Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնականաբար,

Ապրիլ 24,2001 00:00

Որտե՞ղ են լավագույն քննիչները «Բնականաբար, այս հանցագործության բացահայտումը գերխնդիր է։ Եվ բնականաբար, դրանով պիտի զբաղվեն Հայաստանի ամենապրոֆեսիոնալ, ամենալավագույն քննիչները, մասնագետները։ Եվ, բնականաբար, ոչ մեկը չէր կարող մեզ համոզել, որ բոլո՛ր լավագույն մասնագետները, բոլոր պրոֆեսիոնալները հատուկ հավաքվել եւ աշխատում են զինվորական դատախազությունում»,- այս մեջբերումը ճեպազրույցում «Առավոտի» հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավարի պատասխան խոսքից է։ Իհարկե, դժվար թե որեւէ մեկի մտքովն իսկ անցնի համոզել, թե բոլոր լավագույն քննիչներն աշխատում են զինդատախազությունում։ Թեեւ նշենք, որ 2000 թ. մարտից Նաիրի Հունանյանի գրեթե բոլոր հարցաքննություններն անցկացրել է գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերով քննիչ Մարսել Մաթեւոսյանը, որն, իրավաբանների գնահատմամբ, իր ոլորտում լավագույններից մեկն է։ Սակայն սա այնքան էլ էական չէ։ Առավել էականը հետեւյալ հարցն է. իսկ որտե՞ղ են աշխատում բոլոր լավագույն մասնագետները։ Գուցե հանրապետակա՞ն դատախազությունում, թե՞ ԱԱՆ-ում։ Թերեւս Դաշնակցության ներկայացուցիչները ոչ վաղ անցյալի սեփական փորձով են համոզվել, որ լավագույն քննիչները հենց ա՛յդ մարմիններում են։ Ասենք, ամենալավ մասնագետներից մեկը «31-ի գործով» նախաքննությունն իրականացնողներից մեկն է՝ ԱԱՆ ներկայիս նախարար Կառլոս Պետրոսյանը։ Եվ մի խնդիր էլ. ՀՅԴ խմբակցության ղեկավարն իր պատասխան խոսքում նշել էր, թե «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը «որոշակի ուժերի համար դարձավ իշխանության, անձնական ու խմբային հարցեր լուծելու անբարոյական մեթոդ։ Ցավոք, խնդիրը դրվեց ոչ թե Վազգեն Սարգսյանի գաղափարները, ծրագրերը շարունակելը (…), այլ այդ մեծ ողբերգությունից այլ կարգի օգուտներ քաղելը»։ Այս կշտամբանքի որոշակի հասցեատերը չնշվեց։ Բայց այլոց առավել բացահայտ ակնարկներին նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ի վերջո ստիպված եղավ հակադարձել, որ եթե իշխանափոխության խնդիր ունենար, հոկտեմբերի 27-ից հետո հետ չէր պահի Ռոբերտ Քոչարյանին հրաժարական տալու մի քանի անգամ դրսեւորված մտադրությունից։ ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարող էր հաշվի առնել այս հակափաստարկը, մանավանդ որ մեկ այլ՝ իր համար փաստաբան ընտրելու պարագայում լրագրողներին այդպես էր ներկայացրել, թե Արամ Սարգսյանի կարծիքն իր համար վճռորոշ էր։ Ի դեպ, դատավարությանը ներկաների կարծիքով, այդ փաստաբանն առայժմ տվյալ տուժող պատգամավորի կամ ՀՅԴ շահերը չէ, որ ներկայացնում է։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել