթե նրանք (ընկերները) ինչ-որ բան են ընդունել, ապա նրա համար, որ ես՝ ես եմ»։ Այդ հանդիպմանը, ինչպես երեկ ասաց ամբաստանյալ Ն. Հունանյանը իր ցուցմունքներում, հրավիրվել էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որը չէր մասնակցել, քանի որ մի քանի օր առաջ եղել էր համալսարանում եւ «պատեհ չէր վրա-վրա լինել համալսարանում»։ Ալիկ Հարությունյանը, ըստ Հունանյանի՝ ասել էր, որ կգա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։ Ի դեպ, վերջինս մասնակցել է 10-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ըստ ամբաստանյալի` հիմնական բանախոսը լինելով՝ ինքը խոսել է «1992-1998 թթ. Հայաստանի իշխանությունների ազգակործան քաղաքականության մասին» եւ դիմելով Վազգեն Սարգսյանին, ասել է. «Դա չպետք է կրկնվի։ Այն, ինչ եղավ 1992-98-ին»։ Ամբաստանյալը սա որակեց որպես «հրապարակային զգուշացում»։ Այդ ժամանակաշրջանում պատրաստվում է «նոր սերնդի հայտարարագիրը» եւ նախագահի հրաժարականից հետո, ըստ ամբաստանյալի, «սպասումի մթնոլորտ ստեղծվեց. պետք էր սպասել նախագահական ընտրությունների ելքին»։ Ծառայություններ է առաջարկվում նախընտրական շտաբներին 1998 թ. մարտից, ինչպես երեկ դատաքննության ժամանակ ասաց Ն. Հունանյանը, ինքը հանդիպումներ է ունեցել նախագահական թեկնածուների, նրանց նախընտրական շտաբների հետ։ Հանդիպել է, օրինակ, Կ. Դեմիրճյանի նախընտրական շտաբից Հմայակ Հովհաննիսյանի հետ. «Ես խնդրել էի Հմայակից տեղեկություններ հաղորդել նախագահի թեկնածուի ծրագրերի եւ ընտրությունների հետ կապված այլ հարցերի մասին։ Մանավանդ, հետաքրքրում էր Հմայակ Հովհաննիսյանի կապը Դեմիրճյանի հետ, որն ինձ տարօրինակ էր թվում»։ Ամբաստանյանն ակնարկեց Հ. Հովհաննիսյանի նախկինում դաշնակցական լինելը։ Նա շարունակեց, թե «Երբեք առիթ չեմ ունեցել լսելու, որ ինքը ծանոթ է կամ ինչ-որ կապ ունի Դեմիրճյանի հետ»։ «Վերապրելով» ընտրական մարաթոնը, նա հիշեց, որ Դեմիրճյանի շտաբում լսել է, որ նա 1-ին փուլում ստացել է ձայների 70-75 տոկոսը՝ «ասվում էր, որ եղել են նրան ուղղված սպառնալիքներ Վազգեն Սարգսյանի կողմից, ընդհուպ մերձավորների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու»։ Ինչ վերաբերում է, թե ինքն ո՞ւմ օգտին է քվեարկել. հիշեց, որ ինքն ու եղբայրը քվեարկել են Յուրի Մկրտչյանի օգտին։ Երբեմն-երբեմն «ճշտումներ» անելով իր կենսագրության մեջ, անգամ, թե Ղրիմի իրենց «մառանի» տեղում ինչպես է իրականացվել տան շինարարությունը, թե ինչպես է տեսամագնիտոֆոնը վաճառել «վերջին ծախսերի» համար, նա «ճշտումներ» արեց եւ Նաիրի Բադալյանի բնակարան գնելու պատմության մեջ, հայտարարելով, որ «Բադալյանին գումարը (3000 դոլար) տվել է Գագիկ Ջհանգիրյանը», որն անձամբ իրեն է ասել այդ մասին 2000 թ. ձմռանը։ Այնուհետեւ ամբաստանյալը ներկայացրեց 1998 թ. սեպտեմբերին իր Թուրքիա մեկնելու պատմությունը, թե ինչպես էին տիպեր, նկարներ, շապիկների վրա «տպելու» համար ներկեր ստեղծել։ Ներկաստեղծ աշխատանքներում իրենք դարձյալ հիմնադիր էին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել