Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն մեկ շաբաթից ավելի է Երեւանի տարբեր թաղամասեր ջրազրկվել

Ապրիլ 24,2001 00:00

ԿԱԹԻԼ-ԿԱԹԻԼ ՋՈՒՐ Է ԳԱԼԻՍ Արդեն մեկ շաբաթից ավելի է Երեւանի տարբեր թաղամասեր ջրազրկվել են։ Խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր համայնքների բնակիչներից։ Նրանք միաբերան պնդում են, թե 24 ժամվա ընթացքում ընդամենը 1-2 ժամ են ջուր ունենում։ Ընդ որում, բարձր հարկերի բնակիչներն ընդհանրապես ջրի երես չեն տեսնում եւ ստիպված են լինում այդ 1-2 ժամվա ընթացքում դույլերով ջուր կրել ներքեւի հարկերից։ Անշուշտ, սա առաջին տարին չէ, երբ եղանակի տաքանալուն զուգընթաց պակասում է խմելու ջրի հոսքը։ Հայտնի է, որ քաղաքաբնակների մեծ մասը առանձնահատուկ սեր ունի բանջարա-բոստանային աշխատանքների նկատմամբ։ Ու քանի որ վաղուց արդեն ցամաքել են մեր քաղաքի ոռոգման ջրի աղբյուրները՝ հողագործության սիրահարներն իրենց այգիները ջրում են խմելու ջրով։ Հողագործության սիրահարներից բացի, մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում նաեւ ավտոմեքենաներ լվանալու սիրահարները։ Այս մարդիկ հատկապես չեն հանդուրժի, եթե հանկարծ իրենց ավտոմեքենաների կեղտն ու փոշին մաքրվի տեխնիկական ջրով։ Այս վիճակին, կարծեք, քաղաքի բնակիչներն ինչ-որ կերպ հարմարվել էին. առաջին տարին հո չէ՞, միշտ էլ Երեւանի բնակիչներն այլ մայրաքաղաքների բնակիչներից տարբերվել են ջուր կրելու եւ հավաքելու առանձնահատուկ «շնորհով»։ Սակայն վերը նշված փաստարկներին այս տարի ավելացել է եւս մեկը։ Խմբագրություն զանգահարած բնակիչները պնդում էին, թե ջրի հոսքը պակասել է վարձավճարների չվճարման պատճառով։ Հարցն այն է, որ Երեւանի ջրմուղ-կոյուղի ընկերության շահագործումը 4 տարով ստանձնած իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունը վերջերս սկսել է ակտիվորեն զբաղվել ջրի վարձերի դիմաց կուտակված արդեն մի քանի տարվա պարտքերի հավաքագրմամբ։ Եվ սա առիթ է հանդիսացել, որ քաղաքացիները ջրի հոսքի պակասեցումը (որոշ դեպքերում՝ դադարեցումը) բացատրեն պարտքերի չվճարումով։ Այս հարցերը ճշտելու համար դիմեցինք Երեւանի ջրմուղ-կոյուղի ընկերության գլխավոր ինժեներ Հենզել Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյանի համար շատ անսպասելի էր այն փաստը, թե քաղաքի որոշ թաղամասերում պակասել է ջրի հոսքը։ Առավել եւս նա չհամաձայնեց քաղաքացիների այն պնդմանը, թե խնդիրը կապված է պարտքերի չվճարման հետ։ Հենզել Խաչատրյանը նշեց, որ պատժամիջոցներ կիրառելու դեպքում ընկերությունը նախօրոք լրատվամիջոցներով, ինչպես նաեւ ծանուցագրեր ուղարկելով, զգուշացնում են տվյալ թաղամասի բնակիչներին՝ ջրամատակարարման ժամերը պակասեցնելու մասին։ Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս պակասեցվել են Նորագյուղ թաղամասի ջրամատակարարման ժամերը, ինչը, նրա հավաստմամբ, համաձայնեցված է քաղաքապետարանի հետ։ Պարոն Խաչատրյանը չհամաձայնեց, սակայն, Էրեբունի զանգվածի բնակիչների այն բողոքի հետ, թե այս թաղամասում եւս 1-2 ժամ է ջուր տրվում։ Երբ ավելի կոնկրետացրինք հասցեն ու նշեցինք, թե Ավանեսով փողոցի բնակիչներից է բողոք ստացվել՝ պարոն Խաչատրյանը հայտնեց, որ Էրեբունի զանգվածի ջրամատակարարման բարելավման նպատակով վերջերս փոխվել է ջրամբարից եկող ջրագիծը։ Հետեւաբար, պարոն Խաչատրյանն անհնարին է համարում Էրեբունի զանգվածի Ավանեսով փողոցի ջրամատակարարման վատացումը։ Տեղեկացնենք, որ մենք առիթ ունեցել ենք անձամբ լինելու այս թաղամասում եւ համոզվելու բնակիչների բողոքների ճշմարտացիության մեջ։ Սակայն միաժամանակ չենք կարող չհամաձայնել պարոն Խաչատրյանի հետ, թե քաղաքացիներից շատերը անխնա են օգտագործում խմելու ջուրը, ինչի պատճառով էլ մյուսները զրկվում են հոսող ջուր ունենալու հնարավորությունից։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել