Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Էնյեն-Լը-Բան քաղաքում ավարտին է մոտենում շախմատի 17-րդ կարգի միջազգային ներկայացուցչական մ

Ապրիլ 21,2001 00:00

ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՌՋԵՎՈՒՄ Է Ֆրանսիայի Էնյեն-Լը-Բան քաղաքում ավարտին է մոտենում շախմատի 17-րդ կարգի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը։ Մրցաշարից առաջ դիտորդները հաղթողի գլխավոր հավակնորդներ էին համարում հոլանդացի Լյուկ Վան Վելլիին, ֆրանսիացի Ժոել Լոթյեին, ռուսաստանցիներ Եվգենի Բարեեւին եւ Ալեքսանդր Գրիշչուկին։ Ոչ շատ հաճախ նշվում էր նաեւ Հակոբյանի անունը։ Հայ շախմատիստը այստեղ մեկնարկեց հաջող, բայց առանց ավելորդ զգացմունքայնության։ Մրցաշարի ընթացքում աստիճանաբար մեծացնելով վաստակած միավորների քանակը, նա մրցակիցների համար, թերեւս աննկատ, աղյուսակի միջին հորիզոնականներից սահեց վեր ու վերջին տուրից առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարը։ Հատկանշական է, որ հայ շախմատիստը յուրաքանչյուր հերթական տուրում ուժերը չափում էր ավելի փորձառու եւ ուժեղ մրցակիցների հետ։ Մասնավորապես, 8-րդ տուրում Վլադիմիրը, ընտրելով ճիշտ տակտիկա, միավորը բաժանեց Բարեեւի հետ։ Խաղաղությամբ բաժանվեցին նաեւ ֆրանսիացիներ Էտյեն Բակրոն եւ Ժոել Լոթյեն, Լորան Ֆրեսսինեն եւ Քրիստիան Բաուերը։ Իսկ ահա Վան Վելլին եւ մոլդավացի Վիկտոր Բոլոգանը համապատասխանաբար պարտության մատնեցին Վլադիսլավ Տկաչովին (Ֆրանսիա) եւ Ալեքսանդր Գրիշչուկին։ Ութ տուրից հետո Հակոբյանը 5,5 միավորով պահպանում է միանձնյա առաջատարի դիրքերը։ Նրանից կես միավոր պակաս են վաստակել Բարեեւը, Լոթյեն, Բակրոն, Վան Վելլին։ Նրանց հաջորդում են Բոլոգանն ու Գրիշչուկը՝ 3,5-ական միավոր, Ֆրեսսինեն՝ 3,0, Տկաչովը՝ 2,5, Բաուերը՝ 2,0։ Վերջին՝ 9-րդ տուրում Հակոբյանը սեւերով հանդիպելու է Ժոել Լոթյեի հետ։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել