Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի

Ապրիլ 24,2001 00:00

Մտքի ճկունություն եւ ոչ մի խարդախություն Ապրիլի 21-ին, 17.30-ին այս անգամ արդեն՝ ոչ թե Ազատության, այլ՝ Հանրապետության հրապարակի՝ էներգետիկայի նախարարությանը հարող ամբողջ տարածքն էր մարդաշատ։ Եվ դարձյալ եռագույն դրոշների ու այլեւայլ մակագրություններով պաստառների պակաս չկար։ Ու թեեւ հոծ բազմությունն ագրեսիվության նշաններ ցույց չէր տալիս, այդուհանդերձ, նախարարության մուտքին հարող տարածքը հսկելու համար ոստիկանությունն ու մորեգույն բերետավորներն ամուր շղթա էին կազմել։ «Օպերացիան» վերահսկում էր ՆԳՆ փոխնախարար Հովհաննես Վարյանը՝ անձամբ։ Ի վերջո, մեկ-երկու ժամ անց, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը հավաքվածներին հաղթական տոնով տեղեկացրեց, թե մրցույթը չի կայացել եւ ԲԷՑ-երը գնելու ցանկություն հայտնած ընկերություններից եւ ոչ մեկը հայտ չի ներկայացրել։ Տեղեկությունն ուղեկցվեց բուռն ծափահարություններով։ Հավաքվածները, բնականաբար, գոհ էին։ Նրանք անկեղծորեն, թերեւս, հավատացին, որ մրցույթի չկայանալու պատճառն իրենց համառ պայքարն էր։ Թերեւս։ Բայց բանն այն է, որ դեռ մինչեւ մրցույթի անցկացման պահը եւ դրանից էլ շատ առաջ, կառավարությունը, առանձին լավատեղյակ պատգամավորներ եւ անգամ ԲԷՑ-երի վաճառքի դեմ ակտիվ պայքար սկսած առանձին կազմակերպություններ հիանալի տեղյակ էին, որ մրցույթը չի կայանալու։ Դա է ապացուցում նաեւ պաշտոնական այն տեղեկատվությունը, թե ամերիկյան AES ընկերությունը մրցույթին հայտ չի ներկայացրել տեխնիկական պատճառներով, քանի որ մասնակցել է Ուկրաինայի ԲԷՑ-երի վաճառքի մրցույթին։ Բնական է, որ այդ տեղեկությունը կառավարությունը ապրիլի 21-ին չէ, որ ստացել էր։ Պարզապես մեր դյուրահավատ ժողովուրդը հավատաց այդ ֆարսին, եւ հանրահավաքի նախաձեռնող կազմակերպություններին ակնհայտորեն հաջողվեց հասարակությունից թաքուն պահել, որ իշխանության առանձին օղակների կողմից հրահրված այդ հանրահավաքի հիմնական իմաստը վարչապետ Մարգարյանի ոտքի տակ օճառ դնելն էր։ Մինչդեռ այդ օրը չկայացած մրցույթը ԲԷՑ-երի վաճառել-չվաճառելու իմաստով դեռեւս ոչինչ չի նշանակում։ Կառավարությունն ամենեւին էլ չի հրաժարվում բաշխիչ ցանցերը վաճառելու մտադրությունից, իսկ մրցույթում հայտ չներկայացնելը դեռեւս չի սահմանափակում ամերիկյան եւ իսպանական այդ ընկերությունների՝ առաջիկայում հայտեր ներկայացնելու, նոր պայմաններ առաջադրելու եւ մրցույթին մասնակցելու հնարավորությունը։ Դա կարող է լինել նույնիսկ երկու ամիս հետո։ Բայց շաբաթ օրը հանրահավաքում «ժողովրդի տարած հաղթանակի» սցենարն այնքան վարպետորեն իրականացվեց, որ անգամ Արշակ Սադոյանն ու կոմունիստ Խորեն Սարգսյանը, որոնք սկզբունքորեն, դեմ էին ԲԷՑ-երի վաճառքին, թերեւս, հավատացին դրան՝ չգիտակցելով, որ իրենք այդ խաղում ընդամենը խաղացող են։ Արդյունքում իշխանությունների խամաճիկը հանդիսացող եւ ԲԷՑ-երի վաճառքի դեմ կազմակերպված հանրահավաքների կիզակետում հայտնված ԱՎՄ-ն հաջողեցրեց դիվիդենտներ շահել։ Գուցե պատահական չէր, որ դեռ անցյալ շաբաթ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ ԱՎՄ ներկայացուցիչ Արմեն Մազմանյանին հարցրինք, թե ինչու են ԲԷՑ-երի վաճառքի ամբողջ պատասխանատվությունը բարդում ոչ թե նախագահ Քոչարյանի՝ իբրեւ գործադիր մարմնի ղեկավարի, վրա, այլ՝ օրենսդիրների ու վարչապետի, պարոն Մազմանյանը դիվանագիտորեն պատասխանեց, թե իրենք տեղյակ չեն նախագահի պաշտոնական դիրքորոշմանը։ Կարելի էր կարծել, թե նախագահն անտեղյակ էր, որ իր երկրում բաշխիչ ցանցերը վաճառքի են հանվել եւ դրան դեմ լինելու դեպքում ամաչելու էր կարծիք հայտնել։ Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել