Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՄԱՍՐԻԿԻ ԶԱՐԴԱՊԱՏԿԵՐԸ

Ապրիլ 21,2001 00:00

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՄԱՍՐԻԿԻ ԶԱՐԴԱՊԱՏԿԵՐԸ ՀՀ ամենաշքեղ անկյուններից է Սեւանի ավազանը, սակայն լճի մակարդակն իջնելու հետեւանքով խախտվել է նրա բնական գեղեցկությունը, փոխվել է ջրի բաղադրությունը, լճի օգտակար բնաշխարհը։ Այստեղ հատկապես ակնառու է Մասրիկ գետի ավազանը, որը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել որպես չվող թռչունների եզակի հավաքատեղի։ Դա բնապահպանական առումով ամենաաղետալի փաստն է Անդրկովկասի աշխարհատարածքում։ Այժմ բնապահպանությամբ զբաղվող տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունները զանազան տարբերակներ են առաջարկում բնական նախկին վիճակը վերականգնելու նպատակով։ Միանգամայն գովելի են այդ ջանքերը։ Ես, չանդրադառնալով նշված խնդրի լուծման տարբերակներին, ցանկանում եմ հայտնել իմ կարծիք-տեսակետը։ Համոզված եմ, որ Մասրիկ գետի ավազանի նախկին վիճակը վերականգնելը անմիջապես առնչվում է Սեւանա լճի պահպանության հետ։ Եթե լուծվի Սեւանա լճի պահպանության խնդիրը, ինքնաբերաբար կվերականգնվի Մասրիկ գետի ավազանի նախկին բնական պայմանների ամբողջ համալիրը եւ չվող թռչունները տարվա տաք ամիսներին նորից կբնավորվեն իրենց՝ դեռեւս չմոռացված տարածքներում։ Եվ այդպես կվերականգնվի բնության խախտված ընթացքը, ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Իսկ թե ինչպես լուծել Սեւանա լճի պահպանության խնդիրը, դրան անդրադարձել եմ բազմիցս։ Վերջերս հրատարակվեց «Փրկենք Սեւանը» գրքույկս, որտեղ, ըստ էության, համակողմանիորեն քննարկված են լճին վերաբերող հիմնական հարցերը։ Կցանկանամ, որ Սեւանի փրկության իմ առաջարկությունը դառնա գիտական լուրջ քննարկման առարկա, մանավանդ որ ես դրա հետ եմ կապում նաեւ բնապահպանության հարցերը, այդ թվում նաեւ չվող թռչունների չվերթի վերականգնումը։ Գ. ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Պարմանի» հիմնադրամի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել