Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր

Ապրիլ 24,2001 00:00

«ՆԱ ՇԻՐԱԿԻՆ ՈՒ ԲՈՒՇԻՆ Է ՏԵՍՆՈՒՄ. ՄԵ՞ՆՔ ՈՎ ԵՆՔ» «Այսօր երկրում կոռուպցիայի առկայության ամենալուրջ պատճառներից մեկն էլ «Պետական ծառայողի մասին» օրենքի բացակայությունն է։ Բայց կան մարդիկ, որոնք իրենց անձնական շահերից ելնելով՝ դեմ են այս օրենքի ընդունմանը»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը։ Քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի՝ կրկին ԱԺ ներկայացված նույն նախագծի ընդունմանը հրապարակավ բազմիցս դեմ է արտահայտվել հատկապես ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանը, նախագահի այս բացահայտումից հետո հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչ անձնական շահերից ելնելով է ինքը ցանկանում, որ մեր երկրում շարունակի տիրել կոռուպցիան։ «Եթե հարց տաք ժողովրդին, թե ով կարող է կոռուպցիայով զբաղվել առանց նախագահի եւ նրա շրջապատի թույլտվության՝ կարծում եմ՝ միանշանակ պատասխան կստանաք։ Եվ եթե մինչեւ հոկտեմբերի 27-ը նախագահը կարող էր բողոքել, որ լծակներ չունի՝ հիմա բոլոր ուժային նախարարություններն իր ենթակայության տակ են։ Ո՞վ է խանգարում կոռուպցիոներների ձեռքերը բռնել,- պատասխանեց պրն Զաքարյանը։- Մինչեւ նախագահի հարցազրույցը կարծում էի, որ նա այդ օրենքը չի կարդացել։ Բայց պրն Քոչարյանը շեշտեց, թե նախագծին լավ ծանոթ է եւ շրջանառության մեջ դնելու նախաձեռնողներից մեկն էլ ինքն է։ Ճիշտն ասած, այս պահվածքը ինձ հիշեցնում է «Միմինո» ֆիլմում Մհեր Մկրտչյանի խոսքը, որը «ԿռԱԶ»-ի մեջ ասում էր. «Անա կաժդիյ դեն ակադեմիկա՜ վիդիտ, կասմանավտա՜ վիդիտ, Իշտոյանա՜ վիդիտ։ Տի կտո՞»։ Հիմա սա է։ Նա ամեն օր տեսնում է ԵԱՀԿ խմբի համանախագահողների՜ն, Շիրակի՜ն, Բուշի՜ն. մենք ո՞վ ենք։ Նա համաշխարհային հարցեր է լուծում, իսկ մենք՝ մեր փոքրիկ երկրի, որ անձնական շահեր են երեւի։ Հայաստանի Սահմանադրությունն էլ, որի 5 դրույթներ խախտվում են այս օրինագծով, երեւի ինչ-որ գյուղի Սահմանադրություն է։ Բայց ի՜նչ Սահմանադրություն, ի՜նչ օրենք եւ ի՜նչ Հայաստան, երբ մարդն ամեն օր համաշխարհային հարցեր է լուծում։ Հավանաբար մեզ արդեն շատ վերեւից են նայում եւ թքած ունեն օրենքների ու հերթական անգամ՝ Սահմանադրության վրա»։ Օրենքը բարեփոխելու նպատակով ՀԺԿ-ն առաջարկներ է ներկայացրել, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ՀՀ նախագահի գերուռճացված լիազորություններին։ Լրագրողների հետ նույն զրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Չգիտեմ, ի՞նչ գերուռճացումների մասին է խոսքը։ Համենայն դեպս, նախագծի վերջին տարբերակում նախագահի լիազորությունների գերուռճացման խնդիր չեմ տեսնում»։ Սրան Ստեփան Զաքարյանն այսպես արձագանքեց. «Չեմ ուզում շատ կոպիտ ասել, բայց, համենայն դեպս, չեմ կարծում, որ հանրապետության նախագահն իրավունք ունի սուտ ասելու։ Եթե նա իրոք լավ ծանոթ է նախագծին՝ պիտի տեսներ, որ ԱԺ-ին կառավարության ներկայացրած օրինագծում նախագահի լիազորությունները գերուռճացված են, եւ խախտվում է Սահմանադրությունը։ Ես չգիտեմ, կառավարության ներկայացրածից բացի գուցե ա՞յլ տարբերակ գոյություն ունի եւ մենք չգիտե՞նք»։ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք ՀԺԿ-ականների ներկայացրած առաջարկներում մատնանշված է, թե օրինագծի հատկապես որ դրույթներով է փորձ արվում շրջանցելով Սահմանադրությունը՝ ընդլայնել նախագահի լիազորությունները։ Մեջբերենք. «Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ լիազորված չլինելով իրականացնելու գործադիր իշխանություն, այլ սոսկ օժտված լինելով այդ, ինչպես նաեւ օրենսդիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու առաքելությամբ, չի կարող յուրացնել ՀՀ Սահմանադրության 85 հոդվածով կառավարությանը վերապահված գործադիր իշխանության իրականացման լիազորությունը»։ Ըստ Սահմանադրության՝ նախագահը նշանակումներ է կատարում քաղաքացիական պաշտոններում։ Մինչդեռ այս օրենքի նախագծով սահմանվում է, որ նախագահը պիտի նշանակի Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին, որոնք քաղաքացիական ծառայողներ չեն։ Ուրեմն, ի՞նչ լիազորության հիման վրա պիտի նախագահը կատարի այդ նշանակումները։ Նախատեսվում է, որ Քաղաքացիական ծառայության խորհուրդը լինելու է «ենթակա եւ հաշվետու Հանրապետության նախագահին»։ Մինչդեռ Սահմանադրության 55 հոդվածի 5-րդ կետով նախագահին լիազորություն է տրամադրված սոսկ կազմավորել խորհրդակցական մարմիններ։ Եվս մի դրույթ հավելենք. թեեւ նախագահը որեւէ մարմնի կանոնադրություն հաստատելու սահմանադրական լիազորություն չունի, բայց տվյալ նախագծով նրան նման հակասահմանադրական լիազորություն է տրվում։ Եվ այս ու չթվարկված բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումների փոխարեն նախընտրվեց պիտակավորումը, թե՝ միայն անձնական շահեր հետապնդողներն ու կոռուպցիայի մեջ խրվածներն են դեմ այս օրինագծին։ Մինչդեռ նախագծով նախագահին հավելվող գերլիազորությունները հուշում են, թե պատգամավորները չէ, որ այս դեպքում հետապնդում են ինչ-ինչ շահեր։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել