Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմքի եւ բնության վարպետը

Ապրիլ 21,2001 00:00

Դեմքի եւ բնության վարպետը Ապրիլի 20-ին լրացավ մեծ նկարիչ Հրաչյա Ռուխկյանի ծննդյան 86-ամյակը։ Այդ առթիվ նրա ժառանգների՝ Արմեն եւ Վահագն Ռուխկյանների նախաձեռնությամբ Հայֆիլհարմոնիայի փոքր համերգասրահում բացվեց նկարչի ցուցահանդեսը։ Ներկայացված էին «Բույլ հանճարոց» շարքը, բնապատկերներ, դիմանկարներ եւ այլն։ Հրաչյա Ռուխկյանի անունը շատերին է ծանոթ։ Դեռ դպրոցական դասագրքերից բոլորն էլ հիշում են նրա Մաշտոցին, Խորենացուն, Աբովյանին, Սայաթ-Նովային, Իսահակյանին։ Հայ դասականների լայն խավերին հայտնի գրեթե բոլոր դիմանկարները պատկանում են նրան եւ այնքան են տարածված, որ անխախտելիորեն ամրագրված են ժամանակակից սերունդների մտապատկերում։ Հրաչյա Ռուխկյանը ծնվել է 1915թ.՝ Ալեքսանդրապոլում։ Կրթությունը ստացել է նախ ծննդավայրում, ապա Երեւանում եւ Թբիլիսիում, աշակերտել է Ս. Առաքելյանին, Վ. Գայֆեջյանին, Գ. Գյուրջյանին… Նա նկարչության ասպարեզ մտավ պոպուլյար ստեղծագործություններով. պլակատներ, հոբելյանական դրոշմանիշեր, դիմանկարով բացիկներ եւ այլն, սակայն շուտով ավելի լուրջ բնագավառ անցավ։ Դիմանկար եւ բնապատկեր։ Նա՝ ով դեմք է նկարում, տաղանդի առկայության դեպքում կարող է հաջողության հասնել գեղանկարչության ցանկացած բնագավառում, նա՝ ով սկսում աբստրակտով, հասնում է միայն աբստրակտ կայացման։ Ռուխկյանը դեմքի հիանալի վարպետ է եւ բոլորովին անտարբեր վերացականության հանդեպ։ Վերջերս բախտ ունեցա երկու անգամ ծայրից ծայր անցնելու նկարչի պատկերային արխիվի վրայով։ Գիտեի, որ Ռուխկյանը պատկերել է եւ հորս։ Փնտրում էինք դիմանկարը։ Դա հոգեկան բավականության եւ ֆիզիկական տառապանքի զուգակցում էր։ Մեր ձեռքերի տակով անցնում էր հայ կերպարվեստի դասականի ողջ ժառանգությունը, մենք դրա եզակի վկաներն էինք, բայց շատ էր դժվար ժամեր շարունակ, անկանգ՝ հազարավոր, տասնյակ հազարավոր նկարներ շարժելը։ Չեմ հիշում որեւէ հայ նկարչի, որ այսքան աշխատած լինի։ Բազում պատկերներ հանդիպում են տասնյակ մշակումներով՝ մինչեւ ձեռք է բերվում վերջնական տարբերակը։ Օֆորտներ, լինոփորագրություններ, հսկայական պաստելներ, գծանկարներ, գունավոր բնանկարներ, մեծահայտ մարդկանց դիմանկարներ։ Հրաշալի է եւ խիստ արժեքավոր հայկական եկեղեցիների ու վանքերի գրաֆիկական հսկայական շարքը, որ հայ միջնադարյան ճարտարապետության կոթողների եզակի հավաքածու է։ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը Ռուխկյանին տրանսպորտ եւ միջոցներ էր տրամադրել՝ պատկերագրելու Հայաստանի ողջ տարածքով փռված կոթողները։ Նախաձեռնության արդյունքն է մի նոր կոթող դարձած այս եզակի շարքը։ Ֆոտոարխիվից հայտնաբերեցինք Արտաշես Մարտիրոսյանի դիմանկարի լուսանկարային արտապատկերը, բայց բնօրինակը, չնայած կրկնակի ստուգմանը, չհաջողվեց գտնել։ Ու թեեւ մեր ելակետային նպատակն արդյունք չտվեց, բայց երկու անգամ էլ Ռուխկյանների բնակարանից դուրս եկանք մի տեսակ հոգեկան լիացվածությամբ։ Ռուխկյանի օրինակը հիանալի ապացույցն է իրողության, որ կարեւոր չէ, թե ինչ շրջանում ես ապրում եւ երբեմն ինչ ես ստիպված պատկերել։ Կարեւոր է, թե ինչպես ես պատկերում եւ ինչ է քո արվեստը։ ՀԱՅԿ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել