Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահին «մասնագիտություն» մարմնավաճառությունը տարիներ ի վեր դասվել

Ապրիլ 24,2001 00:00

Գործազրկությունը սպառնում է նաեւ մարմնավաճառներին Ամենահին «մասնագիտություն» մարմնավաճառությունը տարիներ ի վեր դասվել է նաեւ ամենաշահավետների շարքին։ Ի տարբերություն այլ բիզնեսների, վերը նշվածի համար հարկավոր չեն ոչ հանճարեղ մտքեր, ոչ հովանավորներ, ոչ էլ մեծ գումարներ, եւ չկա «տակ տալու» ռիսկի գործոնը։ Ըստ «Նյուս թայմս» ամսագրի, այն երկրներում, որտեղ զարգացած է մարմնավաճառությունը, նվազել է բռնաբարությունների թիվը։ Որոշ երկրներ (Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Ավստրիա, Լատվիա) մարմնավաճառությունը, որպես մասնագիտություն, ճանաչել եւ օրինականացրել են։ Նույնիսկ բացել են կահավորված, արտոնագրված հասարակաց տներ, որտեղ ե՛ւ վաճառողը, ե՛ւ հաճախորդը անցնում են բժշկական ստուգում։ Գործում են կից դպրոցներ, որտեղ չափահաս մարմնավաճառուհիներին ուսուցանում են օտար լեզուներ, գրականություն եւ այլ առարկաներ։ Պարզվում է, որ ի տարբերություն արտասահմանյան երկրների, մեզ մոտ վերը նշված մասնագիտությունը անկում է ապրում։ Վերջերս Մալաթիա տոնավաճառում պատահաբար մի մարմնավաճառի եւ վաճառողի խոսակցության ունկնդիր դարձա։ Երիտասարդ մայր Աննան, գումար չունենալու պատճառով իրեն առաջարկում էր մանկական շոր ու կոշիկի դիմաց։ «Առուծախի» ավարտից հետո որոշեցի զրուցել նրա հետ։ Դեռ երկու տարի առաջ հայաստանյան մարմնավաճառների օրական վաստակը կազմում էր 100 ԱՄՆ դոլար, տարեկան՝ 36 հազար՝ տոնական զեղչերից եւ հարկերից խուսափելու դեպքում։ Սակայն այս տարի մարմնավաճառ աղջիկների շաբաթական վաստակը հազիվ կազմում է 20-30 դոլար, «էն էլ՝ շաբաթ կա՝ գործ չի լինում»,- ասաց Աննան։ Վերջինիս կարծիքով, Հայաստանում արական սեռի ներկայացուցիչներ գրեթե չեն մնացել, եղածներն էլ աշխատանք չունեն, որ փող ունենան կամ էլ տարեցներ են։ Փոխարենը, Աննայի հավաստմամբ, զարգանում է տղաների մարմնավաճառությունը. «Հայաստանի հիմնական մասը կին է, որոնք կամ ամուսնացած չեն, կամ էլ ամուսինները քաղաքում չեն։ Բնականաբար, տղերքի գործը լավ ա»։ Մարմնավաճառությամբ զբաղվում են, ինչպես պարզ դարձավ, ոչ միայն տղաները, այլեւ անհայտ, երեւի ավելի ճիշտ, համասեռամոլ անձինք (հոմոսեքսուալիստ), որոնց «կանգնելու» հիմնական վայրը Ծիծեռնակաբերդի շրջակայքն է։ Աննայի նկարագրությամբ, տղաների աշխատանքը աղջիկներինից տարբերվում է նրանով, որ նրանք փողոց դուրս չեն գալիս։ «Տղաների հեռախոսահամարներն ունեն իրենց հովանավորները եւ իրանք տալիս են պուզո ծյոտկեքին։ Իրանք զանգում ու պայմանավորվում են ինչ-որ բարում կամ կաֆեում, հետո գնում են վարձու տուն»,- ասաց Աննան։ Ասաց նաեւ, որ այդ «ծյոտկեքի» մեջ կան շատ մեզ հայտնի անձինք, բայց «հետագա քաշքշուկներից խուսափելով»՝ չհայտնեց անունները։ Աննայի հավաստմամբ, մի գիշերվա համար տղաները ստանում են 100-300 դոլար։ Տղաների բարգավաճող բիզնեսին հակառակ՝ աղջիկների բիզնեսը օր օրի վատանում է եւ, ինչպես տխուր ասաց Աննան. «Որ էսենց գնա, մյուս տարի մենք ընդհանրապես անգործ կմնանք»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել