Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներին էլ հերթը հասավ

Ապրիլ 21,2001 00:00

Մանկապարտեզներին էլ հերթը հասավ Վերջին տարիներին հանրապետությունում լուծարվել է 465 մանկապարտեզ։ Գործող 250 գերատեսչական մանկապարտեզից մնացել է ընդամենը 38-ը։ Սահմանամերձ մարզերից մեկի՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի օրինակով՝ 24 մանկապարտեզից ներկայումս գործում է միայն երեքը։ Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ 80%-ը չի հաճախում մանկապարտեզ։ Այս տվյալները երեկ Կրթության բարեփոխումների կենտրոնում ներկայացվեցին ԿԳՆ-ի եւ UNICEF-ի հետ համատեղ կազմակերպված միջռեկտորային եւ միջգերատեսչական սեմինարի ընթացքում՝ նվիրված երեխայի վաղ խնամքի եւ զարգացման հարցերին։ ԿԳՆ փոխնախարար Աիդա Թոփուզյանը հենց սկզբից նկատեց, որ «այսօր մենք ունենք մանկապարտեզների քանակի եւ երեխաների հաճախման խիստ նվազեցում, ինչը պայմանավորված է նախադպրոցական հիմնարկությունների կրթադաստիարակչական ոչ բավարար մեթոդների առկայությամբ»։ Տիկին Թոփուզյանի խոսքերով՝ յոթ տարի շարունակ հանրապետության նախադպրոցական հիմնարկություններում չի կատարվել ղեկավար կազմի, մանկավարժների եւ ավագ դաստիարակների վերապատրաստում, ինչն էլ, բնականաբար, բացասաբար է անդրադարձել հիմնարկությունների վրա։ ԿԳՆ-ն հանրապետության մարզերում, ինչպես նաեւ Երեւանում նախատեսել է իրականացնել մի ծրագիր, որը բաղկացած կլինի երեք բաժնից։ Առաջին բաժինը նախադպրոցական հիմնարկությունների վարիչների, մանկավարժների եւ դաստիարակների վերապատրաստումն է ԿԳՆ-ի կենտրոններում։ Անցյալ տարի ծրագրի այս բաժինը իրականացվել է Տավուշի եւ Սյունիքի մարզերում։ Երկրորդ եւ, ըստ տիկին Թոփուզյանի, «կարեւորագույն ծրագիրը» 6,5 տարեկան երեխաներին դպրոց գնալուն նախապատրաստելն է, ինչը «վերջին տարիներին դուրս է մնացել տեսադաշտից»։ Պետբյուջեի հատկացրած գումարների հաշվին ստեղծվել են եռամսյա նախադպրոցական դասընթացներ 6,5 տարեկան երեխաների համար։ Իսկ ծրագրի երրորդ բաժինը կիրականացվի միայն այս տարի եւ, ինչպես նշեց տիկին Թոփուզյանը, «այս բաժինը նույնպես շատ ենք կարեւորում, քանզի այն նպատակ ունի ուսուցանել երիտասարդ ծնողներին, թե ինչպես ճիշտ զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խնամել նրանց եւ այլ գլոբալ հարցեր»։ Այս ծրագիրը ավելի լայնածավալ իրականացնելու համար դեռեւս 1999թ. եթեր հեռարձակվեց «Մեր փոքրիկը մեծանում է» 40 րոպե տեւողությամբ, թվով ութ հաղորդաշար՝ նախատեսված մինչեւ 7 տարեկան երեխա ունեցող երիտասարդ ծնողների համար։ Խորհրդակցելով փորձագետների հետ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը այս տարի կնկարահանի հեռուստահաղորդումների հիման վրա պատրաստված 90 րոպե տեւողությամբ մի ֆիլմ, ուր ներկայացված կլինեն երեխայի առողջության, կրթության, սոցիալ-հոգեբանական եւ ֆիզիկական զարգացման հիմնահարցերը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել