Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը քանակը չէ

Ապրիլ 21,2001 00:00

Կարեւորը քանակը չէ Վերջին երկու տարում Վանաձորում կոմունիստների թիվը պաշտոնապես պակասել է՝ 700-ից հասնելով 400-ի։ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Արամ Խաչատրյանի հավաստմամբ, իրենք կուսակցությունից հեռացրել են «պատեհապաշտներին» եւ «զրպարտիչներին»։ Մեր դիտարկումներով, սակայն, կոմունիստների մի մասն ինքն է կապերը խզել (Կոմկուսի հետ՝ ընդհանրապես կամ Վանաձորի գրասենյակի հետ՝ մասնավորապես)։ Հիշեցման կարգով նշենք, որ 1999թ. ԱԺ ընտրություններից հետո ՀԿԿ Վանաձորի քաղկոմի նախկին քարտուղարը ընդդիմադիր ելույթով հանդես եկավ Կոմկուսի նախկին առաջնորդ Ս. Բադալյանի դեմ (այդ ելույթն այն ժամանակ արձանագրվեց ՍԻՄ-ի պաշտոնաթերթում)։ Դրանից հետո կոմունիստների մի մասը, որոնք արդեն իսկ հայտարարել էին Կոմկուսի շարքերից իրենց դուրս գալու մասին՝ հեռացվեցին։ Ոմանք ընդգրկվեցին նոր կամ «նորացված» կոմունիստական կազմակերպություններում, որոնց անդամների վերաբերյալ Ա. Խաչատրյանն իր ասուլիսում նշեց՝ «դրանք բոլորը մեզանից հեռացվածներն են»։ Ըստ պաշտոնապես չճշտված աղբյուրների, կոմունիստներից ոմանք էլ դրանից հետո անդամագրվեցին ՀԺԿ-ին՝ հետեւելով 1998թ. այդ կուսակցությանն անդամագրված նախկին կոմունիստների օրինակին։ Հնարավոր է, որ հեռացածների մի մասն էլ համարվում են «հեռացվածներ»։ ՀԿԿ Վանաձորի քաղկոմում այսօր էլ շարունակվում են «զտման» աշխատանքները։ Քաղկոմի ներկայիս 1-ին քարտուղարի հավաստմամբ, իրենց համար կարեւորը որակն է, ոչ թե քանակը։ «Նախկինում քաղկոմը վեր էր ածվել բամբասանքի կենտրոնի։ Մենք ազատվեցինք այդպիսի մարդկանցից»,- նշեց վերջինս ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 25-րդ կոնֆերանսում՝ 1,5 տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետու ելույթում (ի դեպ, նա չէր կարող տեղյակ լինել, որ հենց այդ պահին դահլիճում նստած կուսակիցներից ոմանք էլ բամբասում էին… հենց իրենից՝ գովասանքի խոսքեր ասելով նախկին քարտուղարի մասին)։ Պետք է նկատել, որ Վանաձորում կան նաեւ անհատներ, որոնք իրենց կոմունիստ են համարում, սակայն վերջին տարիներին պաշտոնապես չեն անդամագրվում՝ ոչ այնքան անդամավճար մուծելուց խուսափելու համար, որքան՝ Կոմկուսի ղեկավարների պատճառով։ Իսկ այն, որ վերջին մի քանի տարիներին հատկապես նկատելի են ներկուսակցական հակասությունները Կոմկուսում, ըստ էության վկայեց նաեւ Ա. Խաչատրյանը քաղկոմի կոնֆերանսի ելույթում կուսակցական այն «ինքնախոստովանությամբ», թե ԱԺ ընտրությունների ժամանակ որոշ կոմունիստներ աշխատել են այլ, ոչ կոմունիստ թեկնածուների օգտին։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել